‘Լիսկայի գործով առաջին դատական նիստը՝ հունիսի 19-ին’

1001

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցյալ տարվա հունիսին 2-ին Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքերի առիթով հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: «Datalex» տեղեկատվական կայքի տվյալների համաձայն՝ գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին: Իսկ առաջին դատական նիստը տեղի կունենա հունիսի 19-ին՝ ժամը 12:00-ին:

Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով,որ 01.06.2013 թ ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել,նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող `Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված,իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:

Իրականացված նախաքննության վերաբերյալ iLur.am-ը ավելի վաղ զրուցել էր Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանի հետ, ով նշել էր, որ դատարանների վրա հսկայական ճնշումներ են գործադրվում, իսկ նախաքննությունը որակել էր որպես գլխիվայր շուռ տված: 

Նախորդ հոդվածը‘Սմբատ Այվազյանի վերջին հրաժեշտի արարողությունը. Ֆոտոներ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հանրապետական կուսակցության ապագա ջարդը’