‘Լիզա Ճաղարյան. Մեր կտուրը կաթում է’

15393

Ապրում ենք։

Քնում ենք, արթնանում ենք, եւ եթե «այս գիշեր շփման գծում համեմատաբար հանգիստ է», մի մեծ կում թթվածին ենք ներս քաշում, սրտի ծակոցին մի անկյուն ենք քշում, թեթեւացած շունչ ենք քաշում, փառք ենք տալիս Աստծուն, սուրճ կամ թեյ խմելու իրավունք ենք տալիս ինքներս մեզ, կում-կում անելիս աղաչում ենք այդ մեր Աստծուն, որ «համեմատաբար հանգիստ» լուսավոր լուրը կեսօրից հետո հերթական գույժով չխավարի, Ֆեյսբուքում ու կայքերում կիսախուփ աչքերով ենք նայում զինվոր պատանիների լուսանկարներին կամ չենք նայում, փախցնում ենք հայացքներս, որ նրանց երեխա-երեխա դեմքերը չտպավորվեն, որ շատ չհարազատանան՝ ախր հերոսանալու են դատապարտված, անզոր ճիգեր ենք թափում, որ պատերազմական իրադրության վիճակագրություն մնան, ոչ թե դառնան մեր զավակները, մեր եղբայրները, մեր հոգիների ամենաթանկ ու ամենացավոտ մասնիկները։

Ինքնապաշտպանական բնազդ է։ Որ չխենթանանք։ Որովհետեւ խենթանալու բան է։ Որովհետեւ երեկը ողբերգական էր, ներկան քամու բերանն ընկած տերեւ է, ապագան երեխա զինվորների հերոսանալու հույսին է։

Ապրում ենք։

Քանի որ սուրճն արդեն եփված է, կում-կում վայելում ենք, կողքից էլ մեր քույր Նինա Սիմոնը փորձում է մեզ շեղել նեղտարածքային վիշտուցավից, վախերից, տագնապներից ու մեծ աշխարհի հույզերի օվկիանոսում «խեղդել», եւ մեզ մի պահ թվում է, որ ահա՝ հաջողվեց գեթ այս մի օրը, Վանոյի ասած՝ հայ չլինել, հետն էլ՝ հայր չլինել, մայր չլինել, քույր չլինել, եղբայր չլինել, պարզապես մարդ չլինել, ու դրանից թեւ առած՝ ծիծաղ ենք փախցնում իրարից, հինունոր պատմություններ ենք հիշում, կարդացողներին ուրախացնում ենք մեր պատմություններով, իսկ այդ ուրախ պատմությունները մեր աչքերից նաեւ արցունք են քամում, որովհետեւ այս մեր ուրախությունը ձեւանում ենք, անհոգություն ենք խաղում, ծանր դրաման ցանցառ թամաշա ենք սարքում, ու մի պահ մենք մեզանից գոհ ենք թվում։

Ինքնապաշտպանական բնազդ է։ Որ չխենթանանք։ Որովհետեւ խենթանալու բան է։ Որովհետեւ երեկը ողբերգական էր, ներկան քամու բերանն ընկած տերեւ է, ապագան պատանի զինվորների հերոսանալու հույսին է։

Այսօր էլ հաջողվեց ապրել։ Հաջողվեց չխենթանալ։ Հաջողվեց գեթ մի պահ գրողի ծոցն ուղարկել մեր հուսահատությունը։ Որովհետեւ, հասկանում եք երեւի, այս հերոսական օրերին, երբ անարգ ոսոխը մեր դուռն է բախում, իսկ մեր փառապանծ իշխանությունն անձնազոհ պայքար է մղում երկիրն անդունդից հանելու համար (տեսնես՝ ո՞վ անդունդը նետեց այս մեր երկիրը), հուսահատվելը դավաճանություն է, թիկունքից հարված է մեր զինվոր երեխաներին, պարտվողական տրամադրությունը թշնամու ջրաղացին ջուր լցնել է, ու մեզնմաններին հրապարակի մեջտեղում կախաղան հանելն էլ է քիչ։

