‘Լիզա Ճաղարյան. Մի վճռական լիբերալի ելույթ` զոմբիական հեռախոսազանգի չարակամ հետապնդման ուղեկցությամբ’

2682

«Այսօրվա պես հիշում եմ այն ցրտաշունչ ձմեռային օրերը, երբ լիբերալ Արարատ Զուրաբյանը` ընդդեմ ԵՏՄ հայրենադավ պայմանագրի ստորագրման, որի նախաձեռնողը, ըստ պարզունակ տրամաբանության եւ ըստ աղաղակող փաստերի, Սերժիկ Սարգսյանն էր` խորհրդարանական ագրեսիվ մեծամասնության հետ միասին, ահա՛ մեր այս լիբերալ Արարատ Զուրաբյանն` իր ղեկավարած (՞) կուսակցության (՞) բազմահազար (՞) անդամների հետ կուրծք կրծքի, ձեռք ձեռքի, ոտք ոտքի եւ գլուխ գլխի կենաց-մահու կռիվ էին տալիս Ազատության հրապարակում, Ազգային ժողովի շենքի եւ Բաղրամյան 26-ի ոստիկանապատ դժնատեսիլ մատույցներում` կանխելու համար այն արհավիրքը, որը Դամոկլյան սրի նման կախվել էր Հայաստանի գլխին, եւ Արարատն էլ, բնականաբար` Զուրաբյան, բնականաբար` լիբերալ, բնականաբար` անձնազոհ, բնականաբար` վճռական, հասկանում էր, որ մեր հայրենիքի լինել-չլինելու հարցն է դրված Հայոց հերոսական պատմության զոհասեղանին, եւ այդ հանդիսավոր պահին… Չէ, կներեք, այդ պատմաբեկումնային պահին` ի՞նչ ապահով կյանք, ի՞նչ բիզնես, ի՞նչ սրճարան, առավել եւս ու մասնավորապես` ի՞նչ սրճարանի զուգարան:

…Պայքարը դաժան էր, անողոք եւ աննահանջ: Լիբերալ Արարատ Զուրաբյանը, բնականաբար, պայքարի առաջին գծում էր, եւ Հայաստանը ԵՏՄ-ի թաթի տակ խցկող Սերժիկ Սարգսյանի նենգ եւ բիրտ հարվածներն Արարատը` Զուրաբյան, ընդունում էր նույնքան հպարտորեն ու անձնազոհաբար, ինչպես լեռը մեր Բիբլիական, որին կամայականորեն կարող ենք ե՛ւ Սիս-Մասիս կոչել, ե՛ւ Մասիսներ առանց Սիսի, եւ իհարկե` Արարա՜տ…»:

-Ալլո՞… Ի՞նչ… Արարատ Զուրաբյանը վճռական պայքար մղելու նպատակով Կոնգրեսը լքելուց հետո ընդամենը մի քանի հարցազրույց  ու ասուլի՞ս է տվել տաքուկ աշխատասենյակում եւ Սերժիկ Սարգսյանի կամակատար լրատվամիջոցների՞ն… Ընդդեմ Հայ ազգային կոնգրեսի եւ նրա առաջնորդի՞… Բայց դուք ի՜նչ չարակամ, չարախոս, անհանդուրժող զոմբիներ եք: Այդ ի՞նչ ստեր եք դուրս տալիս, ես ախր այսօրվա պես հիշում եմ, որ լիբերալ Արարատը… Զուրաբյան… Մեր էն Բիբլիական սարի նման… անհողդողդ… անողոք… աննահանջ… Գնացեք գրողի ծոցը:

