‘Լիզա Ճաղարյան. Սերժիկ Սարգսյանը «թրաշված չէ»’

2329

Եվրաասոցացման պայմանագրի ստորագրումից անսպասելի հրաժարված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ուղերձով դիմել է իր երկրի քաղաքացիներին: Ուղերձի նպատակը հասկանալի է` Յանուկովիչը փորձում է արդարանալ, թե ինչու է նման կտրուկ շրջադարձ կատարել: Նույնիսկ անթաքույց ակնարկներ է անում, որ հարկադրված է դիմել այդ քայլին: Անկե՞ղծ է Ուկրաինայի նախագահը, թե՞ այդ հուզական ուղերձով փորձում է կրքերը հանդարտեցնել, ժամանակ շահել` մինչեւ չափուձեւ անի իր գլխին գալիքը, թող ուկրաինացիները դատեն:

Դառնանք նույն իրավիճակում հայտնված Սերժիկ Սարգսյանին: Մինչ Հայաստանը բեռուբարձով պատրաստվում էր եվրոպականանալ, մեկ էլ մի օր արթնացավ ու տեսավ` մոնտեկառլոների սիրահար մեր այս պարոնը` իր կոմսոմոլական տարիների ջերմեռանդությամբ, կրկին «օրհնում է էն սհաթը»: Ոչ ոք չի հերքի, որ անսպասելի որոշում էր: Թե մինչ այդ վարագույրից այն կողմ ինչ ծամածռություններ էին արվում, այլ հարց է, բայց արտաքուստ` կատարվածն, իրոք, անսպասելի էր:

Եվ ի՞նչ. տարակուսած Հայաստանի քաղաքացիներին որեւէ հոդաբաշխ բացատրություն տվե՞ց Սերժիկ Սարգսյանը, թե ինչու մեկ ժամվա ընթացքում «ասիականացավ» ու որոշ «թունդ արեւմտամետների» ձեռքերը ծոցում թողեց: Չէ՞ որ նրանք «վճռականորեն»` կաթոգին սիրով էին շրջապատել այս նույն Սերժիկ Սարգսյանին` այն նույն եվրոպացիների պես անտեսելով, որ այս պարոնը Հայաստանի նախագահի աթոռի զավթումից ի վեր եթե ինչ-որ բան արել է, ապա այդ «ինչ-որ բանը» միմիայն եվրոպական արժեքների անխնա ու լկտի ոտնահարումն է եղել: Հո գիտենք, տեսել ու լսել ենք, որ նրա համար ուղերձներ «քերթողները» Յանուկովիչի ուղերձից առավել հուզական տեքստեր կարող են գրել` գրեթե նույն մակարդակի, ինչ մակարդակի մեզանից շատերն 8-րդ դասարանում շարադրություններ էին գրում հայրենի լեռների մասին ու արցունքներ քամում մեր գորովագութ ուսուցիչների աչքերից:

Չէ, «խորհրդավոր» լռում է Սերժիկ Սարգսյանը, չի կարող Յանուկովիչի նման բարձրաձայնել, որ հարկադրված է այդ քայլին դիմում: Կոմսոմոլական սրտիկը կրծքի տակ թպրտում է վանդակն ընկած ճնճղուկի պես` բա որ Պուտինն ականջը քաշի:

Ռուսաստանի նախագահը կգա էլ — կգնա էլ: Եթե ինչ-որ բան մնացել է Հայաստանից տանելու` հետը կտանի (սկուտեղի վրա ու՞մ մատուցես երկիրդ, որ ասի` չէ, չեմ ուզում, դենը տար)` ստորաքարշ ժպիտների հրավառության ներքո, հետո ստորաքարշների պարագլուխ Սերժիկ  Սարգսյանը, Պուտինի շվաքից ոգեւորված, այնուամենայնիվ, ինչ-որ հոդաբաշխ միտք բերանացի կարտասանի:

Օրինակ, կարող է իր նախորդի պես ասել` լռում էի, որովհետեւ թրաշված չէի:

Ի՞նչ պակաս «Հոկտեմբերի 27» է այն ամենն, ինչ տարիներ շարունակ անում են Հայաստանի գլխին Սերժիկ Սարգսյանն ու իր վարժեցրած մի խումբ «ռոմանտիկները»:

Նախորդ հոդվածը‘Լևոն Արոնյան-Վլադմիր Կրամնիկ (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Մերօրյա Պանիկովսկին, կամ բարոյակա՞ն էր արդյոք «սիմվոլը» ‘