Բայց մենք գիտենք ախր, որ մեր հուսահատությունը պնդերես, անկոչ հյուրի պես մեր դռնից ներս խցկված հետեւանք է, հետեւանք է այն կպչուն, հյուծող, հալածող հիշողության, որ դժոխքի բերանն ընկած ու անտերության մատնվածությունից ճարահատ՝ հերոսացած հարյուրից ավելի զոհերը մեծահոգաբար թույլ են տալիս, որ չխենթանանք, բայց թույլ չեն տալու, որ իրենցից պատերազմական իրադրության վիճակագրություն «կերտենք», բոլորն անուններ ունեն, բոլորն ուզում էին ապրել, բայց ստիպված եղան հերոսանալ, իսկ ապրողներս ոչ խելագարվել ենք ուզում, ոչ էլ՝ հերոսանալ հենց հանուն ճարահատ հերոսացողների։ Բոլորը մայր ու հայր ունեն, որոնց մխիթարական խոսք ասելը հրեշավոր կեղծիք է, ի՞նչ մխիթարանք, շփոթահարությունից կարկամած ձեր Աստծուն մեռնեմ, կա՞ աշխարհում այն բառը, որ կարող է մխիթարել որդի կորցրած ծնողին։ Չկա։ Չգիտենք։

Իսկ ահա բոլորս գիտենք, թե ինչու այսպես եղավ, գիտենք, որ կարո՛ղ էր այսպես չլինել, գիտենք, որ թշնամին, դահիճն այստեղ է՝ մեր կողքին, մեր արգանդից է ծնվել, մեր հողից է սնվել ու մեր հողն է լափում, մեզ ծաղրում է, լկտի ու կուշտ ամբարտավանությամբ հռհռում է մեր աչքերին այնքան լպիրշ նայելով, որ մենք ենք մեր հայացքներն ամոթից փախցնում, մեզ կատարյալ ապուշի տեղ է դնում, ու մենք էլ կուլ ենք տալիս այդ անհատակ վիրավորանքը։ Բոլորս գիտենք, որ մեր զինվորների վրա կրակողներն ու նրանց կյանքը խլողներն ընդամենը հակառակորդներ են, որոնք պարզապես օգտվում են մեր ներսի թշնամու ու դահճի դավաճանական թողտվությունից։

Ո՞վ չէր օգտվի։ Գիտե՛նք, որ երբ մենք թատրոն ունեինք, նրանք դեռ ծառերի վրա թռչկոտում էին։ Բայց վաղուց են իջել ծառերից, երկու ոտքի վրա ուղիղ կանգնած են ու մեր պատկերացրածի կամ մեր ցանկացածի չափ ապուշ չեն, որ չօգտվեն մեր իսկ կոտրած ձեռքով մատուցած պատեհ առիթից։

Եվ ո՞նց չենք ուզում հասկանալ, որ կարեւորն այն չէ, թե ի վերջո՝ ոնց կավարտվի այս պատերազմը, կարեւորն ու սպանիչն այն է, որ երեկը ողբերգական էր, ներկան քամու բերանն ընկած տերեւ է, ապագան պատանի զինվորների հերոսանալու հույսին է։ Իսկ որ այդ մեր «կերտելիք» ապագան պատանի զինվորների հերոսանալու հույսին ենք թողել, ուրեմն՝ իրավունք չունենք որեւէ բան Խաղաղությունից ավելի կարեւորելու։

Սա համարեք ցուցմունք՝ իմ դավաճանական հուսահատության մասին։

…Շատ տարիներ առաջ մի պատմվածք սկսեցի գրել, որն այդպես էլ չդարձավ պատմվածք, եւ մի օր վերցրի ու պատռեցի այդ խզբզոցը, բայց իմ այդ չկայացած պատմվածքի չկայացած կերպար պատանին մի քառատող է անընդմեջ մրմնջում։ Երկու տողը հիշում եմ.

-Մեր կտուրը կաթում է,

Որբ ենք ես ու մայրս։

Ապրիլի սկզբից մինչ օրս այս երկու տողն ինձ հետ քնում է, ինձ հետ արթնանում, ինձ հետ սուրճ խմում, ինձ հետ ծիծաղում, ինձ հետ լաց լինում, ինձ հետ ապրում։

Հերն անիծած այսպես ապրելու։

Նախորդ հոդվածը‘Խաղաղ բնակիչները փախչում են Էլ-Ֆալուջայից’
Հաջորդ հոդվածը‘Համամարդկային ճշմարտությունները ճանաչելու համար շնորհակալություն չեն ասում’