‘ԼՂՀ ԱԺ պատգամավորները Հեռուստամարաթոնի կապակցությամբ համատեղ կոչ են հրապարակել ‘

1021

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցությունները եւ «Արցախատուն» պատգամավորական խումբը կոչով դիմել են հայությանը՝ վաղը մեկնարկելիք «Հեռուստամարաթոն-2013»-ի կապակցությամբ:

Կոչում մասնավորապես ասվում է.

«Նոյեմբերի 28-ին կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնի եզրափակիչ փուլը: Վստահաբար կարելի է ասել, որ այն դարձել է մեր կյանքի կարեւորագույն իրադարձություններից մեկը եւ որին հայ ժողովուրդը նախապատրաստվում է ողջ տարվա ընթացքում: Հեռուստամարաթոնի նշանակությունը ոչ միայն համազգային դրամահավաքն է, այլեւ ժամանակակից մարտահրավերները միասնաբար դիմագրավելու` մեր ժողովրդի ընդհանրական կամքի դրսեւորումը:

Այս տարվա հեռուստամարաթոնը նվիրված է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության ավտոմայրուղու շինարարությանը: Այն կոչված է մեծացնելու մեր երկրի արտաքին հաղորդակցական հնարավորությունները, նպաստելու Արցախի հյուսիսային հատվածի` Մարտակերտի եւ Շահումյանի շրջանների տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ մեղմելու Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ծանրաբեռնվածությունը: Նկատի ունենալով ծրագրի ռազմավարական կարեւորությունը՝ կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը մասնակցել հեռուստամարաթոնին եւ արժանի ավանդ բերել այդ հայրենանվեր գործին:

Հեռուստամարաթոնին մասնակցությունը բոլորիս բարոյական  պարտքն է, իսկ նվիրատվության չափը կախված է յուրաքանչյուրիս հնարավորությունից: Վաղը համայն հայությունը պետք է մեկ անգամ եւս ապացուցի, որ կրողն է համազգային միասնության գաղափարի ու ոգու: Մենք հաղթել ենք պատերազմում, պարտավոր ենք հաղթել նաեւ տնտեսական մրցակցության մեջ: Հեռուստամարաթոնի արդյունքը պետք է դառնա հայության հավաքական պատասխանը մեզ նետված մարտահրավերներին»:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ Բյուջե-2014. Փոփոխություններ են նախատեսվում նաև հարկային դաշտում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 3.100 մլն.դոլար ‘