‘Լիզա Ճաղարյան. Սերժիկի բերած — Սերժիկի տարած’

6695

Կամ՝ հակառակը։

Սա լավ է, թե վատ, իսկ ավելի ճիշտ՝ ողբալի է ու զավեշտալի, որ 2008 թվականից ի վեր՝ Հայաստանում այս անձնավորությունն է որոշում՝ ում տանի եւ ում բերի, ում թույլ տա ապրել, ում՝ թույլ չտա, ինչքան ուզենա՝ էնքան խփի՝ գիտենք էն գլխից։

Առավել ողբալի ու զավեշտալի է, որ Սերժիկամերձ կատարածուները՝ հանրապետական եւ այսպես կոչված՝ կոալիցիոն, մեկ էլ հանկարծ ասպարեզ են ելնում ու խորոզանում (այս դեպքում՝ լավագույն բնորոշումն է)՝ իբր, իրենք էլ են ինչ-որ բան որոշում։

Նույնիսկ սրամտում են։ Հանրապետական Աշոտյանն իր հնարավոր պաշտոնանկության մասին ասում է՝ դաշնակցության բերած — դաշնակցության տարած, իսկ դաշնակցական Վարդանյանն էլ տակ չի մնում՝ իրենք են Աշոտյանին փոխանցել նախարարի աթոռը, իրենք էլ ետ են վերցնում։

Գուցե իրո՞ք այս երկուսն ու իրենց կուսակիցները կարծում են, որ իրենք ինչ-որ բան են որոշում։ Ամեն ինչ հնարավոր է «աբսուրդի թատրոն»-ի բոլոր նշաձողերը հաղթահարած ու մի բան էլ առաջ սլացած մեր «աճող ու զարգացող» երկրում, բայց՝ մի «բայց» կա. հասարակությու՛նը չի հավատում։

Հայաստանի հասարակությունը, ի տարբերություն այս ինքնագոհ կամ ինքնագոհ ձեւացող խառնակույտի, գիտի, որ սրանք ոչինչ չեն որոշում։

Սերժիկ Սարգսյանին ծառայելու պատրաստակամություն հայտնածները եթե ինչ-որ բան ինքնուրույն որոշել են, ապա ընդամենը մեկ բան՝ ցանկացած գնով, նույնիսկ՝ Հայաստանը կործանելու, կցվել Բաղրամյան 26-ի կերակրատաշտին՝ այս արեւի տակ կուշտուկուռ ապրելու նպատակով։

Իսկ դրա համար կարիք չկա ուղեղի ծալքերին դիվադադար անել. խնդիրը պարզագույն է՝ երեքտակ ծալծլվել ու հավատարմության երդում տալ Սերժիկ Սարգսյանին։

Եվ հավատարմության պայմաններն էլ սրանք են։

Մա՞րդ է սպանվել, եւ սպանողը Սերժիկ Սարգսյանի մտերիմ շրջապատի՞ց է ու որպես այդ քաջագործության պարգեւ՝ պաշտո՞ն է ստանում Հանրապետական կուսակցության շեֆից։ «Հավատարիմները» չգիտեն, չեն տեսել, եւ ընդհանրապես՝ մի՞թե չգիտեք, որ նման հարցերը լուծում են մեր անկախ դատարանները։

Թալանու՞մ են Հայաստանի քաղաքացիներին, եւ թալանչիները Սերժիկ Սարգսյանի մերձավորնե՞րն են։ «Հավատարիմները» տեղյակ չեն, անձամբ իրե՛նց չեն թալանում, մի բան էլ՝ թալանից բաժին են հանում, եւ ընդհանրապես՝ մինչեւ հիմա չգիտե՞ք, որ նման հարցերով պետք է դիմել մեր անկախ դատարաններին։

Հայաստանում քաղբանտարկյալնե՞ր կան։ «Հավատարիմները» համաձայն չեն. բա չգիտե՞ք, որ մեր անկախ դատարաններն արդարաբար քննել են այդ մարդկանց գործերը ու պարզել, որ նրանք շա՜տ սովորական, շարքային քրեական հանցագործներ են։

Մի ուրվական է շրջում Հայաստանում՝ աղքատության ուրվակա՞նն է։ «Հավատարիմները» հո ձեզ նման կու՞յր չեն, լավ էլ տեսնում են, թե քանի-քանի դղյակ է փյունիկի պես վեր հառնել մոխիրներից, բա՛ Երեւանի փողոցներում ավտոմեքենաների խցանումները, բա՛ երեկոները ռեստորանների ուտուշ-խմուշներն ու գիշերները տրաք-տրաքոցներով հրավառությունները. լՅավ է՛լ աԲրԸմ ենք, հերիք է կռկռաք։

Արտագաղթը զարհուրելի չափերի՞ է հասել։ Դուք չգիտեք, բայց հո «հավատարիմները» գիտե՞ն, որ «բոշա ազգ ենք, տեղներս չենք սթրվում»։

Սերժիկ Սարգսյանի վերջին ելույթը ապաշնորհ հեքիաթի ժանրի՞ց էր, ու ակնհայտորեն՝ կակազելով ու հեգելով մի կերպ այդ հեքիաթն ընթերցող ՀՀԿ շեֆին բազմաթիվ բառեր պարզապես անծանոթ ու անհասկանալի՞ էին։ «Հավատարիմները» ուղղակի ապշած են. «Այ մարդ, էս ինչ չար ու թունավոր եք, աննման ելույթ էր, բոլոր հարցերի պատասխանը տվեց, հաշվեցի՞ք՝ քանի անգամ ասաց՝ պե՛տք է, պե՛տք է…»։

…Ասածս ի՞նչ է, պարոնայք ու ընկերներ։ Դուք բան չեք որոշում։ Դուք Սերժիկի խաղատախտակի «պեշկա»-ներն եք։ Նստում է Սերժիկ Ազատիչը, նայում է՝ որ մեկդ եք ավելի լավ փսլնքոտում իր ոտնահետքերը, որ մեկդ եք առավել պատրաստակամ՝ խոշորից ավելի ու ավելի խոշոր հանցագործություն կատարելու, անամոթաբար ստելու հանուն իրեն, ու ըստ դրա՝ խաղատախտակի վրա ձեզ՝ «պեշկաներիդ» ետ ու առաջ է տալիս։

Ընդամենը։

Ու այսպես է լինելու, քանի դեռ այս «Կապկազ թամաշայի» վարագույրը չի փակվել՝ հասարակության սուլոցների ու ոտքերի հզոր դոփյունների ներքո։

Իսկ մնացածը՝ այս դեպքում հաստա՛տ արդար դատարանն է որոշելու։

       

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Մարկ Լևիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» վեպը’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում ավիահարվածների են ենթարկվել հիվանդանոցները’