«Որտե՞ղ հասանք, սիրելի բարեկամներ: Հասանք Բիբլիական սարին մեր, որին կարող ենք ե՛ւ Սիս-Մասիս կոչել, ե՛ւ Մասիսներ առանց Սիսի, ե՛ւ իհարկե` լիբերալ Արարատ… Չէ, առանց լիբերալի Արարատ: Եթե իհարկե` խոսքը մեր Բիբլիական սարի մասին է: Իսկ եթե խոսքը Զուրաբյա՜ն Արարատի մասին է, ուրեմն` առանց լիբերալի գործը գլուխ չի գա: … Կհարցնեք` ի՞նչ գործ… Պատասխանեմ` ո՞նց թե` ինչ գործ… Սահմանադրական բարեփոխումների գործը, պարզ չէ՞… Կասեք` բայց Սահմանադրական փոփոխությունների հարցը նախաձեռնել է ԵՏՄ պայմանագիրը ստորագրող Սերժիկ Սարգսյանը, որի դեմ օրեր ու գիշերներ անողոք, անհողդող, աննահանջ պայքար մղեց Արարատ Զուրաբյանը` լիբերալ, եւ մի քանի չարակամ, չարախոս, անհանդուրժող զոմբիներ պնդում են, որ այդ փոփոխությունների նպատակն այդ նույն Սերժիկ Սարգսյանի եւ նրա ավազակախմբի վերարտադրումն է: Պատասխանեմ` համամիտ եմ, բա՜յց… Բայց կույր պետք է լինել չտեսնելու համար եւ խուլ պետք է լինել չլսելու համար, որ այդ նույն Սերժիկ Սարգսյանն այս նույն Արարատ Զուրաբյանին` լիբերալ, անձա՛մբ Սերժիկ Սարգսյանը` անձա՛մբ Զուրաբյան Արարատին` լիբերալ, երդում-կրակ է կերել, որ ինքը ո՛չ ուզում է վարչապետ դառնալ, ո՛չ նախագահ, ոչ էլ (անձա՛մբ Զուրաբյան Արարատին է ասել` լիբերալ)` Ազգային ժողովի նախագահ…»:

-Ալլո… Ի՞նչ… Էդ երբվանից է Արարատ Զուրաբյանը սկսել հավատալ Սերժիկ Սարգսյանի երդումների՞ն… Դե, ի՞նչ իմանամ, երեւի հենց այն ժամանակվանից, երբ այդ նույն Սերժիկ Սարգսյանի ցուցումով Ազատության հրապարակին կից իր սրճարանի զուգարանի դուռը փակեց ցուցարարների առջեւ: Վա՛յ, էս ինչ ասացի… Ալլո, երեւի այն ժամանակվանից, երբ հասկացավ, որ Հայ ազգային կոնգրեսն այս պատմաբեկումնային պահին ի զորու չէ հաղթելու սերժիկսարգսյանական բանդային: Կյանքը մի անգամ է տրվում, մի անգամ ենք ապրում, հո կրակը չե՞նք ընկել էս երԳրի ձեռը, ա՛յ ախպեր, սաղս էլ ուզում ենք աԲրենք, դե՛ աԲրելու համար էլ պԸտի Սերժիկ Սարգսյանի թրի տակով անցնենք… Վա՛յ, էս ինչ ասացի… Կորեք գրողի ծոցը:

«Սիրելի հայրենակիցներ, ու՞ր հասանք: Այո՛, հասանք այնտեղ, որ Սերժիկ Սարգսյանն անձա՛մբ Զուրաբյան Արարատին` լիբերալ, ասել է… Արդեն ասացի` ինչ է ասել… Զուրաբյան Արարատն էլ` լիբերալ… Չէ՛, Բիբլիական… Չէ, ոնց որ թե` լիբերալ… Թե` անհողդողդ, աննահանջ… Թե` զուգարան… Մի տեսակ հավեսս փախավ, սիրելի հայրենակիցներ: Էս ինչքան չարություն է կուտակվել էս ժողովրդի մեջ, թանկագին վճռականներ, սիրելի լիբերալներ, աննման անաչառներ… Չեն թողնում ապրենք… Քչփորում են, քչփորում են… Մարդ չեն, էլի… Ոչ իրանք են աԲրըմ, ոչ մեզ են թողնում` աԲրենք: Վե՛րջ, արտագաղթում եմ, սա երԳիր չի»:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը պայքարում է քնի դեմ «Եվրանեսթի» նիստի ժամանակ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ «Ռեալի» հարձակման եռյակը` ընդդեմ «Բարսելոնայի» եռյակի’