‘Լիսկայի հետ զրուցող Հովեյանը որդու պատճառով հրաժարական տված նախարարներից է (ցանկ, տեսանյութ)’

5480

Ինչպես արդեն տեղեկացրել է iLur.am-ը, Սյունիքի մարզպետ Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանը երեկ «Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում էր: Մեր տեսախցիկը ֆիքսել էր, որ նա զրուցում էր գրող, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի եւ Արարատի մարզպետ  Էդիկ Բարսեղյանի հետ («Լոնդիկ»):

Ուշագրավ է, որ նախկին նախարար Հովեյանը այն երեք նախարարներից մեկն է (ցուցակը տես նյութի վերջում), որն իր որդու պատճառով հրաժարական է տվել: Ինչպես իրավացիորեն նկատել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ «մարզպետն ու պոետը, հաստատ, պոեզիայից չեն խոսում: Եվ այս երկուսին, հաստատ, բանաստեղծությունը չի միավորում: Ինչպես հիշում եք, տարիներ առաջ բախում էր եղել Հովիկ Հովեյանի ու նրա թավջութակահար որդու եւ մի էլեկտրիկի միջեւ: Բարեբախտաբար, միջադեպը մահացու ելք չէր ունեցել: Սակայն Հովիկ Հովեյանը ստիպված եղավ հրաժեշտ տալ նախարարի պաշտոնին:

Հովիկ Հովեյանը, հավանաբար, իր կենսափորձն է կիսում Սուրեն Խաչատրյանի հետ եւ հուշում, թե ինչ անել` մարզպետի պաշտոնին հրաժեշտ չտալու համար»:

Ներկայացնում ենք 2006 թ. կայքերից մեկի հրապարակած նորությունը Հովիկ Հովեյանի հրաժարականի մասին:

«ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Հովիկ Հովեյանը հունվարի 5-ին հրաժարական է տվել: Դրա նախորդ օրը նախարարը որդու՝ Վաչեի, և նրա ընկերների հետ մասնակցել է էլեկտրացանցում տեղի ունեցած ծեծկռտուքին, որի ժամանակ ատրճանակի խզակոթով հարվածել է երկու հոգու գլխին:

Միջադեպը ծագել է «Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցեր» ընկերության «Հարավ» մասնաճյուղում այն բանից հետո, երբ էլեկտրականության անջատումներ են եղել Մաշտոցի 58 շենքում, որտեղ բնակվում է նախարարը:

Տոնական օրերին էլեկտրականության անջատումներից զայրացած՝ նախարարի որդին ու նրա ընկերները որոշել են գնալ էլցանց պատճառը պարզելու: Նախարարը, որն իր հավաստմամբ այդ ժամանակ վատառողջ է եղել և բարձր ջերմություն է ունեցել, գնացել է նրանց հետ, «որպեսզի խուսափեն ավելորդ միջադեպերից»:

Էլեկտրացանցի աշխատակիցներից մեկը նշում է, որ հերթապահները մասնաճյուղի դարպասները բացել են այցելուների առաջ միայն այն պատճառով, որ նրանց մեջ է եղել նախարարը:

Այցելուների ներս մտնելուց հետո կռիվ է սկսվել, որի ժամանակ, ինչպես հաղորդում են, Հովիկ Հովեյանն իր ատրճանակի խզակոթով հարվածել է հերթապահ աշխատողներից երկուսի գլխին` հասցնելով միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Հովեյանը, սակայն, այլ կերպ է ներկայացնում իրողությունը:

«…Ներս մտնելով` ականատես եղա քաշքշուկի. մեկ տասնյակից ավելի մարդիկ հարձակվել էին մի քանի բնակչի ու որդուս վրա: Ի՞նչ պետք է աներ հայրը, հայ մարդը, քաղաքացին. չպաշտպանե՞ր իր որդուն: Փորձեցի միջամտել ու խաղաղեցնել նրանց»,- ասում է նախկին նախարարը:

Հովեյանի վարկածը հերքում են էլեկտրացանցի «Հարավ» մասնաճյուղի աշխատակիցները, այդ թվում՝ ընկերության լրատվական ծառայության ղեկավար Մարգարիտա Գրիգորյանը:

«Այն պատճառաբանությունը, որ նախարարը ստիպված միջամտել է հարևանների սարքած կռվին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ էլցանցի տարածքը փակ է որևէ կողմնակի մարդու համար»,- նշում է Գրիգորյանը:

Դիսպետչերական ծառայության պետ Արմեն Փափազյանի հավաստմամբ՝ Հովեյանը նախ զանգահարել է մասնաճյուղ, հայհոյել պատասխանողին ու որոշ ժամանակ անց որդու և նրա ընկերների հետ զինված ներխուժել դիսպետչերական սենյակ:

