‘Լիսկան՝ Գորիսի մասին. վախի մթնոլորտ ընդհանրապես չկա’

897

Գորիսում հունիսի 8-ին կայացած քաղաքապետի ընտրություններն ապացուցեցին, որ այդ քաղաքում հարգանքի մթնոլորտ է: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որն այցելել էր Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին, փոխանցում է News.am-ը:

«Գորիսում ընտրություններն անցել են լավ՝ առանց ընտրախախտումների: Այս ընտրություններն ապացուցեցին, որ Գորիսում հարգանքի պահ կա ընդամենը, վախի մթնոլորտ ընդհանրապես չկա»,- ասաց նա:

Հարցին, թե ինչքանով է Վաչագան Ադունցին օգնել նախկին մարզպետը՝ վերջինս պատասխանեց. «Մենակ իմ առաջադրելը՝ օգնություն է արդեն»:

Սուրիկ Խաչատրյանը հերքեց նաեւ, որ իր հարազատները աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվում:

«Հլը որ էդ փաստերը չկան, իրավապահները դրանք չեն արձանագրել»,- ասաց նա՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:

Հիշեցնենք, որ Լիսկայի  եղբոր որդին ծեծի էր ենթարկել, առևանգել էր և որոշ տեղեկություններով՝ նույնիսկ դանակահարել էր երկու քաղաքացու: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Սուրիկ Խաչատրյանի և նրա ազգականների հանցագործություններում հանցակազմը համարյա միշտ բացակայում է: Իսկ Լիսկայի բարեկամ հանդիսանալու հանգամանքը հենց առիթ է հանդիսանում քրեական գործ չհարուցելու համար:

Ավելին՝ մինչ օրս բոլորի ուշադրության կենտրոնում են գտնվում Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի դեպքերը, երբ նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը սպանեցին Ավետիք Բուդաղյանին եւ վիրավորեցին Ավետիքի եղբայր՝ Արտակ Բուդաղյանին, սակայն երկուսն էլ քրեական գործում ներգրավված են որպես վկա, իսկ Արտակ Բուդաղյանը՝ որպես մեղադրյալ:

Իսկ ինչ վերաբերվում է Սուրիկ Խաչատրյանի այն հայտարարությանը, որ ՏԻՄ ընտրությունները Գորիսում անցել են առանց ընտրակեղծիքների, նշենք, որ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները Գորիսում լուրջ խախտումներ էին արձանագրել: Մասնավորապես՝ 3 ծրար քվեախցիկում, որոնք հանձնաժողովի նախագահը ոչնչացրել էր: Այս գործընթացը վկայում էր հայտնի «կարուսելի» մասին:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ գլխավոր գանձապետը՝ Լևոն Զուրաբյանի բացահայտման մասին. Բացասական է հաշվի մնացորդի բացակայությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Մարադոնա. Մեսսին և Ռոնալդուն կօգնեն Արգենտինային և Պորտուգալիային ավելի լավ խաղալու’