‘Լիտվայի դատարանը հաստատել է «Առաջին ալիքի» վերահեռարձակման արգելքը’

802

Վիլնյուսի շրջանային  վարչական դատարանն այսօր բավարարել է Լիտվայի ռադիոյի և հեռուստատեսության հանձնաժողովի խնդրանքը՝ Լիտվայի տարածքում ժամանակավորապես դադարեցնել ռուսաստանյան «Առաջին ալիքի» հաղորդումների վերահեռարձակումը, ինչը կազմում է Լիտվայում գրանցված «Առաջին բալթյան ալիքի» (ԱԲԱ) հեռարձակման հիմնական մասը: Դատարանը Լիտվայի տարածքի մյուս  հեռարձակողներին պարտավորեցրել է երեք ամսով դադարեցնել «Բալթյան ալիքի» այն հաղորդումների վերահեռարձակումը, որոնք պատրաստվել են ԵՄ չհանդիսացող երկրների կողմից: Այս ամենի պատճառ է հանդիսացել ռուսաստանյան «Առաջին ալիքի» հոկտեմբերի 4-ի «Մարդը և օրենքը» հաղորդաշարի թողարկումը, որում, ըստ լիտվական կողմի, աղավաղված են ներկայացվել 1991 թ. հունվարի 13-ի վիլնյուսյան իրադարձությունները:

1990 թ. մարտի 11-ին Լիտվայի գերագույն խորհուրդը հայտարարեց հանրապետության անկախությունը վերականգնելու մասին, սակայն ԽՍՀՄ իշխանությունները հայտարարեցին, թե այդ որոշումը հակասում է Սահմանադրությանը: 1991 թ. հունվարին Լիտվայում բողոքի ցույցեր սկսվեցին, որից հետո այստեղ բերվեցին հատուկջոկատային ստորաբաժանումներ, որոնք մի շարք ռազմավարական օբյեկտներ վերցրին իրենց վերահսկողության տակ: Հունվարի 13-ի գիշերը բախումներ տեղի ունեցան ցուցարարների և  սովետական իշխանությունը պաշտպանող զինվորների միջև, հեռուստակենտրոնի մերձակայքում զոհվեց 14 մարդ, ավելի քան 600-ը վիրավորվեցին: Հատուկ ծառայության աշխատակիցները հայտարարեցին, որ բախումները տեղի են ունեցել սադրանքների արդյունքում, և բոլոր զոհվածները սպանվել են դիպուկահարի կրակոցից, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է դարձել Յասիր Արաֆաթի մահվան պատճառը. Նրան թունավորել են ‘