Լիզա Ճաղարյան. Շատ պրպտուն միտք ունի «մեծարգոն»

854

Մի քանի տարի առաջ էլ էր Նիկոլ Փաշինյանն ուզում Սահմանադրությունը փոխել, հետո` փոխե՛ց, բայց` Սահմանադրությունը փոխելու միտքը։ Նույնիսկ հանձնաժողով էր ստեղծել։ Հիմա նորից որոշել է փոխել Սահմանադրությունը, այսինքն` այս անգամ էլ մի՛տքն է փոխել։

Իսկ ա՛յ դիրքորոշումը ոչ նախորդ անգամ էր փոխել, ոչ էլ` հիմա. ըստ նրա` կառավարման խորհրդարանական մոդելն ամենահարմարն է Հայաստանի Հանրապետության համար։

Որովհետեւ, ուշադրությո՛ւն, ինքը հիմա ավելի է համոզվել, «որ եթե 2020 թվականի հետպատերազմյան շրջանում մենք կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, մեր պետականության հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչ գուցե շատերն ուզում էին, որ տեղի ունենա»:

Հիշեցնում եմ հիշողությունը կորցրած հանրության այն հատվածին, որոնց համար Հայաստանի պատմությունն սկսվում է այս նույն Նիկոլ Փաշինյանով, որ Հայաստանը Արցախյան պատերազմում հաղթել է նախագահական կառավարման պայմաններում` ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական կառավարման տարիների, երբ «հաջողությամբ» կորցրինք ե՛ւ պատանիների մի ողջ սերունդ, ե՛ւ Արցախը։ Ավելին, երբեւէ Հայաստանը միջազգային ասպարեզում այդքան հեղինակություն չի ունեցել, որքան հենց այդ նույն նախագահական կառավարման շրջանի առաջին տարիներին։

Եթե ճանապարհի կեսին «մեծարգոյի» պրպտուն միտքը կրկին չփոխվի, եւ Սահմանադրությունը կարի–կարկատի «իր հագով», Հայաստանում ողջամտությունը դեռեւս չկորցրած ոչ մի մարդ հենց այս պահից կասկած անգամ չպետք է ունենա, որ բոլոր փոփոխությունները կատարվելու են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ցմահ ամրապնդելու նպատակով։
Ավելին, նախագահական կառավարումից խուսափելու պատճառն ընդամենը մեկն է` ստիպված էր լինելու բավարարվել երկու ընտրությամբ։

Հակառակ դեպքում` փառամոլությունից կուրացած այս մարդը դեմ չէր լինի, որ իրեն մի քանի տարի էլ ասեին` մեծարգո նախագահ։

Կարող է, իհարկե, իր «խաղաղասեր» հարեւանի պես երկու անգամ ընտրվելու հնարավորության վրա էլ քար գցել, բայց դե` այդ դեպքում եվրոպացիների հետ սիլիբիլիների գործն է դժվարանալու։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն 400 միլիոն եվրոյի պայմանագիր է առաջարկել Մբապեին
Հաջորդ հոդվածըԻտալիայի սուպերգավաթ․ «Ինտերը» հաղթեց «Լացիոյին» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)