‘ԼՂՀ ԱԳ նախարարն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը’

1122

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ մեկնաբանությամբ: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ԱԳ նախարարի մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների շահագրգռվածությունն ուղղված Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը, որն արտահայտվել է 2013թ. հունիսի 18–ի՝ համատեղ հայտարարությամբ:

Տվյալ հայտարարությունը հերթական անգամ հաստատում է համանախագահող երկրների վճռական դիրքորոշումը՝ բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը և նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հաստատել մեր դիրքորոշումն առ այն, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար պարտադիր պայման է հանդիսանում բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումը՝ նրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական և ուղղակի մասնակցությամբ, որին Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է:

Մենք հույս ունենք, որ խաղաղ կարգավորման ջանքերի ակտիվացմանն ուղղված կոչը լսելի կլինի Ադրբեջանում և նրա ղեկավարությունը կհրաժարվի միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքներն ընտրովի մեկնաբանելու փորձերից, տարածաշրջանում լարվածության և անվստահության մթնոլորտը խորացնելուց, ինչպես նաև ստեղծված  իրողություններն անտեսելուց:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հանդիսանալով բանակցությունների գործընթացում ստեղծված իրավիճակից ելք գտնելու և երկրի ու ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերող որոշումներ կայացնելու մեջ ամենաշահագրգիռ կողմը, պատրաստ է շարունակել ջանքեր գործադրել երկարատև խաղաղության և կայունության հաստատման համար»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան հունիսի 18-ին հանդես են եկել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ հայտարարությունները, որոնցով իրենք այս հարցի առնչությամբ հանդես են եկել վերջին 4 տարիներին, պետք է դառնան ԼՂ հակամարտության արդար և կայուն կարգավորման հիմքը: «Մենք միաժամանակ խնդրում ենք զերծ մնալ գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում և թեժացնել հակամարտությունը: Ղեկավարները պետք է իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի: Մենք վճռականերով հորդորում ենք բոլոր կողմերի ղեկավարներին ևս մեկ անգամ հաստատել իրենց հավատարմությունը Հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքներին»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ: 

3 երկրների ղեկավարների կարծիքով` այս դիրքորոշումը պետք է դիտարկվի որպես միասնական ամբողջություն, քանի որ ցանկացած փորձ` առավելություն տալու նշված սկզբունքներից որևէ մեկին, բացառում է հավասարակշռված լուծման ընդունման հնարավորությանը:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Հարությունյանն արջ չունի. ՍԴ-ն հերքում է’
Հաջորդ հոդվածը‘«Կրասնոդարի» տեսանյութը Մարկոս Պիզելիի հետ’