Լիզա Ճաղարյան. Վազգեն Մանուկյանի աներձագն է… ընդամենը

11329

Իշխանյան Ավետիքի աղվանհովսեփյանական մակարդակի մատնագիրը («Մահացածի մասին միայն ճշմարտություն». «Առավոտ») կարելի էր արհամարհել ու լռության մատնել` հիշելով, թե որտեղից է սկզբնավորվում այս պարոնի անափ ատելությունը Վանո Սիրադեղյանի նկատմամբ։ Պատճառը վաղուց հայտնի է. 1990 թվականին այս նույն «ճշմարտության մունետիկի» կոորդինատոր փեսա Վազգեն Մանուկյանին ապագա անկախ Հայաստանի ղեկավար ընտրելու փոխարեն` «Ղարաբաղ» կոմիտեի մեծամասնությունն ընտրեց Լեւոն Տեր–Պետրոսյանին, եւ այդ մեծամասնության շարքում վճռականորեն կանգնած էր նաեւ Վանո Սիրադեղյանը։

Որքան էլ որ այս պարոնն ու իր ընտանիքը փորձեն անաչառության փափախ դնել իրենց գլխներին, միեւնույն է` նախագահ փեսա, նախագահ ամուսին ունենալու իրենց փշրված հիվանդագին տենչանքի անլվա ականջները ցցվում են այդ` երեսունից ավելի տարիների ընթացքում արդեն ճենճոտած ու ցեցը կերած փափախների տակից։

Չէ, մինչեւ մահ–գերեզման չեն խաղաղվելու։ 90–ականներից ի վեր` մինչ օրս, այս մարդիկ ո՛չ խորշեցին Հայոց համազգային շարժումը պառակտելուց, ո՛չ ընկրկեցին ամենաստոր ու կեղծ լուրեր տարածելուց երկրաշարժից եւ պատերազմից բզկտված ու արնաքամված երկրին հարություն տալու համար պայքար մղող իրենց նախկին գործընկերների նկատմամբ, ո՛չ թաքցրեցին իրենց կենդանական հրճվանքը Հոկտեմբերի 27–ից ու Մարտի 1–ից հետո։ «Իրավապաշտպան» Ավետիքին եւ յուր մերձավորներին նենգության, աղվանհովսեփյանիզմի ո՛չ մի տեսակ խորթ չէ «մեծ կոորդինատորին» չգնահատած գործիչների նկատմամբ։

Անսպառ չարությունն ու թույնն այնքան անդառնալիորեն են ախտահարել սրանց հոգիները, որ այս ընտանիքի եւ սրանց արբանյակների «ճշմարտախոս» ներկայացուցիչը, չնայած «Պլատոնն իր ընկերն էր»` չի համբերել նույնիսկ, որ Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան հասցվի ու հողին հանձնվի, եւ միայն դրանից հետո իր փեսա Վազգենի «մուռը հանի»` Քոչարյանի հրահանգով դատախազ Աղվանի կարած քրեական գործից հատվածներ արտագրելով եւ դատավորի կեցվածքով` որպես վերին ճշմարտություն–դատավճիռ ներկայացնելով։

Կրկնեմ. կարհամարհեի այս ստորագույն զրպարտագիրը, որովհետեւ վաղուց եմ հասկացել, որ իշխանամանուկյաններին բուժում չկա. քանի «բերաններումը շունչ կա»` «նախագա» փեսային մերժողներից իրենց վրեժը լուծելու են հնարավոր ու անհնար բոլոր նենգ ու եղկելի միջոցներով։     

Պարզվում է, սակայն, Իշխանյան Ավետիքին միայն քաղաքական գործիչ ու պետական այր Վանո Սիրադեղյանը չի, որ հանգիստ չի տալիս, այս պարոնն ուզում է գրող Վանո Սիրադեղյանին գնահատողներին ու սիրողներին էլ «խելքի բերել»։

«Ճշմարտության մունետիկը» գրում է. «Վանո Սիրադեղյանն, իմ կարծիքով, վատ գրող չէր․․․ ընդամենը։ Համենայն դեպս, նա ոչ Ակսել Բակունց էր, ոչ Աղասի Այվազյան, ոչ Հրանտ Մաթևոսյան, ոչ էլ Խաչիկ Դաշտենց։ Եթե նա չդառնար քաղաքական գործիչ, համոզված եմ, որ նրան որպես գրող, շատ քչերը կճանաչեին և չեմ կարծում, որ նրա անունը, որպես գրողի, կհիշատակվեր, վերը նշված արձակագիրների շարքում»։

«Վատ գրող չէր», թե «վատ գրող էր», բայց «մեծահոգություն» է անում Մանուկյան Վազգենի աներձագ Ավետիքը, սա էական չէ. բոլորն ազատ են իրենց տեսակետն ունենալու ցանկացած ստեղծագործողի մասին` սկսած Ուիլյամ Շեքսպիրից մինչեւ Ուիլյամ Սարոյան ու շատ ավելի դենը։ Բայց Ավետիքը միայն իր գնահատականով չի բավարարվում, այս պարոնը նաեւ Վանոյի ընթերցողներին «պարզաբանում է», թե ինչու մեկ էլ հանկարծ սկսեցինք սիրել Վանոյի գրականությունը։ Որովհետեւ «քաղաքական գործիչ» էր։

Ես երկար–բարակ գրելու ցանկություն չունեմ, թե մինչեւ քաղաքական գործիչ դառնալն արդեն իսկ «Գարուն»–ում հրապարակված ընդամենը երեք պատմվածքով Վանոն ինչպիսի շռինդով ազդարարեց իր մուտքը գրականություն։ Ավետիքը դրան արժանի չէ, իսկ Վանոյի գրականությունը բարձր գնահատողներն ինձանից պակաս քաջատեղյակ չեն։

Քիչ թե շատ տրամաբանողներն էլ հասկանում են. եթե Վանոն քաղաքական գործիչ չդառնար, գրող Վանո Սիրադեղյանի հասցեին մերկապարանոց վայրահաչողներ գրեթե չէին լինի։

Ի դեպ, Ավետիքը վատ տղա չի։ Պարզապես քաղաքական վայ–գործիչ Վազգեն Մանուկյանի աներձագն է… ընդամենը։

Նախորդ հոդվածըԴաշնակցությունը կազմակերպության է վերածվել․ Բյուրոն երեխայական մոտեցումներով կսպառի կուսակցության վարկը. 1in.am
Հաջորդ հոդվածըՎանո Սիրադեղյան գրողը