‘ԼՂՀ ԱԳՆ. ԼՂՀ իշխանությունները պատրաստ են այսուհետ ևս իրենց կառուցողական ներդրումն ունենալ հակամարտության գոտում կայունության ու կանխատեսելիության մակարդակի բարձրացման գործում’

1531

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը, պատրաստ են այսուհետ ևս իրենց կառուցողական ներդրումն ունենալ բանակցային գործընթացի շարունակման համար պայմանների ապահովման և հակամարտության գոտում կայունության ու կանխատեսելիության մակարդակի բարձրացման գործում: Այդ մասին հայտարարել է  ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը` Karabakh-open.info լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանելով օգոստոսի 10-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը։

«Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածության աննախադեպ սրացման ֆոնին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման փաստը, մեր կարծիքով, արդեն իսկ դրական քայլ է, որը կարող է խթանել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացումը:  

Ռուսական կողմի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի նախաձեռնությունը հստակ ազդանշան դարձավ առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորումն այլընտրանք չունի և խաղաղարար ջանքերի խաթարման ցանկացած փորձ անթույլատրելի է:     

Կարևոր է, որպեսզի տվյալ ազդանշանը հասնի Ադրբեջանի ղեկավարությանը, որը դեռևս հանդիպման նախօրեին սպառնում էր ռազմական գործողությունների վերսկսմամբ: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի հռետորաբանության մեջ առնվազն հանդիպման հրապարակային մասում ցուցաբերված որոշակի փոփոխությունը, հուսով ենք, որ նման տրամադրվածությունը կպահպանվի նաև Ադրբեջանի նախագահի Բաքու վերադառնալուց հետո», — ասել է ԼՂՀ արտգործնախարարը:

Նախորդ հոդվածը‘Ֆինանսների նախարարությունը Լֆիկ Սամոյին «բռնացրել է» հարկերը թաքցնելիս’
Հաջորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ. «Ռեալ»-«Սևիլյա» խաղից առաջ’