‘ԼՂՀ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել’

1826

Ապրիլի 2-ին խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Օրակարգում ունենալով մեկ հարց՝ ԼՂՀ Ազգային ժողովը հայտարարություն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 2-ի նախահարձակ գործողության վերաբերյալ: 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

Հրադադարից հետո տարիներ շարունակ Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը քայլ առ քայլ տարածաշրջանը դարձնում է ռազմական գործողությունների թատերաբեմ: Ապրիլի 2-ին Ադրբեջանն աննախադեպ լայնածավալ հարձակում ձեռնարկեց՝ հարվածելով ոչ միայն Արցախի ռազմական օբյեկտներին, այլև խաղաղ բնակավայրերին, որի հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին խաղաղ բնակիչներ, այդ թվում անմեղ երեխաներ:

Ադրբեջանի իշխանությունների կողմից նախաձեռնված այս ահաբեկչական գործողությունները ոչ միայն ուղղված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության դեմ, այլև հարված են միջազգային անվտանգության համակարգին:

ԼՂՀ Ազգային ժողովը, իր վստահությունն արտահայտելով Պաշտպանության բանակի հմուտ գործողություններին, Արցախի քաղաքացիների և հատկապես սահմանային բնակավայրերի բնակչության բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությանը,

—   համարում է, որ միջազգային հանրությունը, անընդհատ ենթարկվելով պաշտոնական Բաքվի շանտաժին, տարիներ շարունակ իր մոտեցումներով հավասարության նշան դնելով կողմերի միջև՝  շարունակում է ոգևորել Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները,

—   փաստում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անտեսումը հանգեցնում է Ադրբեջանի կողմից սանձարձակ գործողությունների: Ագրեսորին չզսպելը բերելու է տարածաշրջանում անկանխատեսելի հետևանքներով նոր սրացումների, ինչի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ոչ միայն պաշտոնական Բաքվի, այլև նրան սատարող ուժերի վրա:

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-«Տոտենհեմ»` 1:1 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» 1-2․ Մադրիդցիները«Կամպ Նոուում» հաղթեցին(տեսանյութ)’