‘Լիզա Ճաղարյան. Ներեցեք, բայց ես էլ ձե՛զ չեմ հավատում, պարոն Աբրահամյան’

8574

Ե՛վ նախկինների օրոք, ե՛ւ հատկապես հիմա, երբ սոցկայքերն ու հեռուստաալիքները ողողված են քննադատության եւ բացախոսության անվան տակ սելավի պես հոսող կեղծիքներով, հերյուրանքներով, անթույլատրելի մակարդակի հայհոյախոսություններով, գուցե տարօրինակ թվա, եթե ասեմ՝ սրանք այդքան վտանգավոր չեն, որքան թվում են։ Ի վերջո, քիչ թե շատ տրամաբանություն ունեցող ընթերցողը կամ ունկնդիրը կարող է մերկապարանոց սուտն ու իրականությունը զատել իրարից։ Դե, իսկ ցանկացած լրատվական աղբ կուլ տվողին ոչնչով չես կարող օգնել նախեւառաջ այն պատճառով, որ այս մարդիկ չեն էլ փորձում տրամաբանել, որովհետեւ չեն ուզում, սրանց շատ է դուր գալիս աղբի հոտը։ Համն էլ՝ հետը։

Անհամեմատ վտանգավոր են բարեկիրթ, ինտելեկտուալ եւ պրոֆեսիոնալ այն լրագրողները, որոնք, առաջին հայացքից թվում է՝ պահպանում են անաչառությունը, սակայն շատ սուր աչքի կարիք չկա նկատելու համար, որ այս մարդիկ համահարթեցման ուղին անշեղորեն բռնած, արդարին անարդարի հետ նույն նժարին դնելով՝ միանգամից երկու հարց են լուծում. արժեզրկում են արդարին եւ նրա հետ նույն նժարին դնելով անարդարին՝ բարձրացնում են սրա վարկը։

Այս ոլորտում «Առավոտ» թերթի խմբագրի հետ որեւէ մեկը կարո՞ղ է մրցել։ Շատ եմ կասկածում։ Նախապես ասեմ, որ Արամ Աբրահամյանի հետ ոչ մի անձնական խնդիր չունեմ, տարիներ առաջ աշխատել եմ «Առավոտ» թերթում եւ բարեկամաբար ենք բաժանվել։ Խոստովանեմ նաեւ, որ հաճույքով չեմ գրում այս տողերը, ինչպես որ բազմաթիվ անգամ ցանկություն եմ ունեցել գրելու պարոն Աբրահամյանի հատկապես Առաջին նախագահին երկրորդի ու երրորդի հետ նույնացնելու «պրոֆեսիոնալ» եւ հետեւողական ջանքերի մասին։ Մտածել եմ, բայց չեմ գրել, եւ մտածածս բոլորովին էլ պարոն Աբրահամյանի օգտին չի եղել, որովհետեւ ով-ով՝ «Առավոտ»-ի խմբագիրը շատ-շատերից լավ գիտեր, որ թալանչիներին չեն համեմատում մի մարդու հետ, որը նույնիսկ նախագահի աթոռին նստած ապրել է գիտնական մտավորականի նիստուկացով, եւ որի դեմ «գործ սարքելու» համար մի ողջ հանձնաժողով էին ստեղծել քոչարյանականները, եւ այդպես էլ գեթ մեկ կրպակ չգտան, որը սեփականած լիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Այս անգամ «Առավոտի» խմբագրի համահարթեցման նժարին հայտնվել է Վահե Գրիգորյանը, եւ քանի որ Վահեն անցյալ չէ՝ ապագա է, լռելը դժվար է։

Ինչպես միշտ, այս խմբագրականում նույնպես պարոն Աբրահամյանը մի քիչ քարկտիկ է խաղում նախկինների եւ նրանց ժառանգություն թողած Սահմանադրական դատարանի հետ եւ սահուն անցում կատարում Վահե Գրիգորյանի թեկնածության դեմ. «ՀՀԿ-ն ուզում էր վերահսկեր Սահմանադրական դատարանը եւ այնտեղ էր գործուղում «ՀՀԿ-ամետ» Հրայր Թովմասյանին, «Իմ քայլը» նույնպես ցանկանում է ՍԴ-ն իր վերահսկողության տակ պահել (հակառակ պնդումներին ես, ներեցեք, չեմ հավատում) գործուղում է «իմքայլամետ» Վահե Գրիգորյանին»:

