‘Լիզա Ճաղարյան. Սերժիկ Սարգսյանը սրանից ավելի մեծ աջակցություն չէր կարող երազել’

2631

Մինչ Մուսոլինիի զավեշտալի դիմախաղը սեփականաշնորհած ոստիկանապետ Վովա Գասպարյանի հերթական լպիրշությունն էր շրջում համացանցում` նախօրեին ծեծված ազատամարտիկների հասցեին, այսօր Սերժիկ Սարգսյանի ավազակախմբի թափթուկները հարձակվեցին ու ծեծեցին եւս մեկ ազատամարտիկի:

Ստորագույն հանցանք է, բայց ամենեւին էլ` ո՛չ անսպասելի: Ոչ էլ` նորություն էր: Հենց այս նույն Սերժիկ Սարգսյանի իշխանության տարիներին տասնյակներով ազատամարտիկներ են հալածվել, ստորացվել, սոցիալական ծանրագույն վիճակից ծայրահեղ քայլերի դիմել, ոստիկանական բաժանմունքներում դաժանորեն ծեծվել, տարիներով ազատազրկվել: Նույնը կատարվել է Հայաստանի ոչ ազատամարտիկ այն հազարավոր քաղաքացիների նկատմամբ, որոնք փողոց են դուրս եկել բռնապետության դեմ պայքարի: Միայն չեն ծեծվել, նաեւ սպանվել են: Չեմ ուզում վիրավորել ընթերցողին` հազար անգամ ասվածն ու գրվածը նորից կրկնելով: Իսկ ով չի հիշում, թե ինչեր են կատարվել այն տարիներին, երբ արեւմուտքի թեւի տակ էինք ծվարել, թող դիմի համապատասխան բուժհիմնարկ` սկլերոզի դեմ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով:

Եվ ի՞նչ նոր մեկնաբանություններ են հնչում վերջին շրջանում, երբ Սերժիկ Սարգսյանն ու իր հանցախումբը հերթական հանցանքն են գործում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ:

Ահա՛, տեսա՞ք, թե ինչեր են կատարվում Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու որոշումից հետո, դեռ ու՜ր եք, դեռ ինչե՜ր են լինելու` չարախնդում են այս անդամակցությունից հետո «աշխարհի վերջ»-ի մասին զգուշացնողները:

ԵՏՄ-ից ոչ մի լավ բան չեմ սպասում: Ավելին, վստահ եմ, որ Հայաստանին առաջիկայում ավելի դժվար օրեր են սպասվում, քան` մինչեւ հիմա էր:

Բայց, ներեցեք, «տեսա՞ք, բա որ ասում էինք» ու նման նոստրադամուսական ցնցումների հեղինակներն ու՞մ են ապուշի տեղ դնում: Մինչ ԵՏՄ մտնելը, այսի՛նքն, Հայաստանում կոպտորեն չէին խախտվում մարդու իրավունքները, խոսքի ազատությունն ու արդարությունը թեւածում էին մեր «արեւմտամետ» երկնակամարում, ազատամարտիկներին չէին ծեծում, Հայաստանի քաղաքացիներին չէին նվաստացնում, դատարաններում արդար վճիռներ էին կայացնում, ժողովուրդն էլ չէր արտագաղթում, հակառակը` ներգաղթում էր ու ապրում կուշտ, անհոգ ու երջանի՞կ: Իսկ եթե հանկարծ մի փոքրիկ զանցանք էլ լինում էր` Արեւմուտքը, հավատարիմ իր դավանած արժեքներին, Սերժիկ Սարգսյանին պատին էր սեղմում եւ աջակցում ճնշված ու արհամարհված ժողովրդի՞ն:

Ես չգիտեմ` այս կեցվածքը որդեգրողները գիտակցելո՞վ են Հայաստանում ստեղծված վիճակի բոլոր մեղքերը բարդում Եվրասիական տնտեսական միության վրա` մոռանալով Սերժիկ Սարգսյանին, թե՞ պարզապես արեւմուտքի նկատմամբ իրենց ծովածավալ սերն է մթագնել նրանց առողջ միտքը, բայց որ նման հայտարարություններով, կամա թե ակամա, պատասխանատվության բեռն առնում են այդ նույն Սերժիկ Սարգսյանի ու նրա հանցախմբի ուսերից եւ դնում իրենցից յոթ սարուձոր հեռու ինչ-որ մեկի ուսերին, պարզից պարզ է:

Պայքարի ելած հասարակությանը ապակողմնորոշելու եւ թեւաթափ անելու սրանից ավելի կարճ ճանապարհ կա՞: Երկիրը ավերակող իշխանությունը սրանից ավելի մեծ աջակցություն կարո՞ղ էր երազել: Հնարավո՞ր էր պատկերացնել, որ «անկախություն, անկախություն» բղավողների ճամբարից անճարակության այսպիսի «հրավառություն», օտարի ամենակարողությունը «գովերգող» բալագան կլինի:

Ինչպես տեսնում ենք` հնարավոր է:   

Նախորդ հոդվածը‘ԿԲ-ն հերթական $6 մլն է վաճառել, սակայն փոխարժեքը շարունակում է աճել’
Հաջորդ հոդվածը‘Ամենասպառազինված երկրների ինդեքսում Հայաստանն առաջ է Ադրբեջանից’