‘Լիզա Ճաղարյան. Քամելեոնների ժամանակը, կամ` խեղճ իմ «պահանջատեր» Հայաստան’

2401

Ով հիշում է` ավելի լավ, իսկ ով չի հիշում` հիշեցնեմ, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց ՀՀ անկախության հռչակագիրը: Ընդունվեց երկար եւ բուռն քննարկումներից, հակափաստարկներից ու փաստարկներից, հանգամանալից հիմնավորումներից հետո: Ընդունվեց բուռն եւ երկարատեւ ծափահարություններով:

Հռչակագրի գովքն արեցին բազմաթիվ մտավորականներ, ակադեմիկոսներ, դիվանագետներ, Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, եւ այս պատմական փաստաթղթի սկզբունքների հիման վրա էլ ստեղծվեց մեր երկրի Առաջին Սահմանադրությունը, որն այս տարիների ընթացքում ինչ-ինչ փոփոխությունների է ենթարկվել, սակայն, Հռչակագրի դավանած սկզբունքները մնացել են անփոփոխ: Ահա՛ այս սկզբունքներին հավատարիմ` արտերկրում երկու տասնյակ եւ ավելի տարիներ իրենց առաքելությունն են իրականացրել ու իրականացնում նաեւ ՀՀ կարկառուն եւ «խորհրդանիշ» դիվանագետները:

Հռչակագրի 11-րդ կետում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Ասել, որ բոլորին էր հաճո Հռչակագրի այս կետը, ճշմարտության դեմ մեղանչում կլինի: Պահանջատիրությունը կյանքի նպատակ դարձրած (միայն հուզաթաթախ բառակույտով` իհարկե) ոչ անհայտ կուսակցությունը եւ զանազան այլ ուժեր մեղադրում էին օրվա իշխանությանը, թե ինչու Հայաստանի պետական քաղաքականության հիմքում չի դրվել «Ստամբուլն արյան ծով դարձնելու» տեսլականը, սակայն, քանի որ այն տարիների Գերագույն խորհուրդը ներկա տխրահռչակ Ազգային ժողովի «կոճակ սեղմող» անդեմ կամակատար մեծամասնությունից չէր կազմված, այլ` սեփական դիմագիծ ունեցող ուժեղ եւ անկախ անհատներից, եւ որոշումներն, իրոք, ընդունվում էին բաց եւ ազատ քննարկումների արդյունքում, ահա՛ այս դժգոհ փոքրամասնությանն ընդամենը մնում էր Հռչակագիրն ընդունողներին «դավաճան» հռչակել եւ անհնազանդության կոչերով բոցաշունչ ճառեր ասել հրապարակներում` չհիշելով, իհարկե, որ Հայաստանն այդ ժամանակ ապրում էր պատերազմական ծանրագույն պայմաններում, եւ այդ ծանրագույն շրջանը հաղթահարել փորձող, անկախության առաջին քայլերն անող երկրում ներքին խժդժությունները նշանակում էին մի պարզագույն բան` հարված ոտքերի վրա մի կերպ կանգնող պետության թիկունքին, իսկ առավել «արդիական» ու նմանների շատ սիրած տարբերակով եթե ասենք, ապա նշանակում էր` թշնամու ջրաղացին ջուր լցնել:

«Իրավիճակի փոփոխությունից» հետո այս նույն մարդիկ, իհարկե, սկսեցին հիշել ներքին կայունության հույժ անհրաժեշտության մասին, իսկ թե ինչու` նույնիսկ մսուր-մանկապարտեզների երեխաներին է հասկանալի ու տեսանելի, եւ սրա մասին խոսելն ու գրելն արդեն ձանձրալի է ու անօգուտ:

Ինչ որ է: 2015 թվականի հունվարի 29-ին ընդունվեց մեկ այլ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Որտե՞ղ քննարկվեց, ինչպե՞ս քննարկվեց, ինչպե՞ս ընդունվեց` այս հարցերի մեջ չխորանանք, որովհետեւ տասը եւ ավելի տարիներ տեսել ենք ու տեսնում ենք, թե ինչպես են Հայաստանում ընդունվում մեր երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող որոշումները: Ինքս էլ չեմ քննարկի, թե այս Հռչակագրի մեջ ինչն է շատ` փաստարկված հիմնավորումները, թե աղի ջուրը, քանի որ դիվանագիտությունից, արտաքին քաղաքական նրբություններից հեռու մարդ եմ: Բայց նույնիսկ ես հասկանում եմ, որ այս Հռչակագրում` ՀՀ անկախության հռչակագրին եւ գործող Սահմանադրության դավանած համապատասխան սկզբունքներին հակասող կետ կա, ըստ որի` Հայաստանի ներկա ղեկավարությունը որոշել է լող տալ պահանջատիրության «փրկարար ալյակներում»:

