‘Լիզա Ճաղարյան. Վա՛յ նրանց` ում ուղղությամբ հոսելու է եռացող լավան’

3775

 

Ես չգիտեմ` ինչն էր պատճառը, որ այդ օրն Աստծուց միայն մի բան էի խնդրում… Աղոթում էի, որ սպանված զինվորի ծնողները ճանապարհի կեսից ետ դառնան գյուղ եւ հողին հանձնեն իրենց որդու մարմինը: Չէի՞ ուզում ավելի շատ չարչարեին երեխային: Վախենում էի` վշտից խենթացած մոր ու հոր սրտե՞րը չդիմանան: Ի՞նքս էի խելագարության շեմին, ինքնապաշտպանական բնա՞զդս էր գլուխ բարձրացրել: Բոլորը միասի՞ն… Չգիտեմ:

Գիտեմ միայն, որ այդ դեպքն ինձ նույնքան ցնցեց` որքան Հոկտեմբերի 27-ի սպանդը եւ Մարտի 1-ի կոտորածը: Եւ գիտեմ, որ ինչպես Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը Հայաստանում մարդկանց բաժանեցին երկու բանակի, այնպես էլ սպանված զինվորի ծնողների հուսահատ քայլի հանդեպ տարբեր արձագանքներն իմ ու շատերի եւ ոմանց միջեւ ժանտատեսիլ պատ դրեցին: Անվերադարձ:

Մեզ թվում է, որ փորձություններին դիմանում ենք: Բայց յուրաքանչյուր փորձություն մեր հոգիներից ու մարմիններից մի մասնիկ է պոկում ու տանում իր հետ: Մեր ճանաչած մարդկանց այլակերպումներին էլ ենք դիմանում: Բայց յուրաքանչյուր այլակերպում մեզ սմքեցնում է շագրենակաշվի պես: Մեզ համոզում ենք, որ մոլախոտը որքան արագ է աճում, նույնքան հեշտությամբ էլ քաղհանվում է: Ճիշտ ենք անում, որ համոզում ենք: Այդպես էլ կա, այդպես էլ լինելու է:

Հայաստանի մոլախոտ իշխանություններն այլ բան են կարծում: Սրանք վստահ են, որ բոլոր վտանգները հաղթահարել են, չորս տարի ընտրություններ չեն լինելու, եւ առնվազն այդքան ժամանակ իրենք կարող են լափել, թալանել, սպանել ու անպատիժ մնալ: Դրա համար են դիմակները դեն նետել ու ամբիոններից հոխորտում աշոԾյանավարի ու գալստրուկահանգույն: Ողնաշարից թույլ արարածներն էլ են սրանց նման մտածում ու ձեռքները թափ են տվել` որոշել են այլեւս կույս չձեւանալ ու հաճույք ստանալ:

Ես հուսահատված չեմ: Պարզապես ժամանակ առ ժամանակ մարմինս ու հոգիս հավասարապես են ցավում: Հիմա` նույնպես: Երբեք չեմ հուսահատվել: Ամենանեղսրտած պահին անգամ չեմ դադարել վստահ լինել, որ մի օր ազատվելու ենք այս լկտի մարդակերպ արարածներից, եւ մի օր սրանք պատասխան են տալու իրենց բոլոր չարագործությունների համար:

Եւ եթե իրենք այնքան են կուրացել ու հղփացել, սեփական ամենակարողության խաբուսիկ գիտակցումից այնքան են կորցրել իրականության զգացումը, որ չեն սարսափում, խոստովանեմ` ինքս վախենում եմ: Վախենում եմ, որ մի օր սրանց ոտնատակ են տալու, եւ բռնության հակառակորդներս անզոր ենք լինելու այս հանցագործներին հանել գազազած ամբոխի ոտքերի տակից ու արդարադատությանը հանձնել:

Որքան էլ ոմանք «շոու» որակեն վշտից խենթացած ծնողների ծայրահեղ քայլը, որքան էլ, դահիճներին թողած, զոհերին մեղադրեն, իրենց զավակի դագաղն առած` մայրաքաղաք ճամփա ընկած սգավորների այս աղաղակ-քայլն ահազանգեց, որ Հայաստանի ընդերքում ամենակուլ հրաբուխ է քլթքլթում:

Վա՛յ նրանց` ում ուղղությամբ հոսելու է եռացող լավան:

Լիզա Ճաղարյան 

Նախորդ հոդվածը‘Վիսենտե Դել Բոսկե. Կասիլյասի տեղը հավաքականում վիճարկման ենթակա չէ’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալը’