‘Լիսկայի գործ. Դատավորները խոսքը մեկ են արել’

1098

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Լիսկայի գործով» Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Պաշտպանը բողոքարկում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (հայտնի Լիսկայի) թիկնապահին քրեական հետապնդումից ազատելու վերաբերյալ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության կայացրած որոշումը:

Այսօրվա դատական նիստի ընթացքում դատավոր Արթուր Մկրտչյանի կողմից քննարկվեց և որոշվեց միավորել միևնույն քրեական գործին առնչվող երեք դատաքննությունները. նույն որոշումն էր կայացրել նաև դատավոր Լյովա Ավետիսյանը, ով քննում էր Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որոշման դեմ բողոքը:

Քննիչ Ալեքսանդր Ղազարյանը այսօր կրկին հրաժարվում էր պատասխանել լրագրողների հարցերին, սակայն պահանջում էր ներկայացնել երկու կողմերի տեսակետները և ետ  չէր կանգնում այն պնդումից, ըստ որի՝ իրավունք չունի հրապարակելու իր որոշումները հիմնավորող նյութերը (2500 թերթից դատարանին տրամադրվել է ընդամենը 189-ը):

Հիշեցնենք, որ  Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը բոլորովին վերջերս մեղադրվում էին այս տարվա հունիսի 1-ին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության և նրա եղբորը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին վիրավորելու համար: Քննչական մարմինը «հիմնավորել էր», որ Խաչատրյանի և Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, որի հիման վրա դադարեցվել էր հետապնդումը: 

Նախորդ հոդվածը‘Նախարար. Մաքսային միության «լույսի ներքո» գազի թանկացումը կփոխհատուցի Ռուսաստանը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ էներգետիկայի նախարարը ՄՄ-ի առավելությունների մասին. Գազը 30%-ով կզեղչվի’