‘Լիզա Ճաղարյան. Ձեր խեղճությունն է բտում նրանց անպատժելիության զգացումը’

4563

«Գեղում» մե՛կն էլ կանգնի, գերան կկոտրի:

Այդ մեկը իջեւանաբնակ ֆեյսբուքյան մի օգտատեր էր, որ նախորդ հոդվածիս համար ինձ ամոթանք տվող նախարարության մի աշխատակցի ի պատասխան՝ հենց Ֆեյսբուքում զգուշացրեց, որ շատ ավելին կարող է պատմել Իջեւանում տիրող իրավիճակի մասին։ Եվ ընդամենը մեկ «մանրուք» օրինակ բերեց՝ Աղստեւ գետի վրայի կենտրոնական կամրջի ճաղավանդակի մի մետրաչափ հատված պոկված է, եւ քաղաքապետարանից ուշադրություն դարձնող չկա։ Իսկ թե օրական քանի երեխա է քայլում այդ կամրջի վրայով, եւ ընդամենն այդ մետրաչափ հատվածն ինչպիսի ողբերգություններով է հղի, երեւի կարիք չկա մանրամասնելու։

Հիմա՝ «անհնարինն ակնհայտ»-ի մասին։

Ֆեյսբուքյան օգտատեր Գալինա Սարգսյանի այս ահազանգի հենց հաջորդ օրը կամրջի այդ հատվածը վերանորոգվեց։

Պարզվեց՝ ընդամենը մի քանի ժամվա գործ էր։

Ցանկությու՛նը չկար այդ գործն անելու։ Կամ՝ տեղյակ չէին։ Իրենք աշխատասենյակներում են «տքնում», հո չե՞ն չափչփելու փողոցները սովորական մահկանացուների նման։ Եթե նույնիսկ չափչփում են, ապա միայն ավտոմեքենաներով եւ անպայման սուրալով՝ այնպես, որ սովորական մահկանացու հետիոտնի ծնկները դողան, միաժամանակ երախտագիտության զգացումից արցունքոտվեն աչքերը՝ շնորհակալ եմ, որ վրայովս չանցաք։

Սա զուտ իջեւանյան իրավիճակ չէ, համայն հայաստանյան է։ Պարտադիր չէ ողջ Հայաստանը ոտքի տակ տաս՝ պատկերացնելու համար չինովնիկների ամբարտավան առօրյան, հազար անգամ տեսածդ, լսածդ ու ապրածդ։

Եվ քանի որ ողջ Հայաստանու՛մ են իշխանավորները գրասենյակներում օրուգիշեր քրտնամխած «աշխատում», եւ քանի որ երթեւեկում են թիկնապահներով «պարուրված» ու արագասլաց ավտոմեքենաներով, եւ քանի որ նրանց ենթակաների առաջնային պարտականությունն իրենց շեֆերին քծնելն ու սիրաշահելն է, ոչ թե տանտիրոջ հոգատար հայացքով իրենց քաղաքում կամ գյուղում տիրող իրավիճակը գնահատելն ու իրենց հացուջուր տվող տերերին ահազանգելը, ահա այսպես՝ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր» օրեր են գլորում եւ ջղաձիգ շարժումներ են անում միայն այն ժամանակ, երբ իրենց հովվերգությունը «առանց անհարմար զգալու» խախտողներ են հայտնվում։

Եվ այսպես, կամրջի այդ հատվածը վերանորոգվեց շնորհիվ Իջեւանի մեկ բնակչի մեկ ահազանգի։

Հիմա հարց իմ սիրելի իջեւանցիներին եւ առհասարակ Հայաստանի մարզերի ու գյուղերի բնակիչներին. ընդամենը մեկ մարդ մեն-մենակ համարձակվեց ընդվզել ու հաջողության հասավ, պատկերացրի՞ք, թե ինչերի կարող եք հասնել, եթե կուչուձիգ չգաք, եթե չվախենաք, եթե ավելի շատ մտահոգվեք ձեր քաղաքի կամ գյուղի խնդիրներով, ոչ թե ախուվախ անեք, թե բա՝ ինչ կասի քեռուս տղեն կամ մորքուրիս աղջիկը, ոչ թե ճ կլասի որեւէ չինովնիկի հեռվից տեսնելիս խեղճանաք ու դողդողաք։ Նրանք ձեր հաշվին են այդպես կերած-խմած, կուշտուկուռ ու ինքնագոհ, ձեր լռությունն ու համակերպվածությունն է նրանց այդքան ամբարտավան դարձրել։ Ձեր խեղճությունն է սնում ու բտում նրանց անպատժելիության զգացումը։

Մտածեք։ Առանց չափազանցության՝ ձեր ճնշող մեծամասնությունն այլեւս ոչինչ չունի կորցնելու, բացի շղթաներից։

 

Նախորդ հոդվածը‘Պուչդեմոնի կողմնակիցները մտադիր են ստեղծել Կատալոնիայի խորհուրդ’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ դումա. Լեհերը կզղջան սովետական զինվորների հուշարձանները քանդելու համար’