«Երբ մոտեցա, մեր տղաներին արդեն գցել էին գետնին ու հարվածում էին: Փորձեցի բաժանել նրանց, բայց նախարարը ատրճանակի կոթով հարվածեց գլխիս,- պատմում է Արմեն Փափազյանը: — Դրանից առաջ նա նույն ատրճանակով հարվածել էր հերթապահ վարորդ Վարդան Մարտիրոսյանին, որի դեմքն արյունլվա էր եղել»:

Ըստ Մարտիրոսյանի` ո’չ Հովեյանը, ո’չ էլ նրա որդին ու ընկերները որևէ բացատրություն չեն պահանջել:

«Չհասցրինք բացատրել, որ մենք պատասխանատու չենք, պահակ ու հերթապահ ենք, հա խփեցին ու խփեցին, գլխներիցս արյունը հոսում էր»,- վերհիշում է Մարտիրոսյանը:

Միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության քննիչները` ճշտելու միջադեպի մանրամասները:

Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայադ Շիրինյանի՝ դեռևս քրեական գործ չի հարուցվել, քանի որ գործը հետաքննության փուլում է: Սռայժմ հայտնի չեն նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

Էլեկտրացանցի աշխատակիցները հաստատում են, որ նախարարի շենքում էլեկտրասնուցման հետ կապված խնդիրներ են եղել, ինչպես և քաղաքի շատ այլ շենքերում: Ըստ Գրիգորյանի՝ էլեկտրականությունն անջատվել է դեկտեմբերի 31-ին՝ մոտ 15 րոպեով: Հետո կրկին անջատվել է հունվարի 4-ին՝ միջադեպի օրը:

Մաշտոցի 58 շենքի բնակիչները նույնպես հաստատում են, որ իրենց շենքը Նոր տարվա նախօրեին հոսանքազրկվել է, բայց ասում են, որ իրենք աղմուկ չեն բարձրարցրել:

«Նոր տարվա օրով ո՞վ հավես ուներ գնար էլեկտրացանց, որը ահագին հեռու է մեզանից: Մենք զանգել ենք, ասել են, որ վթար է տեղի ունեցել, բայց չենք գնացել»,- ասում է նույն շենքի բնակիչ Մարտին Սարգսյանը:

Գրիգորյանի փաստմամբ՝ հունվարի 4-ի անջատումը երկար չի եղել, և աշխատակիցներն արել են հնարավորինը` վթարի հետևանքներն արագ վերացնելու համար:

Հովեյանն «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է, և այդ կուսակցությունն էլ, ըստ կոալիցիայի միջև բաժանված քվոտաների՝ իրավունք ունի նախարարի նոր թեկնածու առաջադրել:

Կուսակցության առաջադրած առաջին թեկնածուն Թամարա Պողոսյանն էր, որը նախարար նշանակվեց 2003 թ. հունիսին, սակայն մեկ տարուց էլ պակաս պաշտոնավարեց: 2004-ի մայիսին նրան փոխարինեց Հովեյանը:

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի հավաստմամբ` փետրվարի սկզբին կուսակցությունը նոր թեկնածու կառաջադրի»:

Որդիների պատճառով հրաժարական ներակայացրած պաշտոնյաների ցանկ.

2004թ. քաղաքաշինության նախարարի պաշտոնից հրաժարական տվեց այն ժամանակ ՕԵԿ-ական, հիմա՝ ԲՀԿ-ական Արա Արամյանը: Պատճառը եղել էր այն, որ նրա որդին Երեւանի սրճարաններից մեկում կրակոցներ էր արձակել:

2005թ. այն ժամանակ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի որդին էլ հոր ծառայողական մեքենայով վթարի էր ենթարկել մի քաղաքացու: Դեպքից անմիջապես հետո Օսկանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, սակայն Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել էր հրաժարականն ընդունել:

2006թ. հրաժարական ներկայացրեց կրկին ՕԵԿ ներկայացուցիչ, մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը: Նա էլ իր որդու հետ մտել էր ՀԷՑ Երեւանի Կենտրոն համայնքի մասնաճյուղերից մեկը, ծեծի ենթարկել այնտեղի աշխատակիցներին, ատրճանակի կոթով հարվածել նրանցից մեկի գլխին: Իսկ պատճառը եղել էր այն, որ ամանորի տոներին իրենց թաղամասը որոշ ժամանակ հոսանքազրկվել էր:

Նախորդ հոդվածը‘Սյունիքի մարզպետարանը ներկայացրել է Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկների տեսագրության բովանդակությունը’
Հաջորդ հոդվածը‘Պետրոս Ղազարյան. Ըստ մարզպետարանի վարկածի՝ Արտակ Բուդաղյանին վիրավորել է նրա սպանված եղբայրը’