Հավատում է «հակառակ պնդումներին», թե չի հավատում պարոն խմբագիրը՝ իր գործն է, բայց իրականությունն իր մաշված մամլիչի տակով անցկացնելու «անմեղ» թուլությունը նկատելն էլ յուրաքանչյուր ընթերցողի գործն է, գումարած՝ իմ գործը։

Նախ՝ Հրայր Թովմասյանին «ՀՀԿ-ամետ», իսկ Վահե Գրիգորյանին «Իմքայլամետ» ներկայացնող պարոն Աբրահամյանը դժվար թե մոռացած լինի, որ Հրայր Թովմասյանը ընդամենը «ՀՀԿ-ամետ» չէր՝ Հանրապետական կուսակցության անդամ էր՝ սրանից բխող հետեւություններով։ Երկրորդ՝ Վահե Գրիգորյանի փաստաբանական կենսագրությանը քիչ թե շատ հետեւած մարդը, մանավանդ՝ տրամաբանելու ընդունակ մարդը, պետք է վաղուց հասկացած լիներ, որ ՍԴ դատավորի այս թեկնածուին եթե հնարավոր լիներ «վերահսկողության տակ պահել», քսանամյա ավազակապետության տարիներին՝ շատ-շատերի նման սահուն քայլերով նա էլ կհայտնվեր իշխանական «վերահսկողության տակ» եւ կպաշտպաներ ոչ թե Հյուսիսային պողոտայի տնանկների եւ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ու տուժածների շահերը, այլ ոմանց նման այնքան կխփեր նալին էլ, մեխին էլ՝ միաժամանակ, մինչեւ նկատեին նրա «ճկուն եւ պրպտուն» միտքը ու, օրինակ, սերժական Սահմանադրությունը «քերթելու» գործն իրեն վստահեին։ Պետք է վաղուց հասկացած լիներ նաեւ, որ իրական ընդդիմությունը սովորաբար լծակներ չի ունենում «վերահսկողության տակ» պահելու համար իր համակիրներին, եթե իր իշխանության տարիներին միլիարդներ չի թալանել՝ հետագայում այդ միլիարդներից ողորմություն շպրտելու համար այն վարձկաններին, որոնք ըստ վճարի չափի այս օրերին «ընդդիմություն» են աշխատում Քոչարյան Ռոբերտի ու ՀՀԿ-ականների վերահսկողության տակ։

Եվ ընդհանրապես, վստահ եմ՝ «Առավոտի» խմբագիրն այնքան տրամաբանելու հատկություն ունի, որ հասկանում է՝ Վահե Գրիգորյանին «երեսի զոռով» ուզում են անցկացնել ոչ միայն ներկա իշխանությունները, այլ նաեւ Հայաստանի այն բազմահազար քաղաքացիները, որոնք գործնականում են տեսել Վահեի պրոֆեսիոնալիզմն ու անկաշառությունը եւ այս դժվարին ճամփաբաժանին միայն նրա հետ են կապում արդարության հաստատման իրենց սպասումները։ Դատապարտելի բան կա՞ այդ ցանկության մեջ։ Չկա, բայց պարոն Աբրահամյանը պեղում է եւ «գտնում է»։

Եվ թե ինչու է պարոն Աբրահամյանն այս անգամ էլ պեղել եւ մեջտեղ բերել իր բազմաչարչար «նժարները», ինքը բոլորիցս լավ գիտի։

Բայց դե՝ մենք էլ դեռ չենք կորցրել տրամաբանելու հատկությունը։

Հակառակի պես։

Նախորդ հոդվածը‘Ռադայի պատգամավորը Պոռոշենկոյին համեմատել է թմրամոլի հետ’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ-ի ֆրանսիացի գրոհայինները դատապարտվել են մահապատժի’