‘Լիսկայի գործ. Քննիչը թաքցնում է ապացույցները’

1458

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Լիսկայի գործով» Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Պաշտպանը բողոք էր ներկայացրել դատարան՝  պահանջելով դադարեցնել Ավետիք Բուդաղյանի դեմ քրեական հետապնդումը:

Դատավարության սկզբում Ալումյանը դատարանին ներկայացրեց փաստեր, որոնց առկայության դեպքում խոսք չի կարող լինել արդար դատաքննության մասին: Մասնավորապես՝  քննիչը դիտավորյալ դատարանից թաքցնում է իր որոշումները հիմնավորող նյութերը (2500 թերթից դատարանին տրամադրվել է ընդամենը 189-ը), որոնք ներառում են դեպքի բոլոր ականատեսների ցուցմունքները, դեպքի վայրի զննությունը և այլ մանրամասներ, որոնց բացակայության պարագայում ոտնահարվում է արդարադատությունը:

Հիշեցնենք, որ  Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը բոլորովին վերջերս մեղադրվում էին այս տարվա հունիսի 1-ին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության և նրա եղբորը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին վիրավորելու համար: Քննչական մարմինը «հիմնավորել էր», որ Խաչատրյանի և Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, որի հիման վրա դադարեցվել էր հետապնդումը:

Դատական նիստի ժամանակ Բուդաղյանների փաստաբանը միջնորդեց դատարանին պարտադրելու քննիչ Ղազարյանին տրամադրել հիմնական նյութերը՝ մեղադրելով նրան սեփական հայեցողությամբ գործելու մեջ: Սակայն քննիչ Ղազարյանն անընդհատ չափազանց բուռն էր արձագանքում  իր հասցեին հնչեցված մեղադրանքներին և պնդում, որ ցանկանում է տալ, բայց դրա իրավունքը չունի:

Մինչ միջնորդությանն անդրադառնալը՝ դատավոր Լյովա Ավետիսյանն առաջարկեց միավորել միևնույն դեպքին առնչվող բոլոր երեք գործերը: Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը բողոք էր ներկայացրել էր նաև Լիսկայի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ:

Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ և Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի այս առաջարկը՝ հետագայում նաև որոշումը, չէր բխում օրենսդրությունից, թեև նպատակահարմարության սկզբունքից ելնելով՝ բոլոր փաստարկները ընդունելի են: Ավելին, փաստաբանը  նշեց, որ օրենքում այնպիսի դրույթ չի գտել, որը հնարավորություն կտար նման որոշում կայացնելու:

«Գործի քննության ժամանակ երեք դատավարություններն էլ  կրկնվելու էին, և հետևաբար՝ այս դեպքում միասնական դատաքննությունը նպատակահարմար է, միևնույն ժամանակ՝ գտնում եմ, որ օրենքի պահանջների խախտումը նպատակահարմարությամբ  չի կարող արդարացվել»,- հավելեց պաշտպանը, ով առաջարկել էր դատավորի ընտրությունը կատարել վիճակահանությամբ՝ զերծ մնալով կանխավ որոշված լինելու տարբերակից: Սակայն, այնուամենայնիվ, դատավոր Լյովա Ավետիսյանը որոշեց ընթացքը լուծելու համար գործը հանձնել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահին:

Այսպիսով, նախապես մտածված և պլանավորված քայլերը վկայում են ո՛չ դատարանի կողմից և ո՛չ օրենքի սահմաններում կայացված որոշման մասին, որն ինքնըստինքյան բացառում է հետագա ազատ և արդար դատավարության մասին պնդումը, ինչպես նաև օբյեկտիվությունը:

Փաստաբանը իր խոսքում հավելեց, որ չի պատրաստվում բողոքարկել  դատարանի որոշումը, քանզի այն չի հանդիսանում որևէ իրավունքի սահմանափակման պատճառ, չնայած բնութագրում է իրական մթնոլորտը:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Յուրիկ Վարդանյանի որդու պաշտպանը նախարարի ներողությանն է սպասում’
Հաջորդ հոդվածը‘Նախարարը չկարողացավ պատասխանել` գործազրկության նպաստից զրկվող մարդկանց ո՞ր մասն է աղքատ’