Դե, ի՞նչ զարմանալի բան կա` կասեք: Ներկա իշխանությունը Հայաստանը դարձրել է հզոր պետություն, որը ոչ միայն Ղարաբաղյան խնդիրն է լուծել հօգուտ ղարաբաղցիների, ո՛չ միայն վերջնական եւ անշրջելի խաղաղություն է հաստատել սահմանին, եւ ո՛չ թե գրեթե ամեն օր մեր զինվոր երեխաների մահվան բոթից կծկվում` մի բուռ ենք դառնում, այլ մեր պատանիներն ադրբեջանցիների ավտոմատների փողերի մեջ են ծաղիկներ դնում, ադրբեջանցի պատանիներն էլ` մեր երեխաների ավտոմատների փողերի մեջ: Ավելին, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տնտեսությունը «վագրային թռիչքներով» հեքիաթային հաջողություններ է գրանցել, եւ մեր երկրում հիմա բոլոր ՀՀ քաղաքացիներն, ըստ Սերժիկ Սարգսյանին խոստման, ունեն ավտոմեքենա եւ ապրում են ըստ պահանջի: Գրեթե` Բաղրամյան 26-ի զավթիչի փեսա Միշիկի կամ եղբայր Սաշիկի պես: Ներգաղթն էլ, դե՛, այնպիսի չափերի է հասել, որ չգիտենք` այդքանին որտեղ տեղավորենք: Արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունների մասին էլ չասենք` Հայաստան ասելիս` բոլոր երկրների ղեկավարները ակնածանքից ոտքի են կանգնում: Համո Սահյանը կասեր. «Չգիտեմ` ինչու՞ է այդպես»:

Բայց` ամե՛ն դեպքում. պահանջատիրության այս փրկարար ալյակների վրա լող տալիս մի հարց հանգիստ չի տալիս ինձ: Հայաստանի առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ մամուլում հանդես եկավ Սերժիկ Սարգսյանի եւ նրա «շատ իմաստուն փորձագետների» սնած եւ ծնած այս Հռչակագրի վտանգավորության մասին: Որտե՞ղ են այն ոչ պակաս «իմաստուն» դիվանագետները, որոնք տարիներ շարունակ մեր արտաքին քաղաքականությունն իրականացնելիս առաջնորդվել են ՀՀ անկախության հռչակագրի դրույթներով: Որտե՞ղ են այն մտավորականները, ակադեմիկոսները, քաղաքական ուժերը, որոնք ոչ միայն չեն ընդդիմացել այդ Հռչակագրին, այլեւ չեն զլացել ներբողներ հյուսել այդ փաստաթղթի անխոցելիության եւ անքննելիության մասին: Եթե այնքան են «իմաստնացել», որ հասկացել են` պահանջատիրությունն է Հայաստանի փրկությունը, գուցե բարձրաձայնեն եւ հիմնավորե՞ն, թե ինչու եւ ինչպես: Եթե շարունակում են նախկին Հռչակագիրն անխոցելի եւ անքննելի համարել, գուցե քննադատեն հրապարակ նետված նո՞ր Հռչակագիրը:

Թե՞ սրանք էլ են հանուն բարեկեցիկ կյանքի, բաղձալի պորտֆելի` գերադասում լռել` թեկուզ Հայաստանը վերջնական կործանման տանելու գնով:

Դատելով Սերժիկ Սարգսյանի կանտորայի առջեւ հաճախորդների թվի կտրուկ ավելացմամբ` այդպես էլ կա:

Խե՛ղճ իմ «պահանջատեր» Հայաստան…

 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է այն երգը, որն իրեն հիշեցնում է երջանկության մասին. Տեսանյութեր’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթին» վստահ հաղթանակ տոնեց «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ (տեսանյութ) ‘