‘Լիսկայի գործով բոլոր նյութերը քննիչը ներկայացրեց Բուդաղյաններին’

1403

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգության գործով քննիչն այսօր՝ հուլիսի 7-ին, Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանին ներկայացրեց այն նյութերը, որոնք երկար ժամանակ հրաժարվում էր տրամադրել: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:

«Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության  դատարանն այսօր սկսեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ անցած տարվա հունիսի 1-ի գիշերը տեղի ունեցած դեպքով երկու անձանց՝ նախկին մարզպետի որդու եւ թիկնապահի նկատմամբ   քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումների դեմ Բուդաղյանների ներկայացրած բողոքների քննությունը: Քննիչները ներկայացրին նյութերը, որոնք օրենքով պետք է ներկայացվեին: Դեռ չեմ ծանոթացել դրանց բովանդակությանը, 70 էջ է: Մի քանի օրից կարող եմ արդեն կարծիքս հայտնել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ դատական նիստը հետաձգվեց եւ տեղի կունենա հուլիսի 10-ին:

Նշենք, որ Հայկ Ալումյանը դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով քննիչի երեք որոշումները: Նրանք բողոքարկել էին քննիչի երկու որոշումները, որոնք վերաբերում էին Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն: Երրորդ որոշումը, որը նրանք բողոքարկել են, վերաբերում էր մահացած Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելուն: Դատարանը փետրվարին կասեցրել էր բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն էր, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, որը ԼՂՀ N զորամասի հրամանատար էր, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն էր, որը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն էր եւ թիկնապահը: Կրակոցները հնչել էին «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Դեպքից հետո Արտակ Բուդաղյանին մեղադրանք էր առաջադրվել Արտակ Բուդաղյանին Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով՝  սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը:

Նախորդ հոդվածը‘Ուզբեկ մրցավարը աշխարհի առաջնությունների ռեկորդ է սահմանել’
Հաջորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երեւանում եւ այլ մարզերում’