‘Լիտվայի նախագահը Youtube-ում հայտնված ձայնագրությունը սադրանք է համարում Վիլնյուսի դեմ’

789

Լիտվայի նախագահ Դայլա Գրիբաուսկայտեն Լիտվայի դեմ սադրանք է որակել վերջերս համացանցում հայտնված՝ լիտվացի դիվանագետների զրույցը, ընդ որում, նախագահը փաստացի կասկածի տակ չի դրել ձայնագրությունների իսկությունը:

«Ես հակված եմ այս իրավիճակին երկակի գնահատական տալ: Նախ, ես այն գնահատում եմ որպես սադրանք, այն իմաստով, որ հանրային տարածքում հայտնվել են խոսակցություններ, որոնք հանրային չեն եղել: Դա իսկապես սադրանք է Լիտվայի դեմ, մեր դեմ, որպես ԵՄ նախարարների խորհրդում նախագահող երկրր, որը կազմակերպում է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, իսկ դրան (Արեւելյան գործընկերության ծրագրին) հենց մասնակցում է այն երկրներից մեկը, որը քննարկվում էր այնտեղ (հավանաբար, նկատի ունի Հայաստանը), — շաբաթ օրը հայտարարել է Գրիբաուսկայտեն:

Նախագահը պնդում է, որ հանրության սեփականությունը դարձած խոսակցության բովանդակությունը ծայրահեղ ոչ արհեստավարժ է եւ հարիր չէ դիվանագիտական ծառայությանը: Նրա խոսքով, եթե նման բովանդակությունը չլիներ, չէր լինի նաեւ այս սադրանքը հրահրելու հնարավորությունը: «Կարծում եմ, սա լավ դաս է ողջ դիվանագիտական ծառայության համար, ձգվելու եւ չթուլանալու, ինչպես տեսնում ենք խոսակցության մեջ», — ասել է Գրիբաուսկայտեն: Լիտվայի ԱԳ նախարարության գլխավոր տեսչությունը հետաքննություն է ձեռնարկել Youtube-ում հայտնված ձայնագրությունների կապակցությամբ:

Հիշեցնենք, որ լիտվացի դիվանագետների հեռախոսազրույցում խոսակցությունը գնում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ: Մասնավորապես, դիվանագետներից մեկը, խոսելով Լիտվայի Սեյմում գրարնանը ստեղծված Լիտվա-ԼՂՀ խորհրդարանական բարեկամության խմբի մասին, զրուցակցին խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղի փոխարեն օգտագործել Արցախ անվանումը:  

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. ՄԻՊ-ի արձագանքը ակտիվիստներին կլինի հնարավորինս սեղմ ժամկետներում’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը հրաժարվեց ազատ արձակել Տիգրան Առաքելյանին. դատական նիստի ընթացքը (տեսանյութ)’