Լիզա Ճաղարյան. Մղձավանջ, մղձավանջ մինչեւ վերջ

3334

Իշխանության հասնելուց հետո, սին պոռոտախոսությանը զուգընթաց, իր բոլոր խոստումները շռնդալից տապալած, պատերազմի արհավիրքն ամենազարհուրելի հետեւանքներով Հայաստանին ու Արցախին «մատուցած» Նիկոլ Փաշինյանի` սեփական ապիկարությունն ու անկարողությունը այլ մեղավորների վզին փաթաթելու հերոսական կեցվածքը ոչ մեկի այլեւս չի զարմացնում։

Ում էլ որ զարմացնում է դեռ` մի «ծանրակշիռ» պատճառ հաստատ կունենա։

Ամեն անգամ, երբ Փաշինյանը հերթական խայտառակությունից հետո լծվել է հերթական մեղավորներին բացահայտելու տմարդի գործին, ինքս ինձ հարց եմ տվել միշտ` ո՞վ կամ ովքե՞ր են հաջորդը։

Խոստովանեմ. ինչ ասես եւ ով ասես` մտքովս անցել են, բայց Ադրբեջանում տառապող մեր գերիները` երբեք։

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի պարագայում նման հրեշավոր միտք գլխումս չի ծագել։

Ո՛չ թե` որ ՀՀ «մեծարգո»–յի ուղեղում չէր կարող նման ստոր ու անմարդկային մեղադրանք ծնվել, այլ որ կարծում էի` այլոց վախկոտության համար մեղադրողը մոռացած չի լինի, թե նոյեմբերի 9–ի անիծյալ փաստաթղթի ստորագրումից հետո որտեղ էր գտնվում ինքը եւ որտեղից էր հոխորտում վախից այլակերպված դիմախաղով։

18–20 տարեկան պատանիներին անարգանքի սյանն է գամել, որ, հայտնի չէ, թե ինչ պայմաններում, հայտնվել են մինչեւ ատամները զինված հակառակորդի ճանկերում, եւ եթե նույնիսկ վախեցել են, եթե հասկացել են, որ դիմադրելը մահվան է հավասար ու հանձնվել են, ցանկությունն ի՞նչ էր այս պարոնի։ Հինգ հազար անգին զոհ ենք տվել ընդամենը 44 օրվա ընթացքում, մինչ օրս անտերունչ աճյուններ ունենք, Աստված գիտի` որ թփի տակ, որ սեւ սարում… Եվ այս անափ կսկիծից հետո «բոլորին սիրող» էս պարոնը, թվում է, պետք է դողար յուրաքանչյուր զինվորի կյանքի համար, բայց չէ, պարզվում է` քաջ վարչապետ Փաշինյանը դժգոհ է, որ մնացածներն էլ չեն զոհվել։

Դե, զոհված լինեին, կգնար մի քանի անգամ կչոքեր շիրմաքարերի մոտ, ու էսօրվա օրով մեր գերիներին վերադարձնելու իր խղճալի անկարողությունը ողջ մերկությամբ չէր փռի «հպարտ» քաղաքացիներիս ոտքերի տակ։

Ինքը, փաստորեն, քաջ է ու կարող է հեռակա դատել գերեվարվածներին։ Այնքան քաջ է, որ նույնիսկ չի համբերում` հակառակորդի բանտերում խոշտանգվող մեր տղաները Հայաստան վերադառնան, հետո` «քաջաբար» դատի։ Այնքան քաջ է, որ չի էլ պատկերացնում, թե հիմա ինչ վիճակում են այդ տղաները` լսելուց հետո (հո մտքով չի՞ անցնում, որ ադրբեջանցի «կլյուչնիկները» խնայելու են տղաներին ու «աչքալուսանք» չեն անելու, թե ինչ «սիրով» են Հայաստանում սպասում իրենց զավակներին) իր եւ իր լարովի թութակների գնահատականներն իրենց մասին։

Այնուամենայնիվ, գուցե ես լավ չեմ հիշում, ինչ–որ բան խառնում եմ. բունկերում չէ՞ր պարոն մեծարգոն 2020 թվականի նոյեմբերի 9–ին հաջորդած գիշերը։ Ումի՞ց էր թաքնվել. ադրբեջանցիների՞ց։ Չէ, սեփական ժողովրդից էր թաքնվել։ Հենց այն ժողովրդից, որին այդպես «սիրում էր», հետն էլ` հո չէ՜ր «հպարտանում»։

Հիմա էլ Հայոց բանակի կեսի չափ զորք ունի իր անվտանգությունն ապահովող, դիպուկահարների գումարտակի մասին` էլ չասեմ։ Վախենո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը։ Անկասկած։ Ումի՞ց է վախենում. ադրբեջանցիների՞ց։ Ոչ եւ դարձյալ` ոչ։ Վախենում է Հայաստանի քաղաքացիներից։

Ստացվում է` Նիկոլ Փաշինյանը կարող է վախենալ իրեն ընտրած Հայաստանի քաղաքացիներից ու միաժամանակ բարոյական իրավունք ունի հոխորտալու ուրիշների վախկոտության մասին, ընդհուպ` մահվան երախում գտնվող մեր գերեվարված տղաների…

Եվ քանի դեռ «ստացվում է», ու Նիկոլը շարունակում է որոշել մեր պետության ճակատագիրը, ի՞նչ եք կարծում` երբ այս «մեծարգոն» հերթական «անակնկալը» կմատուցի Հայաստանին, ովքե՞ր են «մեղավոր» հայտարարվելու։

…Նույնիսկ մտածելուց փշաքաղվեցի։

Նախորդ հոդվածըՓոխհրաձգություն սահմանի արևելյան ուղղությամբ․ Հայկական կողմն ունի զոհ եւ վիրավորներ
Հաջորդ հոդվածըՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողի անունը, եւս վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր