‘ԼՂՀ ԱԺ նախագահի և ԼՂՀ վարչապետի ամանորյա ուղերձները ‘

3667

ԼՂՀ ԱԺ նախագահի և ԼՂՀ վարչապետի ամանորյա ուղերձները

ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորել է  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.

«Թանկագին հայրենակիցներ,
2012 թվականը դառնում է պատմություն՝ մեր հիշողության մեջ մնալով որպես Շուշիի ազատագրման, ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակի հոբելյանական եւ Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական 5-րդ ընտրությունների տարի։
2013 թվականին կբոլորի Արցախի ինքնուրույնության եւ ազատության համար մեր պայքարի քառորդ դարը: Լրանում է 25 տարին, ինչ մենք ապրում ենք արժանապատվորեն: Միաժամանակ կրում ենք սեփական ճակատագրի համար պատասխանատվություն:
Մեզ հաջողվել է համազգային միասնության շնորհիվ քսաներորդ դարավերջին կյանքի կոչել ազատ ու անկախ ապրելու մեր նախնյաց նվիրական իղձերը, դիմակայել ու հաղթահարել մեզ պարտադրված դաժան պատերազմի արհավիրքները, հաստատել ու կառուցել ինքնիշխան և ինքնաբավ պետություն՝ իր բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով։
Չեմ կարող խոնարհումի իմ խոսքը չասել ի հիշատակ Արցախի ազատության համար նահատակվածների: Միաժամանակ, շնորհավորանքս առաջին հերթին ուղղում եմ նրանց ընտանիքներին` մայրերին, կանանց, զավակներին:
Վստահ եմ, որ Նոր տարվա գիշերը մեր օջախներում նորից են հնչելու մեր երկրի սահմանները հսկող զինվորներին եւ նրանց հրամանատարներին ուղղված օրհնանքն ու բարեմաղթանքները:
Մենք համոզված ենք՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու մեր ժողովրդի պայքարն օրինական է ու արդարացի և, որպես այդպիսին, անպայման ենթակա է ու արժանի միջազգային ճանաչման։
Ու թող 2013 թվականը երջանիկ տարի լինի մեզ համար, լինի կայուն խաղաղության, նոր հաջողությունների, բարօրության տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»

 

ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը նույնպես ամանորյա ուղերձ է հղել.

«Սիրելի արցախցիներ,
Սրտագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ: Իմ առաջին մաղթանքն է, որ Դուք լինեք առողջ ու ապահով և Ձեր կյանքի նոր տարին նշանավորվի բարի իրադարձություններով: Ուզում եմ հավատալ, որ նախընթաց 12 ամիսներին մեր ազգաբնակչության գերակշիռ մեծամասնությունը շարժվել է առաջընթացի ճանապարհով` հայրենի տարածքում կերտելով իր երջանկությունն ու ապագան: Իմ ղեկավարած կառավարության և անձամբ ինձ համար սկզբունքային ու պատվի հարց է, որ յուրաքանչյուր արցախցի ապրելու և աշխատելու բավարար, ավելին` ժամանակակից պայմաններ ունենա և նրա անձնական հետաքրքրությունները մշտապես զուգորդված լինեն պետական ու ազգային շահերին:

Մենք մեծապես կարևորում ենք սոցիալական արդարության, անհատի ինքնադրսևորման, ժողովրդավարության խորացման պահանջները: Շատ հարցեր ունենք կարգավորելու 2013 թվականին: Ես համոզված եմ, և այդ համոզմունքով ուզում եմ վարակել մեր քաղաքացիներին, որ պետության և հասարակության, ամենատարբեր կառույցների և անհատների միջև փոխվստահության ամրապնդմամբ մենք ի զորու ենք լուծելու մեր բոլոր կենսական խնդիրները:

Թանկագին հայրենակցիներ, խաղաղություն և բարեկեցություն եմ մաղթում Ձեզ, կամենում, որ Ձեր ընտանիքներում իշխեն համերաշխությունն ու երջանկությունը և մանկական ծիծաղով լիացած լինի Ձեր տան յուրաքանչյուր օր», ասվում է ԼՂՀ վարչապետի շնորչհավորական ուղերձում:

Ամանորի և Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ Արա Հարությունյանը իր ջերմ շնորհավորանքներն է հղել նաև Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հայությանը՝ նրանց մաղթելով ամենայն բարիք և միասնական ոգի` համազգային նշանակության բոլոր ձեռնարկումներում:

«Աստված պահապան մեր սիրելի Արցախին և հայ ժողովրդին: Ուրախ Ամանոր Ձեզ և Սուրբ Ծնունդ», — ուղերձը եզրափակում է ԼՂՀ վարչապետը:

Նախորդ հոդվածը‘Facebook-յան արձագանքներ. Պոեմ հերոսական, վերնագիրը` գորՁ արեք… ‘
Հաջորդ հոդվածը’46 որդեգրված ռուսաստանցի երեխաներ հակաամերիկյան օրենքի պատճառով ԱՄՆ չեն գնա ‘