‘ԼՂՀ ԱԺ նախագահը մասնակցում է Եվրոպական ազատ դաշինքի վեհաժողովին’

863

Փետրվարի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, Արցախի  Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը մասնակցել է Եվրոպական ազատ դաշինքի (ԵԱԴ) 12-րդ վեհաժողովին:   Արցախի խորհրդարանի նախագահը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաք է ժամանել նախօրեին՝ ԵԱԴ քաղաքական ղեկավարության հրավերով: Լիագումար նիստի քննարկումների ժամանակ, որը նվիրված էր մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, ԼՂՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ուղին, ընդգծելով, որ 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն կազմակերպվել և ընթացել է գործող օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերին  համապատասխան, որը կարելի է առաջին հաջողված դեպքը համարել Եվրոպայի տարածքում:

Նախատեսվում են Ա. Ղուլյանի հանդիպումները Եվրոպայի ազատ դաշինքի նախագահության (բյուրոյի) անդամների հետ, ինչպես նաև ԵԱԴ կազմի մեջ մտնող մի շարք եվրոպական կուսակցությունների ղեկավարների հետ: Եվրոպական ազատ դաշինքը Եվրոպական քաղաքական կազմակերպություն է, որը միավորում է քաղաքական ինքնիշխանության կամ իրենց երկրի ու տարածաշրջանի ինքնակառավարմանը ձգտող տարբեր եվրոպական կուսակցությունների։ Դաշինքը ինքնորոշման իրավունքի ջատագովներից է և պաշտպանում է իրենց ապագան տնօրինելու ժողովուրդների իրավունքը: Ինքնորոշման իրավունքն առանցքային տեղ ունի ԵԱԴ-ի ծրագրում և գաղափարախոսության մեջ։ Եվրոպական ազատ դաշինքի կազմում են մոտ 40 ազգային, տարածաշրջանային և ինքնավար կուսակցություններ Եվրամիության ավելի քան 17 երկրներից, որոնք ներկայացնում են պետականություն չունեցող ժողովուրդներին, Եվրոպայի ավանդական  փոքրամասնություններն ու տարածաշրջանները։ Այդ երկրների շարքում են Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան և այլն։ ԵԱԴ–ն ներկայացված է Եվրախորհրդարանում՝ 7 անդամով, որոնք Եվրախորդարանի թվով չորրորդ քաղաքական միավորի՝ Կանաչների խմբակցության մաս են կազմում:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

 

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն չի բացառում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման. Տեսանյութ’