‘Լիզա Ճաղարյան. Տարոն Մարգարյանին` իրեն հասկանալի լեզվով’

4544

Տո դե լավ է՛, Տարոն: Ծովը ծնկներիցդ է, հա՞, տղա: Ամենասովորական թաղի տղուց բերել-նստեցրել են Հայաստանի մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի աթոռին, ու քեզ սկսել է թվալ, որ ինչ-որ արժանիքների համա՞ր ես այդտեղ հայտնվել: Դու էլ գիտես` ինչու եւ ոնց ես քո համեստագույն ընդունակություններով հայտնվել նախ` թաղապետի, հետո` քաղաքապետի աթոռին: Բայց դրա մասին առայժմ լռենք: Եթե նորից չափի զգացումդ կորցնես, անպայման հիշեցնող կգտնվի: Չկասկածես:

Չափի զգացման մասին: Լրագրողներից մեկն ահա էս Տարոնի կարծիքն է հարցրել Լեւոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետի մասին, ըստ որի` Տարոնը համակարգի խամաճիկն է: Եւ ի՞նչ է պատասխանել մինչ այդ լրագրողների այլ հարցերի ինչ-որ անհոդաբաշխ բառակույտեր մրմնջացող էս Տարոնը: Շատ հոդաբաշխ ասել է. «Ամեն մարդ, որ խոսում է, թող իր մասին առաջինը մտածի, հայելու մեջ նայի իրեն»:

Անկեղծ ասած, այսպիսի զառանցանքներ ու բարբաջանքներ առաջին անգամ չենք կարդում կամ լսում Հայաստանի հիմնադիր նախագահի հասցեին: Եւ ամեն բարբաջողի կամ զառանցողի չարժե ուշադրություն դարձնել: Բայց քանի որ էս Տարոնն ուզում է Երեւանի քաղաքապետ դառնալ, ավելի ճիշտ` էս Տարոնին Սերժիկ Սարգսյանն ու իր ավազակախումբն ուզում են ամեն գնով քաղաքապետ դարձնել, ճիշտ չի լինի անտարբերության մատնել էս Տարոնի խոսքը:

Չափի զգացումը կորցրած երիտասարդ Տարոն, էն` որ դու Սերժիկ Սարգսյանի եւ ավազակախմբի մնացյալ անդամների խամաճիկն ես, եւ բոլորդ միասին` Սերժիկ Սարգսյանի խամաճիկներն եք, ոչ մեկի համար գաղտնիք չէ, ու ոնց որ թե մինչ օրս ոչ խամաճիկներն են դա թաքցրել, ոչ էլ` Սերժիկ Սարգսյանը: Բայց, անկեղծ ասած, արժանի չես, որ ընկնեմ սարուձոր, փորփրեմ, մեկը մյուսից աղաղակող փաստերը քթիդ տակ թափահարեմ այնքան ու այնպես, որ նույնիսկ ինքդ քամահրանքից ծամածռվես` արտացոլանքդ տեսնելիս: Ընդամենը հիշեցնեմ Մաշտոցի պուրակի անցուդարձը: Դու եւ քո խամաճիկները պնդում էիք, որ այդտեղ պետք է ինչ-որ բան կառուցվի: Պնդմանը զուգահեռ, բնապահպանների բողոքի ակցիաներն արհամարհելով կառուցում էիք: Մեկ էլ օրերից մի օր հայտնվեց քո տեր Սերժիկ Սարգսյանը, ասաց` սիրուն չի, Տարոն: Ու վերջ: Նույն վայրկյանին մոռացար քո եւ քո ենթակաների պնդումներն ու գլուխդ տմբտմբացրիր: Բա էլ խամաճիկը ո՞նց է լինում, Տարոն: Խամաճիկ չլինեիր, ուղիղ կնայեիր տիրոջդ դեմքին ու կպնդեիր, որ քաղաքապետարանի որոշումը շատ ճիշտ որոշում է եւ պետք է շարունակել այդ կառույցի շինարարությունը: Չէ, գլուխդ տմբտմբացրիր ու անմիջապես հրաման տվեցիր քանդել կիսակառույցը: Հենց այն կիսակառույցը, որի համար ամիսներ շարունակ կռիվ էիր տալիս քո ենթակաների հետ միասին:

Չլինի՞ «խամաճիկ» բառի իմաստը չգիտես, Տարոն:

Երեւի չգիտես: Եթե իմանայիր, կհիշեիր, որ քո տեր Սերժիկ Սարգսյանը, պորտֆելը ձեռքին պինդ բռնած, երկարուձիգ տարիներ աշխատում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ենթակայության տակ, ու այդ տարիներին հայ ժողովուրդը նրա բերանից մի բարդ համադասական կամ բարդ ստորադասական նախադասություն լսած չկար: Անմռունչ ծառայում էր, էն էլ ոնց էր ծառայում: Հիմա թե խամաճիկ էր, թե պարզապես նվիրումով եւ հավատով ծառայում էր` չգիտեմ: Բայց տեսնելով հետագա տարիների քո տիրոջ պահվածքը Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ոնց որ թե` քո տերն էլ էր խամաճիկի նման ծառայում: Հակառակ դեպքում` քեզնմաններին նման տեքստեր թելադրելիս կհիշեր, թե ոնց էր տարիներ առաջ` պորտֆելը ձեռքին վազվզում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւից:

Ի դեպ, խորհուրդ չեմ տալիս հայելու մեջ նայես քեզ, Տարոն: Քեզ համար եմ ասում: Հետո չասես` չզգուշացրի:

Լիզա Ճաղարյան   

 

 

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյանը՝ Տարոն Մարգարյանին. Նախագահ Տեր-Պետրոսյանի ֆոնին արդեն 20 տարուց ավելի զանազան «քաղաքական» մոծակներ փորձում են կայանալ’
Հաջորդ հոդվածը‘Տարոն, սիրուն չի 5. «Բարեկարգ» եւ «մաքուր» Նոր Նորք համայնք (լուսանկարներ)’