‘ԼՂՀ ԱԺ-ն ընդունեց 2013թ. պետական բյուջեն. Վարչապետը բացատրեց, թե որն է բյուջեի առաքելությունը ‘

1645

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Ներկա էին կառավարության անդամները, հանրապետական գերատեսչությունների ղեկավարներ՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ, Ստեփանակերտի քաղաքապետը։ Կառավարության լիազորմամբ ներկայացնելով գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերջնական տարբերակը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը հաղորդեց, որ քննարկումների երկրորդ փուլի արդյունքում խորհրդարանից, մասնավորապես, «Դաշնակցություն» խմբակցության և «Արցախատուն» պատգամավորական խմբի կողմից, ստացվել է գործադիրին ուղղված 5 հարցադրում, որոնց վերաբերյալ կառավարության տեսակետները, ինչպես նաև բյուջեում տեղի ունեցող փոփոխությունները, ներկայացվել են խորհրդարան՝ երկրորդ ամփոփաթերթիկի միջոցով։ Նախարարի գնահատմամբ՝ չնայած ներկայացված հարցադրումների մի որոշ մասը կրկնում է նախորդներին, այնուամենայնիվ, բոլոր առաջարկություններն էլ հնարավորինս դրական լուծում կստանան 2013թ. պետբյուջեի շրջանակներում, թեկուզ, ընդհանուր առմամբ, բարձրացված հարցերի լուծումները կառավարությունը տեսնում է ոչ միայն բյուջեի միջոցների հաշվին, այլ նաև ընդգրկվող բարեգործական և այլ ծրագրերի շրջանակներում։

Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ 2013թ. համախմբված բյուջեն եկամուտների մասով կկազմի 71 մլրդ 263.9մլն դրամ, ծախսերի գծով՝ 72 մլրդ 36.1մլն դրամ, պակասուրդը՝ 772.2մլն դրամ։ Նիստում 2013թ. պետական բյուջեի քննարկումների վերաբերյալ ամփոփիչ խոսքով հանդես եկավ վարչապետ Արա Հարությունյանը։ Շնորհակալություն հայտնելով պատգամավորական կազմին՝ բյուջեի նախագծի շահագրգիռ և օգտակար քննարկումների համար, նա նշեց, որ այդ ընթացքում խորհրդարանից կառավարություն է ներկայացվել ավելի քան 50 առաջարկություն, որոնց մի մասն ընդգրկվել է նախագծի վերջնական տարբերակում, իսկ մյուսների վերաբերյալ ներկայացվել է կառավարության սկզբունքային դիրքորոշումը։ Հիշեցնելով, որ Ազգային ժողովում բյուջետային քննարկումների մեկնարկին կառավարությունը ներկայացրել է այն գաղափարական սկզբունքները, նա ընդգծեց, որ դրանց հիման վրա մշակված երկրի զարգացման հիմնական ֆինանսական պլանը պետք է ապահովի ժողովրդի հանդեպ պետության պարտավորությունների կատարումը 2013թ. մասով և նպաստի ԼՂՀ կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագրում ամրագրված արդյունքների ապահովմանը։ «Խորապես գիտակցելով մեր ժողովրդի սոցիալական խնդիրները և հասկանալով դրանց հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ տալու ձեր մտահոգվածությունն ու ցանկությունը,  ուզում եմ նշել, որ կառավարությունն առաջիկա տարվա բյուջեի նախագծի մշակման ժամանակ առաջնորդվել է պետության ծախսային պարտավորությունների աճը տնտեսության զարգացմանը համապատասխանեցնելու սկզբունքով ու ձեզ ներկայացրել հավասարակշռված և իրատեսական բյուջե»,- հայտարարել է ԼՂՀ վարչապետը։ Նրա հավաստմամբ՝ նպատակ ունենալով նվազեցնել ակնկալվող ռիսկերը, կառավարություը չի ստանձնում այնպիսի պարտավորություններ, որոնք իրատեսական չեն, սակայն պարտավորվում է իրականացնել բարեփոխումներ տնտեսության տարբեր ոլորտներում, ինչում էլ կայանում է 2013թ. պետական բյուջեի նախագծի առաքելությունը։ Համաձայն բյուջեի քննարկման կանոնակարգային ընթացակարգի՝ նիստը լսեց նաև պատգամավորական խումբ- խմբակցությունների տեսակետները։ Ներկայացնելով «Արցախատուն» պատգամավորական խմբի դիրքորոշումը, խմբի ղեկավար Գարիկ Գրիգորյանը հաղորդեց, որ խումբը կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին, քանզի համոզված է, որ «բյուջեի կատարման բոլոր հիմքերը կան և այն ընդունելու դեպքում կկարողանանք բավականին վստահ և արդյունավետ աշխատել 2013 թվականին»։

«Դաշնակցություն» խմբակցությունը կողմ է քվեարկելու ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի նախագծին։ Կարևորելով ծառացած մարտահրավերներին դիմակայելու նպատակով երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական ուղղությունների մշակման գործընթացին հասարակական և քաղաքական ուժերի առավել ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը: Այդ մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը։ «Ժողովրդավարություն» խմբակցությունը, նշեց խմբակցության քարտուղար Վարդգես Բաղրյանը, ընդգծում է պետական բյուջեի մասին օրենքի նախագծի իրատեսական լինելը՝ եկամուտների ու ծախսերի հարաբերակցության կտրվածքով և որոշել է կողմ քվեարկել նրա ընդունմանը։

Բյուջեի նախագծի վերաբերյալ դրական էր նաև «Հայրենիք» խմբակցության տեսակետը։ Ներկայացնելով այն՝ խմբակցության անդամ Վարդգես Ուլուբաբյանը նշեց, որ 2013թ. պետական բյուջեն, ըստ էության, կազմում է կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագրի բաղադրիչ մասը, որն էլ իր հերթին հիմնված է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրի դրույթների վրա։ Նիստում գալիք տարվա բյուջեի վերաբերյալ անձնական տեսակետով հանդես եկավ նաև անկախ պատգամավոր Վահան Բադասյանը։ Նախապես հայտարարելով, որ դեմ է քվեարկելու բյուջեին, պատգամավորը ներկայացրեց իր առարկությունները՝ կապված կենսաթոշակների, առողջապահության համակարգի մատուցած ծառայությունների, պետական ապարատի կազմի մեծության, գյուղատնտեսության բնագավառում տարվող վարկային քաղաքականության, վերանբնակեցման գործընթացի և այլ խնդիրների հետ։ Քվեարկության արդյունքում, «ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն ընդունվեց ձայների 26 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ։

 

Նախորդ հոդվածը‘Անպատասխան նամակ Նիկոլին. Հետ արի Ազատության հրապարակ, Նիկոլ’
Հաջորդ հոդվածը‘Առողջապահության ոլորտում ընդհանուր եկամուտների գումարն աճել է 28,2%-ով’