Լիզա Ճաղարյան. Պարտկոմահոտ հեղափոխականը

2747

98–ի պալատական հեղաշրջումից հետո Հայաստանի իշխանության ղեկին հայտնվածների ու Նիկոլ Փաշինյանի միջեւ տարբերություն գտնելու համար այլեւս անզեն աչքն անզոր է։

Ուզենք, թե չուզենք` ստիպված ենք, նույնիսկ պարտավոր ենք խոստովանել, որ նախկին հեղափոխականի քայլերը ոչնչով չեն տարբերվում հատկապես եւ մասնավորապես Մետաքսի կոմբինատի նախկին պարտկոմի քայլերից։

Միակ տարբերությունը, թերեւս, այն է, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը չէր թաքցնում, որ «ազատություն» բառի եւ դրանից բխող բոլոր «ծանր հետեւանքների» նկատմամբ «դասակարգային» ատելություն ունի, եւ հենց դրա համար էլ նրա «թեթեւ ձեռքով» Ազատության հրապարակը կրկին վերանվանվեց Թատերական, իսկ հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարն ու հաղթանակը` «մութուցուրտ տարիներ»։

Հեղափոխական Փաշինյանն արտաքուստ դեռ այդ սահմանագծին չի հասել. նա ընդամենը սկսել է լռել, չհիշել ու չհիշեցնել, թե ինքը որտեղից եկավ, ինչ բոցաշունչ ու ճռճռան կոչերով եկավ, ինչպես եկավ։ Երեւի ինքն էլ է տեսնում, որ հեղեղի պես իր գլխին թափված արհավիրքներից մոլորված հասարակությունը եթե նույնիսկ չի մոռացել, ապա առնվազն ուզում է մոռանալ, թե «որտեղի՞ց արդյոք ծագեց էս ընդհանուր աղետը մեծ»։

Ուշադրություն դարձրե՞լ եք, թե ներկայիս «ընդդիմություն» հորջորջվող քոչարյանականներն ինչպիսի «հաջողություններ» են թափահարում «ուտող–ուրացող» քաղաքացիներիս քթի տակ։ Ճիշտ է` ասֆալտ ու շինարարություն։ Իսկ հիմա՞… Ոչ մի տարբերություն. Նիկոլ Փաշինյանն ու նիկոլականները նույնն են անում. Ինչի՞ց եք դժգոհ, Հայաստանի հպարտ քաղաքացիներ, կո՞ւյր եք, չեք տեսնում էս շենշող ասֆալտն ու շինարարությունը։

Տեսնում ենք։ Քոչարյան Ռոբերտի ասֆալտն ու շինարարությունն էլ էինք տեսնում։ Բայց տեսնում էինք նաեւ Հոկտեմբերի 27–ը, Մարտի 1–ը, հարյուրավոր քաղբանտարկյալներին, «գերակա շահի» համար փողոցում հայտնված երեւանցիներին, ծեծվող ու խոշտանգվող ցուցարարներին, աջուձախ սպանվող ու երկու կրակոցով «ինքնասպանվող» մի քանի տասնյակ պաշտոնյաների, մեծ արագությամբ հարստացող` մի վերնաշապիկով Հայաստան մտած պարտկոմին ու նրա մերձավորներին։ Շատ բան էինք տեսնում։ Տեսնողներից մեկն էլ, հուսով եմ, դեռ հիշողներ կան` այս նույն Նիկոլ Փաշինյանն էր, որ Արցախի եւ հազարավոր մատաղված պատանիների «հարցը լուծելուց հետո» Հայաստանի «արժանապատիվ ու հպարտ» քաղաքացիներին նույն լկտիությամբ ու սառնասրտությամբ, ինչպես որ Քոչարյանն ու իր ժառանգորդը` Հոկտեմբերի 27–ի ու Մարտի 1–ի սպանդից հետո, նույն «մենյուն» է մատուցում, ինչ որ` նախկինները` ասֆալտ ու այստեղ–այնտեղ բուսնող բարձրահարկեր։

