‘Լիտվայի արտգործնախարար. Ընտրություններն ավարտվել են, անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել եվրաինտեգրման գործընթացին’

1622

Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը այսօր Երևանում կոչ արեց կուսակցությունների միջև հասնել կոնսենսուսի և քանի որ ավարտվել են ընտրությունները, անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել եվրաինտեգրման գործընթացին: Այս մասին հաղորդում է «Ա1+»-ը:

Հայ գործընկերոջ հետ մամլո ասուլիսում նա միաժամանակ ընդգծեց, որ մեր երկիր է այցելել է ԵՄ-ի հետ համագործակցությանը խթանելու համար:

«Լիտվան հիմա հանդիսանալու է ԵՄ նախագահող երկրը այս տարվա երկրորդ կեսին, և այդ նպատակով մենք այցելում ենք արևելյան գործընկերության երկրներ և փորձում ենք հստակեցնել մեր առաջնահերթությունները: Ես ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ ձեր երկրում առաջընթաց է գրանցվել ասոցացման համաձայնագրի բանակցություններում, ինչպես նաև` ազատ և համապարփակ առևտրի բնագավառում»,-ասաց նա։

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը հույս ունի, որ Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ Հայաստանը Եվրաիտեգրման ծրագրերում զգալի հաջողությունների հասած կլինի:  Լիտվայի ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ գագաթաժողովին ընդառաջ Հայաստանն ավարտված կլինի Ասոցացման համաձայնագրի և ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: «Դա շատ մեծ առաջընթաց կլինի, և մենք Հայաստանին հաջողություն ենք մաղթում», — ասաց Լինաս Լինկյավիչուսը:

Հայկական կողմը ևս բազմիցս հույս է հայտնել, որ մինչև նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն ավարտած կլինեն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Հիշեցնենք, որ 2012-ի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրեցին վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը:

Նախորդ հոդվածը‘Ռունիի հետ «Մանչեսթեր Յունայթեդը» հույսեր չի կապում’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ը կքննարկի Երեւանի ավագանու ընտրություններին միասնաբար հանդես գալու՝ Կոնգրեսի առաջարկը’