‘Լիտվա. Նախագահական ընտրություններում բոլոր թեկնածուների համար Ռուսաստանն ագրեսոր է’

1238

Լիտվայի նախագահի պաշտոնի հիմնական թեկնածուներից ոչ մեկը մտադիր չէ փոխելու Ռուսաստանի նկատմամբ տարվող քաղաքականությունը, որին Լիտվայում ագրեսոր են համարում Ղրիմում և Ուկրաինայի արևելքում իրադարձություններից հետո:

Մայիսի 12-ին երկրում կանցկացվեն նախագահական ընտրություններ ու միանգամից երկու հանրաքվե:

Լիտվայի գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն այդ պաշտոնն զբաղեցնում է 2009 թվականից: Ժամանակին նա ազգային ռեկորդ էր սահմանել՝ 69 % ձայն հավաքելով նախագահական ընտրությունների առաջին փուլում:

Այս անգամ ընտրությունները հազիվ թե սահմանափակվեն մեկ փուլով. հարցումների համաձայն՝ թեկնածուներից ոչ մեկը 50 %-ից ավելի ձայն չի հավաքում: Եթե բուն քվեարկության ժամանակ նույնպիսի արդյունք գրանցվի, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներ կանցնեն երկրորդ փուլ, որը կայանալու է մայիսի 26-ին:

Լիտվայի նախագահն ավելի մեծ լիազորություններով է օժտված, քան նրա պաշտոնակիցները Լատվիայում և Էստոնիայում: Լիտվայում պետության ղեկավարը, կառավարության հետ հավասար, կազմավորում է արտաքին քաղաքականությունը, հանդիսանում է բանակի գերագույն գլխավոր հրամանատարը, ունի օրենսդրական նախաձեռնության և օրենսդրական վետոյի իրավունք: Եթե Լատվիայում և Էստոնիայում նախագահին ընտրում է խորհրդարանը, ապա Լիտվայում՝ ձայնի իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները: Ընտրություններին մասնակցելու պարտադիր պայման է 20 հազար ստորագրությունը, որը թեկնածուն պետք է նախապես հավաքի և հանձնի ԿԸՀ:

Ինչ վերաբերում է հանրաքվեներին, ապա դրանցից մեկը երկքաղաքացիության թույլտվության մասին է՝ այն երկրների հետ, որոնք «համապատասխանում են Լիտվայի ընտրած՝ եվրոպական և անդրատլանտյան ինտեգրացիայի չափանիշներին»: Երկրորդ հանրաքվեն վերաբերում է խորհրդարանի թիվը 141-ից կրճատելուն մինչև 121: Երկու հարցերն էլ նախատեսում են սահմանադրական հոդվածների փոփոխություն, ուստի և դրվում են հանրային քննարկման:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Football Hub. «Լիվերպուլ»-ը նոր պայմանագիր է առաջարկել Կլոպին’
Հաջորդ հոդվածը‘Ծանրամարտը պաշտոնապես ընդգրկվել է Փարիզ-2024-ի ծրագրում’