‘ԼՂՀ. Բերձորում ծեծի են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցները ‘

12542

Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ ավտոերթով դեպի ԼՂՀ շարժվող իրենց անդամները Բերձորում հարձակման են ենթարկվել:

«Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել են ավտոերթի մասնակիցնեի վրա, ծեծի են ենթարկել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: Վիրավորվել է Նոյան Տապան-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ  Հիմնադիր խորհրդարանի անդամները այսօր դեպի ԼՂՀ մեծ ավտոերթ էին կազմակերպել: 

Երթի մասնակիցներից Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ին պատմել է, որ իրենց պարզապես թույլ չեն տվել մուտք գործել ԼՂՀ, ու երբ ավտոերթի մասնակիցները փորձել են ուղեւորվել Հայաստան, նրանց նկատմամբ այնուամենայնիվ ուժ են կիրառել:

«Ոստիկանական մեծ կարգախումբ էր՝ բոլորը զինված, դիմակներով ոստիկաններ էին, ճանապարհը փակել էին, մեզ ասեցին, որ ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ մտնեք Արցախ, մի քանի նախադասություն փոխանակեցինք, հասկացանք, որ անիմաստ է, փորձում էինք վերադառնալ, բայց սկսեցին հարձակվել, ծեծել, ծեծեցին, գետին գցեցին Ժիրայր Սեֆիլյանին, ինձ, մեքենաները ջարդեցին, նպատակը ծեծելն էր», – պատել է Վարուժան Ավետիսյանը:

Նա նշել է նաեւ, որ ոստիկանները ուժ են կիրառել ավտոերթի մոտ 30 մասնակցի նկատմամբ, բերման են ենթարկել հայտնի ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին, հնչել են նաեւ կրակոցներ: «Եվ ոստիկաններ էին եւ խաժամուժ, օդ էին կրակում, հարձակվում մեր վրա, մենք գիտեինք, որ խաժամուժ է հավաքվել, բայց որ ոստիկաններն այդ քայլին կդիմեին, չէինք սպասում, քանի որ մենք պատրաստվում էինք հետ գալ, բայց մարդկանց հրաման էին տվել ջարդուփշուր անել մեքենաներն ու ծեծել մարդկանց: Ով ընկել է ձեռքերը, ծեծել են: Սեֆիլյանը բավականին վնասված էր, ինձ էլ են մահակներով ծեծել, գցել գետնին: Չենք թողնում մտնեք ներս եւ վերջ, ասում էին՝ ռադ եղեք գնացեք, մոտ 40 մեքենա էր»,-պատմել է Վարուժան Ավետիսյանը՝ ավելացնելով, որ հիմա ավտոերթը շարժվում է դեպի Երեւան:

Նախորդ հոդվածը‘Պահուստները կրճատվել են 1/3-ով, տրանֆերները՝ 25%-ով. Կառավարությունը «փող բերելու» ուղիներ է փնտրում ‘
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Բորբոսնած հայրենասերի մեկ օրը ‘