Դժգո՞հ եք։

Դրա դեմ էլ «դեղամիջոցներ» ունի։ Եվ կրկին նույնպիսի, ինչպիսիք մատուցում էին նախկինները. իրենց գրպանից կամ բարեհաճությունից օգտվող վերլուծագանգերի գեբելսյան հարձակում շփոթահար հասարակության վրա`խոսել ու խոսել, բարբաջել ու բարբաջել ամեն ինչի մասին` ասֆալտի, վեր հառնող «երկնաքերների», արտաքին թշնամիների, ներքին տեսանելի ու անտեսանելի (սրանք տեսանելի են դառնում միայն այն ժամանակ, երբ դադարում են հիանալ Փաշինյանի «աննախադեպությամբ») «հայրենիքի դավաճանների»…, բայց ոչ մի դեպքում` այն մասին, թե ինչ հրեշավոր դերակատարում ունեցավ «հեղափոխական» իշխանությունն այս նույն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ հասանք այս ողորմելի, անպատվաբեր ու կսկծալի վիճակին։

Օրինակ, որեւէ մեկը գիտի՞ այն հարցի պատասխանը, թե ինչու գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հեղափոխությունից երեք տարի անց ձերբակալվեց։ Կա՞ Հայաստանում գեթ մեկ մարդ, որ չգիտեր, թե այդ մարդն ինչպես է այլանդակել մեր իրավական դաշտը, քանի–քանի անմեղ քաղաքացի է նրա օրոք հայտնվել բանտում, եւ քանի–քանի հանցագործ է շարունակել ազատությունը «հանգիստ խղճով» վայելել։ Պատասխանը բոլորս էլ գիտեինք վաղուց ի վեր, մեզանից ավելի լավ` գիտեր Փաշինյան Նիկոլը։

Եվ թե ինչու` հիմա, սրա պատասխանն էլ է պարզ։ Ինչպես որ երկու կրակոցով «ինքնասպանված» գեներալ Արծրուն Մարգարյանի ակնհայտ սպանությանը հաջորդած դժգոհության ալիքը մեղմելու համար հրապարակ նետվեց «հրաշագործ» Արմենիկումը, այնպես էլ այս անգամ Արմենիկումի դերում փորձեց հանդես գալ «ընտանիք, հայրենիք, հաղթանակ» բառերից ալերգիա ունեցող նախկին դատախազը։ Մեր մեջ ասած` օվացիաներ չեղան։ Ու շատ բնական է, որ չեղան։ Դրա համար, նախ, այդ նույն հանդիսատեսը գեթ մեկ դատապարտված «խոշոր ձուկ» պետք է տեսած լիներ։

Եվ հիմա «աննախադեպության» ո՞ր հանգրվանում ենք գտնվում։

Աղաղակող ստերի, մեկը մյուսին հակասող հայտարարությունների, քոչարյանականների հետ ուս–ուսի` «ամեն ինչի մեղավորը Լեւոնն է» զառանցանքը դրոշ դարձրած պատուհաս իշխանությունը «ելքը» գտել է` դե, եղածը եղած է, պետք է «լուսապայծառ» մեր հայացքները հառենք ապագային, մինչեւ ե՞րբ ենք կառչելու անցյալից, ամեն ինչ լավ է լինելու, կա ապագա կա, եւ հո չե՞ք մոռացել, որ եթե մենք գնանք` նախկիններն են գալու, հիշում եք, չէ՞, հո չե՞ք մոռացել, որ նախկինները շատ վատն էին, իսկ ա՛յ Նիկոլը «սիրում է բոլորիդ, հպարտանում է բոլորովդ»։

Այնուամենայնիվ, մի կարեւոր բան հաշվի չեն առնում Փաշինյանն ու իր վերլուծագանգերը` նախկինների վերադարձի հանդեպ սարսափը կայծակնային արագությամբ հօդս է ցնդում։

Հիմա միայն մանկապարտեզի երեխաներին ու անհուսալի միամիտներին է հնարավոր վախեցնել քաղաքական դիակների վերադարձի հավանականությամբ։

Նոր բան մտածեք, «հեղափոխականներ». զորօրինակ` ասպարեզ նետեք կորոնավիրուսի վայրկենական ոչնչացման նոր դեղամիջոցի անուն։ Անունն էլ ասեմ` Նիկոլիկում։

Նախորդ հոդվածըԲեյրութում ցուցարարների վրա կրակոցներ են արձակվել, կան զոհեր
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը կեղծիք է․ Արցախի ՊԲ