‘ԼՂՀ դատախազություն. Բալասանյանի մտահոգությունները Դատախազության հաղորդագրության հետ կապ չունեն’

2613

ԼՂՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել ի պատասխան ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հայտարարության: Դատախազության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը, 2013 թ. դեկտեմբերի 29-ին իր հանդեպ կատարված մահափորձի առնչությամբ, հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես դժգոհություն է արտահայտում ԼՂՀ դատախազության կայքում մահափորձի վերաբերյալ 05.01.2014թ. տեղադրված հաղորդագրության առթիվ:

Դատախազությունը ԼՂՀ Սահմանադրությամբ և «Դատախազության մասին» ԼՂՀ  օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն իրականացնելով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, հիմք ընդունելով մահափորձի առնչությամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև ապահովելով դատախազության թափանցիկ գործելաոճը, ԼՂՀ Քրեական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի /Նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը/ պահանջների լիարժեք պահպանմամբ, հանրային իրազեկման է ներկայացրել համապատասխան հաղորդագրություն` նույն տեքստում միաժամանակ ծանուցելով, որ հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության  օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` ուժի մեջ մտած դատավճռով:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ վերոհիշյալ հաղորդագրությունից բացի, ԼՂՀ դատախազության կայքում տեղադրվել են նաև մահափորձի կատարման մեջ կասկածվող անձանց կողմից կատարված այլ հանցագործությունների մասին հաղորդագրություններ:

Վ. Բալասանյանը հայտարարության մեջ մտահոգություն է հայտնում նաև «ժողովրդի մեջ իր անձի վերաբերյալ պտտվող  տարբեր վարկաբեկիչ լուրերի» առնչությամբ, որը, սակայն, ոչ մի կապ չունի ԼՂՀ դատախազության վերոհիշյալ հաղորդագրության հետ:

ԼՂՀ դատախազությունը վերահաստատում է իր վճռականությունը` օրենսդրությամբ վերապահված  լիազորությունների  շրջանակում ապահովելու նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը: 

 

Նախորդ հոդվածը‘Երևանում «սուր էկզոգեն թունավորում, անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ 5 անձ տեղափոխվել է հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘Հոգեւորականները հանդարտեցնում են բախումները «Բերկուտի» մարտիկների եւ ցուցարարների միջեւ (Ֆոտոշարք)’