‘Լիզա Ճաղարյան. Նարեկ Սարգսյանի ու իր տերերի փողը քչություն է անում’

3323

Ամեն Աստծո օր իրական Հայաստանն իր «բարի լույսն» սկսում եւ «բարի գիշերն» ավարտում է չարագույժ լուրերով` աղետալի չափերի հասնող արտագաղթի, սոցիալական ծանրագույն վիճակում գտնվող բնակչության,  աղետի գոտում մինչ օրս «դոմիկներում» անմարդկային պայմաններում գոյություն քարշ տվող հարյուրավոր ընտանիքների, իրենց հիվանդ երեխաների փրկության համար օգնություն աղերսող ծնողների մասին: Հուսահատ մարդիկ մայրուղիներ են փակում, սպառնում են ծայրահեղ քայլերի դիմել, նույնիսկ ինքնահրկիզվել:  

Թվում է, այս իշխանություն կոչվածը պետք է գիտակցի, որ դանակը ոսկորին է հասել, պետք է օրուգիշեր մտածի` թեկուզ սեփական աթոռների եւ դիզած հարստության պահպանման համար, թե ինչ անի, որ հասարակության օրավուր ավելացող ցասումն ու ատելությունը մեղմի:

Չէ, «հեքիաթային» Հայաստանում այլ իրավիճակ է. այստեղ պալատական սազանդարները օրուգիշեր ծլվլում են, թե ոնց է ծաղկում երկիրը, ինչ շշմեցուցիչ հաջողությունների է հասել Սերժիկ Սարգսյանը մեր դրախտավայրում եւ դրախտավայրից անդին, ոնց են Հայաստանի անձնազոհ իշխանությունները տքնում հանուն մեր երկրի բարօրության, ոնց են տառապում, հալվում ու մաշվում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, որ հանկարծ մեկնումեկի գլխից մազ չպակասի: Եւ քանի որ ծաղկում է երկիրը, Հայաստանի բոլոր քաղաքացիներն էլ ապրում են գոհ ու երջանիկ, չաղ ու բախտավոր, բոլոր խնդիրներն էլ լուծած-պրծած են, բնական է, չէ՞, որ մեղվի պես զօրուգիշեր բզզացող իշխանությունները պետք է փնտրեն ու նոր գործ գտնեն: Հո պարապ չե՞ն նստելու:

Գտել են: Որոշել են Հանրապետության հրապարակը «վերակառուցել»: Եւ որպեսզի պատկերացնենք, թե ինչ «պայծառ» ապագա է սպասվում երեւանցիների սիրելի հրապարակին, ընդամենը «աչքալուսանք» անենք, որ այս գաղափարի գլխին կրկին կանգնած է բոլոր ժամանակների մեծագույն ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Հենց այն նույն Նարեկ Սարգսյանը, ում օրոք Երեւանն այլանդակվեց անճանաչելիորեն, Հյուսիսային պողոտա կոչեցյալ խառնիճաղանջ «ագռավանոցը» շինվեց` հարյուրավոր ընտանիքների արցունքների ու անեծքների «բարձր հովանու ներքո», կանաչ տարածքները թաղվեցին ասֆալտի, խաշանոցների, զանազան անճոռնի «օբեկտների», անմարդաբնակ բարձրահարկերի տակ:

Ահա այս Նարեկ Սարգսյանի եւ իր տերերի ջանը կրկին քոս է ընկել: Տարիներ առաջ Քոչարյան Ռոբերտի ճաշակով Հանրապետության հրապարակում փռած «խալիչան» երեւի քիչ էր, հիմա էլ «աբոյ» կպցնելու ժամանակն է:

Լիզա Ճաղարյան

 

Նախորդ հոդվածը‘Omnia Vanitas. Շինե՛նք, շինե՛նք մինչև վե՛րջ, կամ մի մրցույթի հետքերով’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության պարզաբանումը քաղաքացուն հարկադրաբար հոգեբուժարան տեղափոխելու վերաբերյալ’