‘Լիզա Ճաղարյան. Սերժիկ Սարգսյանը Շարլիզի ու Իզաբելի հացը կտրեց ‘

4097

Մինչ Հայաստանի քաղաքացիները կեսկատակ-կեսլուրջ զանազան գուշակություններ էին անում, թե իր «կարճատեւ արձակուրդի» ընթացքում Սերժիկ Սարգսյանն ինչ է կորցրել կորեաներում ու ինչ է ման գալիս,, մեկ էլ կորեացիները նամարդություն չարեցին ու ալամ աշխարհին աչքալուսանք արեցին, որ մի մեծ շքախմբով Հայաստանից ժամանած պարոնը կնճիռների հարթեցման ու ձայնալարերի վերականգնման համար է հասել իրենց կողմերը:

Ձայնալարերի վերականգնումը`մի կերպ հասկացանք. գուցե Գալուստ Սահակյանի նման ինչ-որ «իմաստուն» համոզել է նրան, որ Հայաստանի քաղաքացիները ոչ ուտում են, ոչ էլ խմում` կարոտով սպասում են միայն ու միայն այն դպրոցական շարադրությունների ունկնդրմանը, որ նախագահական նստավայրում նստած` Սերժիկ Սարգսյանի համար քերթում են նրա հուզաճաճանչ սաները, եւ եթե հանկարծ նրա ձայնը հավիտյանս-հավիտենից խզվի, ո՞վ է իր փոխարեն հեգելով կարդալու այդ քերթվածքները:

Հասանք կնճիռներին: Եթե հիշողությունս չի դավաճանում, Սերժիկ Սարգսյանը ֆոտոմոդել չի, նախկին գեղեցկուհի կինոաստղ էլ չի… ոնց որ թե: Էս մարդը Հայաստանի նախագահի աթոռն առնվազն տասը զոհերի գնով զավթած ու հանցագործությունների ծանրության տակ կքած մեկն է, որը երկիրը հասցրել է կործանման եզրին, ինչ ունեցել ենք` ծախել է, ինչն էլ չի ծախվել` իրենով է արել, մնացած թալանչիների հետ` մարդասպաններին էլ գումարած, «ջան» է ասում ու «ջան» լսում, հասել է մի սահմանի, ինչից այն կողմ շատ ժանտատեսիլ անորոշություն է, որը եթե Հայաստանին առայժմ լավ բան չի խոստանում, նույնքան եւ ավելի` Սերժիկ Սարգսյանին ու իր հանցախմբին չի խոստանում:

Ուրեմն, էդ ո՞ր դաժան կատակասերն է շշնջացել պարոն Սերժիկ Սարգսյանի ականջին, որ եթե այլեւս կնճիռներ չունենա` կարողանալու է դուրս գալ էն փոսից, որը հենց ինքն է փորել իր եւ իր ավազակախմբի համար:

Սոցիալական անտանելի կացության, քաղաքական մեկուսացվածության ծանր պայմաններում հայտնված Հայաստանի քաղաքացիներն, անշուշտ, զվարճանալու կարիք են զգում, որ կարողանան դիմանալ ու դիմակայել այն բոլոր ապօրինություններին ու ողբերգություններին, որոնք ամեն օր «վայելում են» այս նույն Սերժիկ Սարգսյանի պատճառով:

Մի կուշտ զվարճացրեց մեզ Սերժիկ Սարգսյանն` իր կորեական արկածներով: Իսկ հիմա մի պահ լրջանանք ու արձանագրենք. այն ընթացքում, երբ այս պարոնը կորեաներում  Շարլիզ Թերոնի ու Իզաբել Աջանիի հացն էր կտրում, այդ նույն ժամանակ այն երկրում, որի ղեկավարն է ինքը (անհավատալի է թվում, բայց փաստ է), հայ-ադրբեջանական սահմանին զինվոր է զոհվում, Հայոց բանակում անմեղ զոհերի թիվն է ավելանում, իր հովանավորությամբ լկտիացած անպատժելիները կրակում են որտեղ պատահի եւ ում պատահի, Ամանորից հետո ՀՀ քաղաքացիները դափ-դատարկ նստած` մտածում են, թե որտեղից հարուստ ազգական գտնեն, որ պարտք անեն ու մի քանի օր էլ գլուխները յոլա տանեն, իսկ ահա էս Սերժիկ Սարգսյանն էդ նույն ընթացքում տասը հազարավոր դոլարներ է քամուն տալիս, որ, խելքի աշեցեք, դեմքի դարուփոսերը վերացնի ու դառնա Տարոնի նման կարմրաթշիկ «տղա»:

Ինչ որ է. դեռ կասկածող կա՞, որ Սերժիկ Սարգսյանն ու Հայաստանը` իր ներկա վիճակով, անհամատեղելի են:

Նախորդ հոդվածը‘Իսկ «նախագահը» պեդիկյուր էր անում’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Թուրք ազգայնականը «Գորշ Գայլեր»-ի նշանով լուսանկարուած է Երեւանի մէջ’