‘Լիզա Ճաղարյան. Քոչարյանի փաստաբանները կորցրել են իրականության զգացումը’

9115

Կասկածս, որ Քոչարյան Ռոբերտի փաստաբանները փոս են փորում իրենց պաշտպանյալի համար, աստիճանաբար համոզմունք է դառնում։

Չեմ կարող պնդել, որ կանխամտածված են փորում այս փոսը։ Գուցե սա էյֆորիայի հետեւա՞նք է։ Գաղտնիք չէ, որ նրանց վճարող պաշտպանյալի ձեռը քարի տակ չի՝ պատկերավոր ասած։ Դե, այս մարդիկ էլ ուզում են արժանի լինել անսպասելի իրենց գլխին թափվող «երկնային մանանային»։

Գուցե դեռ վաղ մանկուց Քոչարյան Ռոբերտի նման մարդն է եղել իրենց իդեալը, եւ հիմա այդ իդեալի ոտքի տակից հողը փախչում է, ու այս մարդիկ անձնազոհաբա՞ր են տրվել ամեն գնով նրան փրկելու «նվիրական» գործին։

Իրե՛նք կիմանան։ Հասարակությունը կարող է ընդամենը ենթադրություններ անել։

Մի բան ակնհայտ է արդեն։ Պաշտպանյալի հույսերն արդարացնելու բուռն եւ անսանձ ցանկությունն այս մի խումբ փաստաբաններին ստիպել է իսպառ կորցնել իրականության զգացումը։ Իսկ թե իրականության զգացումը կորցնելու վերջն ինչ է լինում, Հանրապետական կուսակցության առաջին դեմքերին թող հարցնեն, սրանք շատ գունեղ ու սրտաճմլիկ կպատմեն՝ վերքը դեռ թարմ է։

Եվ այսպես, Քոչարյան Ռոբերտը դատի է տվել Հայաստանի վարչապետին։ Նախ հիշեցնեմ, որ այս «ժողովրդավար» պարոնը իր «բացառիկ» հարցազրույցներում տագնապի կոչնակ էր հնչեցնում, որ Հայաստանում բռնապետություն է հաստատվել։ Թե ոնց է բռնապետական Հայաստանում ինչ-որ մեկին հաջողվել դատի տալ «բռնապետին», սա հետագայում երեւի դատարանում Քոչարյանի փաստաբանները կպարզաբանեն։ Իսկ մինչ այդ ես ընդամենը հիշեցնեմ, որ «ժողովրդավար» Քոչարյանի ղեկավարության տարիներին Հայաստանում նույնիսկ այս «ժողովրդավարի» վարսավիրին որեւէ մեկը չէր կարող դատի տալ, ինչ մնաց՝ սույն «վոին»-ին համարձակվեին դատի տալ, աչքի առաջ ունենալով Պողոս Պողոսյանի դաժան սպանությունը։ Իսկ հանգուցյալը, հիշեցնեմ, ընդամենը բարեւել էր Ռոբին։

Հիմա տեսնենք, թե ինչու է այս «ժողովրդավար վոինը» դատի տվել «բռնապետ» ՀՀ վարչապետին, եւ ի դեպ՝ հայցն էլ անարգել ընդունել է բռնապետական երկրի դատարանը։

Ուշադրություն՝ Քոչարյանն իր պատիվն ու արժանապատվությունն է ուզում պաշտպանել։ Մի շտապեք ծիծաղել կամ զայրանալ։ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի իրավունք ունի կարծելու, որ ինքն ունի պատիվ եւ արժանապատվություն, եւ Քոչարյանն էլ է կարծում, որ ինքն ունի դրանցից։ Եվ քանի որ կարծում է, ահա՛ եւ փորձում է պաշտպանել իր այդ սասանված պատիվն ու իր այդ ոտնահարված արժանապատվությունը։

Եվ մի խումբ փաստաբաններից գոնե մեկն այս մարդուն չի ասում՝ մի փորփրիր մեղվի փեթակը, պարո՛ն Քոչարյան։ Հասկացանք՝ «արդար» քրտինքով փող ես դիզել, հասկացանք՝ այդ փողով մեզ նման մի խումբ փաստաբանների ես վարձել եւ եթե ուզենաս՝ մի քանի խումբ էլ կվարձես, հասկացանք՝ բազմաթիվ ծախու լրագրողներ ես գնել, որոնք հանուն այդ փողի պատրաստ են նաեւ գլխիդ լուսապսակ դնել, բայց, պարոն «ժողովրդավար» ու «բացառիկ» Քոչարյան, քո «ամենակարողությունն» այսքանով ավարտվում է։

Մի խումբ փաստաբաններից գոնե մեկը չի զգուշացնում այս պարոնին, որ Հայաստանում ապրում են հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք հարյուրապատիկ ավելի պատիվ ու արժանապատվություն ունեն, եւ այդ պատիվն ու արժանապատվությունը չե՛ն վաճառվում ոչ մի գնով, եւ այդ քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը տարիներ շարունակ սադիստի հետեւողականությամբ ոտնահարել է հենց իրենց պաշտպանյալը, եւ որ՝ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության հավատը վայելող վարչապետին դատի տվող այս «վոին»-ի հայցը շրջվելու է հենց իր դեմ։ Ու շրջողը լինելու է Հայաստանի արժանապատիվ Քաղաքացին։

Մեր ծով համբերության չա՞փն եք ստուգում, պարոնայք մի խումբ խանդավառված փաստաբաններ։

Ի՛նչ ասեմ, բախտներդ փորձեք։

   

Նախորդ հոդվածը‘Ալեքսեյ Նավալնին կալանավորվեց 20 օրով’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Երանոսյանը կանչվել է ՀՔԾ’