Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի՝ Հայաստան այցելության առթիվ

886

Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ, ընթերցողին ենք ներկայացնում Լիտվայի նախկին նախագահներ Վիտաուտաս Լանդսբերգիսի և Ալգիրդաս Բրազաուսկասի՝ հայ-լիտվական հարաբերությունների պատմության տեսակետից արժեքավոր նամակները ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

ՎԻՏԱՈՒՏԱՍ ԼԱՆԴՍԲԵՐԳԻՍ

Լիտվական Հանրապետության Նախագահ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին.— Մեծարգո Նախագահ, գրում եմ հապճեպորեն, ոչ այնքան պաշտոնական՝ ընդամենը հիշեցնելու Ձեզ հետ կայացած հեռախոսազրույցը։ Ըստ այդմ, Լիտվական Հանրապետության Գերագույն Խորհրդի պատգամավոր պարոն Կլեմաս Ինտան կժամանի չորեքշաբթի, մարտի 4-ին՝ Ձեզ հետ զրուցելու հայ-լիտվական Պայմանագրին վերաբերող գործն իր ավարտին, այն է՝ վավերացման հուշագրերի փոխանակմանը հասցնելու շուրջ։ Հուսով եմ, Դուք ժամանակ կգտնեք պարոն Ինտայի հետ այդ զրույցի համար։ Բացի այդ, ես Ձեզնից մի մեծ խնդրանք ունեմ։ Անցյալ տարվա հունվարի հիշարժան-ողբերգական օրերին Դուք եղաք Լիտվայի ազնվաբարո պաշտպանը եւ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատվիրակության գործողությունների վկան ու մասնակիցը։ Ցանկացած փաստաթուղթ, որ կարող է պահպանված լինել Ձեզ մոտ, ներառյալ Ձեր արտահայտած կարծիքներն ու հիշողությունները, որոնք կարող եք մեզ տրամադրել, մեծ արժեք են ներկայացնում պատմության եւ արդարության համար։ Հուսով եմ, Դուք թե՛ ժամանակ, եւ թե՛ վստահելի մարդկանց կգտնեք, որոնք կարող են օգտակար լինել այդ տվյալները Լիտվային փոխանցելու գործում։ Անկեղծորեն՝ Ձեր Վիտաուտաս Լանդսբերգիս, Լիտվական Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ, Վիլնյուս, 1 մարտի 1992թ. («Գիտնականը եւ Նախագահը. Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ», Անտարես-Երեւան, 2019, էջ 160-161)։

* * *

ԱԼԳԻՐԴԱՍ ԲՐԱԶԱՈՒՍԿԱՍ

Լիտվական Հանրապետության Նախագահ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին.— Պարոն Նախագահ ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Ձեր հիսունամյակի առթիվ։ Կուզեի ընդգծել Ձեր ներդրումը մեր պետությունների միջեւ բարեկամական եւ փոխշահավետ հարաբերությունների զարգացման գործում։ Մեր երկրների եւ ժողովուրդների փոխըմբռնումը այն նպատակն է, որին ձգտում են թե՛ Լիտվական, եւ թե՛ Հայաստանի Հանրապետությունը։ Հուսով եմ, որ այսուհետ եւս մեր երկրներին կապելու են հարգանքի եւ բարեկամեցողության վրա հիմնված հարաբերությունները։ Պարոն Նախագահ, ցանկանում եմ Ձեզ մաղթել առողջություն, երջանկություն եւ հաջողություններ թե՛ Ձեր աշխատանքում, եւ թե՛ կյանքում։ Անկեղծորեն՝ Ձեր Ալգիրդաս Բրազաուսկաս, Լիտվական Հանրապետության Նախագահ (Նույն տեղում, էջ 161-162):

Նախորդ հոդվածըԱշոտ Սարգսյան․ ՀՀ նախագահն է Սահմանադրության պահպանման առաջին պատասխանատուն
Հաջորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյան. Առաջիկա ընտրությունների օրինակարգությունն ապահովելու մտահոգությամբ