‘Լիզա Ճաղարյան. «Ճնշում են, չեմ դիմանում։ Ճնշում են, Մերուժան, ես չեմ դիմանում…»’

5474

Քանի որ հիմա Հայաստանի նոր իշխանությունը՝ զանազան-զարմանազան «անմեղ հալածյալ» հանցագործների ամբարտավան աղաղակների ու դավադիր նենգությունների ուղեկցությամբ է փորձում երկրում օրինականություն հաստատել, եւ դրանցից ամենաաղմկարար «անմեղը» Քոչարյան Ռոբերտն է՝ իր պաշտպանների նվագակցությամբ, արժե կրկին վերադառնալ վերջերս հրատարակված Վասակ Դարբինյանի «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գրքի մի քանի դրվագի։

Այս գիրքը, արդեն ասվել է, միայն Վանոյի մասին չէ, նաեւ այն ժամանակահատվածի պատմությունն է, որի շրջանում ապրել ու գործել է գրող եւ պետական-քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը, եւ այդ տարիների իրական Հայաստանը ճանաչելու, ոչ թե պատերի տակ «ծլարձակած» մոլախոտ-բամբասանքներով առաջնորդվելու փոխարեն՝ արժե ունենալ այս գիրքը եւ ընթերցելուց հետո սեփական ինքնուրույն հետեւություններն անել՝ ե՛ւ Վասակի զրուցակիցների անցած ճանապարհը չափել-ձեւելով, ե՛ւ հասարակության շրջանում այդ մարդկանց անաչառության մասին ձեւավորված տեսակետները հաշվի առնելով։

Եվ ուրեմն, թե ինչու որոշեցի հատկապես երկու զրուցակիցների առանձնացնել եւ որոշ հատվածներ ներկայացնել ընթերցողին, արդեն ասացի՝ պատճառը վերոնշյալ գլխավոր ամբաստանյալ, «անմեղ հալածյալ» Ռոբերտ Քոչարյանն է։

Պատմում են Վանո Սիրադեղյանի փաստաբան Վանյա Սուքիասյանը եւ բանաստեղծ Մերուժանը։ Պատմում են ընդդեմ Վանո Սիրադեղյանի դատավարության ընթացքի մասին։ Պատմում են իրարից անկախ, իրարից անկախ էլ՝ ճանաչում են դատավոր Ռազմիկ Թովմասյանին, որին էլ պարտադրվել էր ամեն գնով դատել Վանո Սիրադեղյանին։

Լսենք նրանց։

Պատմում է բանաստեղծ Մերուժանը. «Հերթական դատական նիստից առաջ, մինչ նիստն սկսելը ինձ զանգեց Ռազմիկ Թովմասյանը և ասաց. «Մերուժան, ինձ կանչել են Ռոբերտ Քոչարյանի մոտ»։ Ես ասացի. «Ո՞վ է կանչել»։ Ասաց. «Չգիտեմ։ Ինձ Աղվանը տեղեկացրեց»։ Խոսքը այդ ժամանակ Հանրապետության դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանի մասին է։ Երեկոյան գնացի նրա տուն, և նա ինձ պատմեց. «Եղբայր, եկան, ինձ վերցրին, մեքենայով տարան՝ Դավիթ Հարությունյանն ու Աղվան Հովսեփյանը։ Բարձրացրին նախագահական՝ Քոչարյանի նստավայր։ Այնտեղ հեռախոսազրույց ունեցան, ենթադրում եմ՝ հավանաբար Քոչարյանի հետ, ապա ինձ ասացին՝ դու ներս մի գա, մենք ներս մտնենք, հետո քեզ կհրավիրենք կամ ներսից կհրավիրեն։ Ես սպասեցի 40 րոպե. ոչ ոք դուրս չեկավ։ Իրենք մնացին այնտեղ այդքան ժամանակ, ի՞նչ որոշեցին, ի՞նչ խոսակցություններ տեղի ունեցավ նրանց միջև, և բացի Քոչարյանից ու իրենցից՝ էլի ո՞վ կար այդ նստավայրում՝ տեղյակ չեմ: Դուրս եկան, ասացին՝ գնանք… Ես էլ չհարցրի, թե ինչով կբացատրեն, ինչո՞վ էր պատճառաբանված, որ ինձ հրավիրել էին, եթե ես ներս չպետք է մտնեի։ Դուրս եկանք ու գնացինք…»։

Իսկ հիմա լսենք փաստաբան Վանյա Սուքիասյանին. «Դատավորը մի օր ասաց՝ Վանյա ջան… (դե, ես որ գնում էի, իր աշխատասենյակում նստում, զրուցում էինք, փսփսալով էինք խոսում, որ չգաղտնալսեն), վիճակս լավ չի, երկու քարի արանքում եմ… Հարցրի՝ լսիր, թերթում գրած էր, որ Քոչարյանի մոտ խորհրդակցություն է եղել, ու Վանոյին կալանավորելու հանձնարարություն է տվել, տեղյա՞կ ես: Ասաց՝ լսիր, ինձ էլ էին կանչել, ես էլ եմ նրանց հետ գնացել, բայց ինձ ներս չտարան, ինձ թողեցին դուրսը, իրենք մտան, բայց թե ինչ են խոսել, ինչ է հանձնարարել՝ ինձ չեն ասել… Պատկերացնո՞ւմ ես:

