‘ԼՂՀ ԱԺ-ն փոխեց ԼՂՀ կառավարության կառուցվածքը ‘

1194

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի

6-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը, որը վարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Ինչպես iLur.am-ին փոխանցում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից, նիստի սկզբում Աշոտ Ղուլյանը նախ հրապարակել է  պատգամավորներ Վլադիմիր Կասյանի եւ Զոյա Լազարյանի դիմումները՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ իրենց պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին։

 Նիստում քննարկվել է նաեւ «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն ներկայացրել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Նարինե Նարիմանյանը, ով նշել է, որ առաջարկվող օրինագծի՝ որպես օրենք ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է կառավարության կառուցվածքն օպտիմալացնելու և գործադիր իշխանության կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև որոշ գերատեսչությունների անվանումներն իրենց գործառույթներին համապատասխանեցնելու նպատակով։

Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ այդպիսով ուժը կորցրած են ճանաչվում օրենքի 1-ին հոդվածի 5-րդ և 10-րդ

կետերը, որոնք վերաբերում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և տնտեսական զարգացման նախարարությանը։

iLur.am-ի տեղեկություններով, առաջինի պարագայում աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը վերանվանելու է փոխվարչապետի, որում նշանակվելու է պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, երկրորդի պարագայում նախարարությունը լուծարվելու է:

Միևնույն ժամանակ, առաջարկվել է սոցիալական ապահովության նախարարությունը վերանվանել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ֆինանսների նախարարությունը՝ ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարություն, զբոսաշրջության վարչությունը՝ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության

վարչություն։

ԼՂՀ օրենսդիրներն ընդունել են «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

Լուսանկարում՝ ԼՂՀ կառավարության շենքը

Նախորդ հոդվածը‘Սիրիայի ազատ բանակը հերքել է Ասադի համար գլխագին վճարելու լուրը’
Հաջորդ հոդվածը‘Թողարկվել են նոր հուշադրամներ’