‘Լիզա Ճաղարյան. Մենք ա՛յս իշխանությանը չենք արժանի’

2160

Ինչեր տեսանք, ինչեր լսեցինք ու ինչեր զգացինք այս դառնաղի օրերին:

Եթե սպանդի զոհերի հանդեպ կսկիծը չգերակշռեր, ու եթե սեւեռվեինք լեզվաշարժության հեղեղի վրա, մեծ էր վտանգը, որ այդ բառասոդոմգոմորից շնչահեղձ կլինեինք:

Հեռուներից «ազգից զզվողների» պակաս չկար: «Զզվելու» առիթներն էլ` լիքը: Մեկի գրական բարձր ճաշակն էր խոցոտվում փոքրիկ Սերյոժային նվիրված ցածրորակ ոտանավորների հոսքից: Մյուսին կատաղության էր հասցնում անմեղ զոհերի լուսանկարների առատությունը: Երրորդը Ֆեյսբուքում իր լուսանկարը չէր փոխարինել սեւ քառակուսիով ու վիրավորված` ոմն ամոթանք տվողից, ցեխն էր մտցնում «ձեւեր թափող» բոլոր «սեւ քառակուսիավորներին»: Աթեիստն Աստծուն հիշողներին էր հեգնում, Աստված կանչողն անաստվածներին դժոխքում այրվելու հեռանկարով էր սարսափեցնում:

Համակարգիչների դիմաց նստած «զորավարները» հրամաններ էին արձակում առ այն, որ փողոց դուրս եկած ու իրենց բողոքն արտահայտող գյումրեցիներն ու Հայաստանի քաղաքացիներն առհասարակ` «ճակատամարտը» մղեն քաղաքի կենտրոնու՞մ, թե՞ ոչ անհայտ արվարձանում, պատերազմ հայտարարեն ողջ Ռուսաստանի՞ն, թե՞ առայժմ բավարարվեն ռազմաբազան գրավելով: Եվ եթե իրենց հրամանները չէին կատարվում, ի՜նչ անկեղծությամբ էին փրփրակալում բազմոցներին փռված ինքնակոչ նապոլեոններն ու չինգիզխաները:

 «Շատ» սգացողներն անարգանքի սյանն էին գամում «քիչ» սգացողներին, «քիչ» սգացողները հեգնում էին «սգի սիրահարներին»: Ինչ-որ զարմանալի բան կար, հա՞, որ մարդիկ սգում էին այս սարսափելի ողբերգության համար: Թե՞ այդքան դժվար է հասկանալ, որ ողբերգությունն անչափելի է թվում, որովհետեւ վիրավորանքն է ահռելի չափերի. պատկերացրեք, մեկը ձեր տուն հյուր է գալիս, վայելում ձեր ջերմ ընդունելությունը, ուտում տանտիրուհու մատուցած համեղ կերակուրներն ու հենց կշտանում է, հանում է ավտոմատն ու կոտորում ձեռն ընկածին` մեծին ու փոքրին: Չէ՛, մի պատկերացրեք, անպատկերացնելի բան է: Ու այս անպատկերացնելին եկավ ու չոքեց գյումրեցու դռանը: Ա՛յն գյումրեցու, որն 88-ի երկրաշարժից հետո տասը հազարավորների հողին հանձնեց, ու թվում էր` է՞լ ինչը կարող էր ցնցել նրան: Որտեղ` հազարները, որտեղ` յոթը… Հազարներին բնական աղետը տարավ, յոթին` ջերմ հյուրընկալվածը: Դժվա՞ր է գիտակցել, թե ինչ ահավոր ցավ է, երբ հոգուդ մեջ են թքում:

…Հիմա, երբ վերջին անմեղ զոհը` փոքրիկ Սերյոժան, որը յոթ օրվա ընթացքում հասցրեց դառնալ բոլորիս եղբայրիկը, բոլորիս ձագուկը, բոլորիս թոռնիկը, ու մտովի բոլորս երազում էինք, որ առողջանա, ու մենք համբուրենք նրա թմբլիկ տոտիկները, թաթիկներն ու թշիկները (ասեք, որ բոլորդ, եթե մարդ եք, այս մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ ու հարյուր անգամներ մտովի ու հեռակա` հենց դրանով չեք զբաղված եղել) հողին հանձնվեց, ինձ ամենաշատ տանջող հարցը մեկն է` գոնե այսպիսի ծանրագույն օրերին ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆՔ ԽՆԱՅՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ…

Ինչո՞ւ միմյանց չեն խնայում այն մարդիկ, ովքեր` ռուսամետի «անպատվաբեր» պիտակ ունեն ճակատներին դաջված, թե արեւմտամետի՝ «շատ պատվաբեր» աստղ, կատաղի ազատասեր են, թե անհուսալի վախկոտ, բոլո՛րը, անխտի՛ր բոլորը Հայաստանի իշխանություն կոչվող ստրուկ-հաճկատար փալաս-փուլուսի զոհերն են այս պահին:

Վիրավորվեցի՞ք, որ ասում եմ` զոհեր ենք:

Վիրավորվեք: Ես էլ եմ վիրավորված: Մինչեւ ոսկորներս վիրավորված եմ, ու ոչ միայն հոգիս է տնքում, մարմինս էլ է վերքի պես ցավում:

Վիրավորվե՛ք, բայց նաեւ ընդունեք` քանի դեռ Սերժիկ Սարգսյանն ու իր հանրապետական թափթփուկն են որոշում, թե Հայաստանի քաղաքացիները ե՛րբ սգան իրենց վիշտը, կամ ե՛րբ տոնեն իրենց ուրախությունը, մենք զոհեր ենք:

Եվ իրար կրծոտելով` միայն ուժեղացնում ենք այս օրերին մեեեեեեծ կում արած ու մեր հոգու մեջ թքած սերժիկաթայֆային:

Մեր հոգիներում կուտակված զայրույթը, նեղսրտությունը, նույնիսկ չարությունը սխալ տեղերում ենք պարպում:

Բոլորս էլ թերություններ ունենք, բոլորս էլ սխալներ ենք արել, բայց որքան էլ թերություններ ունենանք, որքան էլ սխալներ արած լինենք, գոնե հիմա պետք է հասկանանք` ՄԵՆՔ Ա՛ՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆՔ ԱՐԺԱՆԻ:

Սա՛ պետք է հիշենք եւ մեր ողջ ուժը, կամքն ու զայրույթն ուղղենք մեր երկիրն այս հանցագործ, օտարից ավելի օտար «հայրենակիցներից» ազատագրելու անհետաձգելի նպատակին:

Հանուն յոթ անմեղ զոհերի հիշատակի, հանուն վիրավորանքից տնքացող Գյումրիի:

Հանուն Հայաստանի Հանրապետության:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանի մրցակիցը. «ՉԻ» ‘
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհները բաց են, Հայաստանի տարածքում առանց տեղումների եղանակ է’