‘ԼՂՀ ԱԳ նախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրերի արդյունքները ‘

821

Դեկտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի է ունեցել  ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին տեղի և հավատարմագրված արտասահմանյան լրագրողներ:         

Ըստ ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայության, Միրզոյանը որպես անցնող տարվա կարևորագույն քաղաքական իրադարձություն նշել է հուլիսին կայացած նախագահական ընտրությունները, որոնք, նրա խոսքերով, դարձել են պետականաշինության գործընթացի կարևոր փուլ և հանրապետության հետևողական ժողովրդավարական զարգացման հավաստում, ինչը նշվել է նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից:         

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ` նախարարն ափսոսանքով է արձանագրել լուրջ առաջընթացի բացակայությունը, որի գլխավոր պատճառը պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչը գործնականում բանակցային գործընթացը տանում է դեպի փակուղի: Այդ համատեքստում Կարեն Միրզոյանը նշել է դավադիր մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելու և հերոսացնելու փաստը:

Որպես ԼՂՀ դիվանագիտության գլխավոր խնդիր՝ նախարարը նշել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով և ԼՂՀ միջազգային ճանաչումը:         

Կարեն Միրզոյանը պատասխանել է նաեւ լրագրողների տարաբնույթ հարցերին, որոնք, մասնավորպաես, վերաբերում էին ղարաբաղյան կարգավորման արդի փուլին և նրա վրա գլոբալ ու տարածաշրջանային հիմնախնդիրների ազդեցությանը, արտերկորւմ ԼՂՀ  ներկայացուցչությունների գործունեությանը, զանազան մարդասիրական հարցերի, որոնք ծագել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով: Կարեն Միրզոյանը նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում առկա բոլոր հարցերը պահանջում են համալիր, փաթեթային լուծում:         

Նախորդ հոդվածը‘Հնդկաստանի կառավարությունը կհետաքննի ավտոբուսում կատարված բռնաբարության փաստը ‘
Հաջորդ հոդվածը‘Սեբաստյան Ֆետելը՝ Եվրոպայի տարվա մարզիկ’