‘Լիզա Ճաղարյան. Որտե՞ղ եք, ինչո՞ւ եք լռում, ֆուտբոլասերներ’

3833

Ես ֆուտբոլասեր չեմ:

Իսկ կար ժամանակ՝ էի: Այն էլ՝ ինչպիսի՜:

Ֆուտբոլից երես թեքեցի այն օրից, երբ ազգովի «թաղեցինք» Խորեն Հովհաննիսյանի նման փայլուն ֆուտբոլիստին: Դե, այն ժամանակ Հայաստանն անկախ չէր՝ Սովետմիության գաղութն էր, եւ Հայաստանի լավագույն հարձակվողին իրար ձեռքից խլխլել չէին կարող աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբները: Ընդամենը կարող էին ապշահարված հոդվածներ գրել, որ մի փոքրիկ Հայաստանում կա´ ուժերի ծաղկման շրջանում գտնվող Խորիկի նման ֆուտբոլիստ, որին հայերը հանգիստ խղճով փակեցին պատմության փոշոտ դարակներից մեկում: Ե´վ այն ժամանակ, ե´ւ հիմա ինձ չի հետաքրքրել ու չի հետաքրքրում՝ ճի՞շտ էին «թունդ հայրենասերների» մեղադրանքները Խորիկի հասցեին, թե՝ մտացածին: Խորիկը երիտասարդ տղա էր, որը կարող էր փառքի գագաթնակետին ե´ւ մեծամտանալ, ե´ւ սխալներ անել: Իսկ ի՞նչ է, մնացած ֆուտբոլիստները սխալներ չէի՞ն անում: Եթե նույնիսկ Խորիկն արժանի էր պատժի, կարող էր պատժվել մնացածների նման, որոնց հեռացնում էին կես տարով, երեք ամսով… Այսպես ասած՝ որ խելքները գլուխները գա: Չէ´, Խորիկին հեռացրին հավիտյանս հավիտենից (մեղքերի ծովում լող տվող Մարադոնան եթե հայ ֆուտբոլիստ լիներ, երեւի Հայաստանում վաղուց քառատած կլինեին նրան), եւ ես այդ օրից ոչ ֆուտբոլի երեսն էի ուզում տեսնել, ոչ ֆուտբոլիստների, ոչ էլ՝ ֆուտբոլասերների:

Հիմա էլ՝ Հենրիխ Մխիթարյանը:

Ֆուտբոլ չեմ նայում, բայց կարդում եմ ֆուտբոլասերների արձագանքները: Գիտեմ, որ Հենրիխ Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլիստ է, գիտեմ, որ մեծ ապագա է սպասվում մեր տղային: Գիտեմ, որ ֆուտբոլասերները հպարտանում են իրենց «Հենո»-յով:

Բա ու՞ր եք, ինչու՞ ձեններդ չի լսվում: Ձեր աչքի առաջ նոր ճակատագիր է խաթարվում: «Լիվերպուլը»  նկատել եւ գնահատել է մեր ֆուտբոլիստին, 23 միլիոն ֆունտ է առաջարկել «Շախտյորին», որը համաձայնել է այդ գումարի դիմաց հրաժարվել Հենրիխ Մխիթարյանից: Ու մեկ էլ պարզվում է, որ այդ գործարքը չի կարող կայանալ, որովհետեւ Ուկրաինայի չեմպիոն հայ ֆուտբոլիստի իրավունքների միայն կեսն է պատկանում իրեն, մյուս կեսը պատկանում է Նեմեց Ռուբոյին ու Օլեգ Մկրտչյանին:

Ես գաղափար չունեմ, թե ինչ է անելու եւ ասելու Հենրիխ Մխիթարյանը՝ արտերկրից դատարկաձեռն ու գլխիկոր վերադառնալուց հետո: Հնարավոր է նույնիսկ մի հուզիչ ասուլիս հրավիրի եւ ասի, որ հանուն Նեմեցի պատրաստ է ինքնահրկիզվել: Եվ առավել հավանական է, որ այդպես էլ կասի: Հո միայն ֆուտբոլիստներն ու ֆուտբոլասերնե՞րը չգիտեն, որ Նեմեց Ռուբոյին հակառակվելը հղի է ծանրագույն հետեւանքներով: Ողջ Հայաստանը գիտե:

Սակայն, ֆուտբոլասերները հո լա՞վ են հասկանում, որ իրենց սիրելի ֆուտբոլիստը ինչ-որ հղփացածների ագահության զոհն է դարձել, որ այս պատմությունն անհետք չի անցնելու, որ կոտրվեց երիտասարդ տղայի սիրտը, եւ Աստված գիտե՝ սրանից հետո նա կկարողանա՞ նույն սիրով ու նվիրվածությամբ խաղալ…

Ինչու՞ եք լռում, ֆուտբոլասերներ: Ինչու՞ եք հանդուրժում, որ Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլիստներին շահագործի ճորտերի պես: Չե՞ք հասկանում, որ այդ տղաները վախից են լռում, ոչ թե Նեմեց Ռուբոյի նկատմամբ անհուն սիրուց:

Ներող եղեք սիրողական մակարդակի «ելույթիս» համար, բայց ե՞ս պետք է ասեմ ֆուտբոլասերներիդ հսկա բանակին, որ ափսոս է Հենոն… Ինչու՞ եք թույլ տալիս, որ հղփացած եւ ագահ մարդիկ՝ իրենց գրպանները լցնելու համար ջարդեն երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստի ողնաշարը:  

Լիզա Ճաղարյան 

Նախորդ հոդվածը‘Գերմանիան փակել է Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրամիություն’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհը Լատվիայի նախագահի նստավայրում վնասել է ազգային մասունքները (տեսանյութ)’