‘Լիսկայի և նրա ազգականների քրեական քրոնիկոն կամ հանցագործություններ՝ հանցակազմի բացակայությամբ’

1281

Ինչպես արդեն հաղորդել էինք, ոստիկանությունում՝ հանցակազմի բացակայության պատճառով քրգործ չի հարուցվել Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ի Սյունիքի տարածքային կառույցի ղեկավար Սուրիկ «լիսկա» Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ ծեծկռտուքի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Լիսկայի  եղբոր որդին ծեծի էր ենթարկել, առևանգել էր և որոշ տեղեկություններով՝ նույնիսկ դանակահարել էր երկու քաղաքացու: Այս կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ Սուրիկ Խաչատրյանի և նրա ազգականների հանցագործություններում հանցակազմը համարյա միշտ բացակայում է: Այսպես.

Հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը Գորիս քաղաքում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանն՝ իր բարեկամ Յուրա Մանուչարյանի հետ լոմով հարվածներ են հասցրել իրենց համաքաղաքացի, բենզալցակայանի աշխատող Վիտալիկ Մեսրոպյանին: Այս անգամ ևս քրեական գործ չէր հարուցվել: Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ քրեական գործ չի հարուցվել քրեական դատավարության 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ բացակայում է դիմողի բողոքը:

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիսը, 2004 թ. մեղադրվել է նաև իր համաքաղաքացի, 2 անչափահաս երեխաների հայր, 34-ամյա Հովհաննես Բադալյանի դիտավորյալ սպանության մեջ (դանակի 12 հարվածով), որը կատարել է իր մյուս հորեղբորորդի Էյներ Խաչատրյանի հետ: Մայիսը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, սակայն 7 տարի անց՝ 2011թ. պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, իսկ Էյները դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման: Սպանության մոտիվը եղել է այն, որ Հովհաննեսը, մթության մեջ չնկատելով շենքի մուտքի մոտ կանգնած Էյներ Խաչատրյանին, կպել է նրա ուսին, ինչից էլ վեճ է սկսվել, երիտասարդը գազանաբար սպանվել է դանակի 12 հարվածով 2004 թ. փետրվարի 29-ի գիշերը:

Եվս մեկ դեպք Էյներ Խաչատրյանի մասնակցությամբ, այս անգամ՝ Գորիսի ռեստորաններից մեկում այս տարվա մարտին: Սակայն դարձյալ որևէ քրեական գործ չհարուցվեց:

Համաձայն պաշտոնական վարկածի՝ Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահը հենց նախկին մարզպետի տան բակում կրակել և սպանել էին Ավետիք Բուդաղյանին և ծանր վիրավորել Արտակ Բուդաղյանին, սակայն երկուսն էլ քրգործում ներգրավված են որպես վկա, իսկ մեղադրանքը աջադարվել է Արտակ Բուդաղյանին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը եւ Իտալիան համաձայնագիր են ստորագրել’
Հաջորդ հոդվածը‘Եվգենի Ալդոնին. Կապելլոն ֆուտբոլը համեմատում է գինու, իսկ հավաքականը՝ խաղողի հետ ‘