‘Լիլիթ Գալստյան. Քայլ առ քայլ կորցնում ենք մեր ինքնիշխանությունը ‘

1776

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի ղեկավար, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը:

Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջարկը, որ հայերենը լինի պաշտոնական լեզու, ռուսերենը` աշխատանքային: Ձեր կարծիքով, ի՞նչ է սա նշանակում:

-Սա լուրջ հարված է առանց այն էլ թուլացած մեր պետականությանը, ինքնիշխանությանը. ռուսական շահերի սպասարկում ` այլ զգացողություն չունեմ։ Վրդովեցնող է նաև այն, որ այդ կարգի «մտածումները»  շրջանառության մեջ են դրվում առանց հասարակության, ժողովրդի կարծիքը  հարգելու։ Իհարկե, մենք սրան վաղուց էինք գնում՝ մեր ապաշնորհ   ներքին քաղաքականությամբ,  ներքին ռեսուրսների համատարած հյուծումով, անկշտում օլիգարխներին երկրի տեր դարձնելով։ 

Երբ մի քանի տարի առաջ քաղաքական մեծամասնության համառությամբ փոփոխություններ կատարվեցին «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում, պարզ էր, որ նաև ռուսական դպրոցների դռներն էին բացվելու։ Երբ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում հայրենական արտադրության հաղորդումների քանակը նվազեցվեց՝ իջեցվելով 55%-ի, պարզ էր, որ ռուսերենով ֆիլմերն ու հաղորդումներն էին հեռարձակվելու։ Իսկ Հանրային հեռուստատեսության «Հ»-ն էլ հենց այնպես, գեղագիտական նկատառումներով չի անհետացել։ Այո, մենք վաղուց ենք սկսել սպասարկել ոչ հայկական շահը։  Երբ Ռուսաստանի դեսպանատան մշակութային կցորդը հայտարարում է ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորության մասին, դեսպանը խոսում  է ՄՄ շրջագծում ինքիշխանության կորստի մասին, ու դրան չի հաջորդում մեր պաշտոնական մեկնաբանությունը, ամեն ինչ պարզ է։

Որո՞նք են, ձեր կարծիքով, այս ծրագրի վտանգները:

— Նախ՝  պետք էր համոզում ունենալ, որ լեզուն հայրենիք է,  գիտակցել, որ լեզվի նկատմամբ ցանկացած մեղանչում հարված է հայրենիքին, ազգային պետականությանը։  Իսկ առհասարակ սա մեկ օրվա հարց չէր՝իմունիտետը կորցրած երկրի պատկեր է։ Հայաստանն իր ներքին քաղաքական, սոցիալ-տնտեսական ռեսուրսներով, երկրի բարոյահոգեբանական մթնոլորտով ինքն իրեն հասցրել է մի վիճակի, երբ զրկվել է ընտրության հնարավորությունից։ Ներքին իմունիտետի խրոնիկական կորուստը մի օր երկրի քաղաքական իշխանությանն առերեսելու էր այսպիսի կացության հետ։ Քայլ առ քայլ կորցնում ենք մեր ինքնիշխանությունը՝ պարտության իներցիան անկասելի է դարձել, ու մեր շատ բարձր պաշտոնյաներ՝ սթափվելու փոխարեն, պարզապես լծվել են այդ գործին։ Մինչդեռ կարելի էր սթափվել, մտածել կացությունը փրկելու մասին, երկրի արժանապատվությունն ու անկախության հեռանկարը չվտանգելու մասին։  Մեր իշխանությունները երբեք չունեցան գիտակցումը, որ հոգևոր- մշակութային արժեքները ազգային ինքնության էությունն են։ 

Աշոտյանը հետո արդարացել էր, թե իրեն սխալ են հասկացել, որ իր ասածը օրենքի խախտում չէ, որ ասվածը վերաբերում էր Մաքսային միության անդամ երկրների միջեւ փոխհարաբերություններին: Ձեր կարծիքով, այս արդարացումը հիմնավո՞ր էր, թե՞ ոչ:

-Կարծում եմ՝ հատկապես երկրի կրթության նախարարը, այն էլ՝ դրսում, այսպիսի հայտարարություններ անելիս պիտի չափազանց զգույշ լինի, հասկանա, թե մեր՝ հայերիս համար պետականության կորուստների համատեքստում ինչ բացառիկ արժեք է եղել լեզուն։ Եւ, ցավոք, փորձառությունս ասում է, որ այսպիսի անզգույշ արտահայտությունները հետո օրենսդրական հիմնավորումներ են ստանում։

Ձեր կարծիքով՝ իրատեսակա՞ն է այդ առաջարկի ընդունումը. հնարավո՞ր է, արդյոք այդ առաջարկը կենսագործվի:

-Այս օրերին, երբ ՀՀ կառավարությունն այլևս մայրաքաղաքում և Գյումրիում հողային տարածքներ է հատկացնում ռուսական ռազմաբազաներին, ընթացքն այլևս անկասելի է։   Կրկնեմ՝ մեր իշխանությունները Հայաստանը հասցրին մի կացության, երբ մեր փոխարեն որոշումներ ուրիշներն են ընդունում։ Եվ մյուս ցավալի երեսը՝ մեր փսորած, բազմաչարչար, հուսահատ ու արժեքների դեգրադացիա ապրող հասարակությունը, որ պայքարելու ռեսուրսներ, գուցեև՝ ցանկություն չունի։ Նրան շատ են խաբել  և տևական։  Այսքանից հետո մի՞թե նա հարց չի տա՝  շարունակել հոգևոր , ֆիզիկական ու սոցիալական (օրեցօր աղքատացող) անապահով երկրո՞ւմ ապրել, թե՞ իր երկրի անվտանգությունը «երաշխավորող» երկրում։

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում քննարկում են համաշխարհայն շուկա գազի արտահանման խնդիրը’
Հաջորդ հոդվածը‘Սմբատ Կարախանյան. «ՌԴ-ն երկխոսում է ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ»’