Հիմա: Մի օր էլ դատավորն ինձ ասաց՝ Վանյա, գիտե՞ս, որ ԿԳԲ-ն իմ ետևից ման ա գալիս, ինձ հետևում են: Մի՛ արի ինձ մոտ, որովհետև ինձ արդեն զգուշացրել են՝ Սուքիասյանն ինչու է մոտդ գալիս:

Մի այլ օր ասաց՝ ԿԳԲ-ն ինձ ասում է՝ քեզանից ինչ է գնում, դու էդ որոշումը կայացրու: Նույն բանն Աղվան Հովսեփյանն է ասում, ԿԳԲ-ի աշխատողն է ասում: Էդ որոշումը որ ես կայացնեմ, մի օր կառավարությունը փոխվի, ինձ չե՞ն հարցնելու՝ ո՞ր իրավունքով, ի՞նչ հիմքով ես կայացրել դա: Իմ հերը կանիծեն:

Ճիշտ ես հասկանում, ասացի, էդ բանը չանես»:

Նորից լսենք բանաստեղծ Մերուժանին. «Անցան օրեր։ Մի օր Ռազմիկն ասաց. «Մերուժան, ես պիտի հիվանդանամ»։ Ես մի պահ չհասկացա, ապա զգացի, որ արհեստական այդ հիվանդանալը լուրջ պատճառ պիտի ունենար, այսպես ասեմ՝ նա հո հենց այնպես, անտեղի չէր բռնի ու հիվանդանա, անհրաժեշտություն կար, ուրեմն, հիվանդ լինելու…»։

Այժմ նորից լսենք փաստաբան Վանյա Սուքիասյանին. «Եկավ էն պահը, որ դատավորն ինձ զանգեց, ժամադրեց: Գիշերվա ասեմ, թե առավոտվա 4-ին… Վեր եմ կացել, գնացել, ասաց՝ Վանյա, էս գիշեր իմ տնից չեն գնացել, հիմա էլ մեր տանն են էդ երկու հոգին, արդեն երեքն են… Ասել են՝ եթե էսօր դու էդ որոշումը չկայացնես, տղադ վթարի զոհ կդառնա: Ասաց՝ էսօր նորից էդ միջնորդությունը բերելու են, ստիպված, որ տղաս չզոհվի… ավելի լավ ա, որ եթե նոր կառավարություն լինի՝ էն ժամանակ իմ հերն անիծվի, քան թե հիմա՝ իմ տղայի… Դատավորը բառացի ինձ չասաց, որ պիտի կալանքի որոշում կայացնի, բայց հասկացա, որ տղային փրկելու համար ստիպված նման որոշում պիտի կայացնի: Ո՞ր ծնողը նման իրավիճակում չէր գերադասի փրկել իր զավակին…»։

Եզրափակենք բանաստեղծ Մերուժանի խոսքով (կրկին պատմում է դատավոր Թովմասյանի մասին). «Անցավ ժամանակ։ Զանգահարեց ինձ, ասաց. «Մերուժան, կարո՞ղ ես գալ մեր տուն»։ Իսկ նրա տունը իմ ամենօրյա տունն էր, որովհետև նա իմ հոգևոր եղբայրն էր, իմ ընկերը։ Ես գնացի։ Նա ասաց. «Ճնշում են, չեմ դիմանում։ Ճնշում են, Մերուժան, ես չեմ դիմանում… Իրեն էլ ասա (խոսքը Սիրադեղյանին էր վերաբերում)՝ թող մի բան մտածի իր մասին»։

Ինձ համար հասկանալի դարձավ, որ դատարանն իր խղճի դեմ գնալ չէր ուզում, բայց և ակնհայտ էր, որ դատարանն այլևս անզոր է դիմանալ ճնշումներին ու գուցե սպառնալիքներին և շարունակել պրոցեսը, ուստի նախագահողը ցանկանում է դատարանի դահլիճում այլևս չտեսնել Սիրադեղյանին…»։

Այսքանով բավարարվենք՝ հիշեցնելով, որ Վասակ Դարբինյանի «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գրքում իրարից անկախ գրեթե նույն սահմռկեցնող պատմությունները պատմող փաստաբանն ու բանաստեղծը ( եւ ոչ միայն՝ փաստաբանն ու բանաստեղծը) նույնքան եւ առավել հետաքրքիր ու ցնցող փաստեր են ներկայացնում շա՛տ «անմեղ» ու օրվա իշխանությանը դատարանի վրա ճնշումների գործադրման մեղադրանք ներկայացնող «արդարադատ» Ռոբերտ Քոչարյանի եւ նման «արդար» դատավարություններ «ստեղծագործելու» ոլորտում մրցակից չունեցող, բայց տարօրինակորեն մինչ օրս իր տանը խաղաղ ու անվրդով ապրող նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի մասին։

  

 

 

Նախորդ հոդվածը‘Forbes-ը կազմել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Մեղադրանք Դավիթ Սանասարյանին. ԱԱԾ’