Լիզա Ճաղարյան. Նախանձելու բան եք գտել

2073

Մտածում ես` սոցցանցերում ու հատկապես Ֆեյսբուքում «եփվող» ո՞ր մի անհեթեթությանը հակադարձես, եթե դրանք այնքան շատ են, որ այդ պղտոր հեղեղի մեջ եթե մի տրամաբանական խոսք ես կարդում, աչքերիդ չես հավատում` գնում–գալիս ու նորից ես կարդում, հետո` նորից ու նորից, որ համոզվես` աչքիդ չի երեւացել։

Այնուամենայնիվ, հաճախ կրկնվող դրանցից մեկին անդրադառնալու կարիք երեւի կա։ Հպանցիկ` իհարկե, որովհետեւ դրանից ավելիին արժանի չէ։

Նիկոլ Փաշինյանի համակիրները սիրում են «տեղը նստեցնել» իրենց մեծարգոյի քննադատներին` շպպացնելով նրանց երեսին, որ քննադատում են նրան, որովհետեւ նախանձից տրաքում են։

Ամենեւին չբացառելով, նույնիսկ շատ բնական ու օրինաչափ համարելով, որ երկրի «գահին» հասածին կարող են նաեւ նախանձողներ լինել, ամենայն ջանասիրությամբ փորձում եմ մի պատճառ գտնել` ինչի համար հնարավոր է նախանձել մեր երկրի ներկա պահի ղեկավարին ու, մեղքս ի՞նչ թաքցնեմ, չեմ գտնում։

Չէ, չեմ հիշեցնելու այն արհավիրքները, այն կսկիծն ու ցավը, այն անդառնալի կորուստները, որ մեր գլխին թափվեցին այս մարդու օրոք, ոչ էլ մեկ–մեկ թվարկելու եմ, թե ինչպիսի խոստումներով իշխանության հասավ ազատ խոսքի ու ժողովրդավարության այս «մունետիկը», եւ թե ինչպես սկսեց հերթով–շարքով  իր խոստումների ճիշտ հակառակն անել` նույնիսկ տեղ–տեղ գերազանցելով նախկին երկու ղեկավարներին։

Այս «նախանձելի» մարդն իր վարչապետական գործունեությունն սկսեց հեծանիվով, իսկ հիմա առանց հսկա թիկնազորի ու դիպուկահարների «ընկերակցության» քայլ չի գցում։ Հիմնավորվա՞ծ է նրա վախը։ Անկասկած։

Եթե մի պայծառ օր այս «նախանձելի» մարդն այլեւս Հայաստանի վարչապետը չլինի եւ զրկվի իր անվտանգությունն ապահովողներից, կարո՞ղ է Հայաստանում հանգիստ ապրել այնպես` ինչպես ապրում էր մինչեւ վարչապետ դառնալը։ Ինքն էլ  գիտի, բոլորս էլ գիտենք, որ չի կարող։ Այդ «հիմնավորված վախը» սապատի պես միշտ կպած է մնալու Նիկոլ Փաշինյանի մեջքին։

Միայն հոգեկան խնդիրներ ունեցողները կարող են նախանձել մի մարդու, որը հավասարապես դավադիրներ է փնտրում ու տեսնում ե՛ւ հակառակորդների, ե՛ւ մերձավորների շրջանում, եւ եթե խղճի կաթիլ դեռ պահել է իր հոգում, ուրեմն` գիշերներն անքնությունից պատեպատ է զարկվում սգավոր հազարավոր ծնողների տնքոցներն ականջների մեջ, երազում տեսնում է «դժգույն» Շուշին ու Հադրութը, դատարկվող սահմանամերձ գյուղերը, խոստացված ապագան չտեսնող ու երկիրը լքող տասնյակ հազարավորներին, ամեն օր ամբարտավան կեցվածքով իրեն ստորացնող ու անպատասխան մնացող Ալիեւին ու սառը քրտնքով պատված` ամեն առավոտ արթնանում է փշաքաղված…

Լույսը բացվում է, բարին հե՞տը։

Չէ, «նախանձելի» այս մարդուն ամեն առավոտ դիմավորում է ճնշող, սպանիչ անորոշությունը։ Ոչ գլուխը բարձին դնելիս, ոչ էլ բարձից պոկելիս` նա չգիտի, թե իր ղեկավարած երկրում այդ օրն ինչ է սպասվում։ Որովհետեւ այդ երկրի ղեկն իր ձեռքին չի վաղուց։

Ես այս «նախանձելի» մարդու հոգեվիճակը ներկայացրի այնպես, ինչպես որ պիտի լիներ, եթե այդ մարդն իշխանության հասնելուց հետո իսպառ չի կորցրել մարդկային դեմքը։

Եվ ուրեմն, եթե այնքան լավատես լինենք ու կույր ձեւանանք` վերագրելով այդ «նախանձելիին» մարդկային այս տառապանքները, ապա` ի՞նչ նախանձ. բացի խղճահարությունից` ուրիշ ոչ մի զգացում չենք կարող ունենալ մեծարգո վարչապետի նկատմամբ։

Իսկ եթե, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք նախանձում են նրան, այս առիթով հիշեցնեմ «հեղափոխական» Նիկոլի կյանքից մի դրվագ։ Իշխանության հասնելուց հետո մի օր նա ուղիղ եթերում ցուցադրեց կառավարական առանձնատները, դժվար թե մոռացած լինեք։ Այդ «ցուցքը» դիտելիս, Նիկոլի հաճույքից փայլփլող աչքերը տեսնելով` մի հին անեկդոտ հիշեցի այդ ժամանակ։ Մի թզուկ ամուսնանում է հսկա կնոջ հետ եւ, այդ կնոջ մարմնի վրայով վազվզելով, անընդհատ կրկնում է` էս սաղ իմն ա, էս սաղ իմն ա, էս սաղ իմն ա…

Մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին կարող են նախանձել եւ նախանձում են միայն նրանք, ովքեր երազում են, որ էդ «սաղ»` գումարած վարչապետական ընտանիքի զգեստապահարանի չուլուփալասը, իրենցը լինի։

Եվ սեփական արշինով էլ չափում են ուրիշներին։

Նախորդ հոդվածըՀրաժարականից շուրջ քառորդ դար անց․ Հրապարակ
Հաջորդ հոդվածըԱպագայի հարամված հույսը․ ՉԻ