‘ԼՂՀ խորհրդարանն ընդունել է 2015-ի պետբյուջեն’

996

Արցախի օրենսդիր մարմինն ընդունել է հանրապետության 2015-ի պետական բյուջեն, տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունը:  

ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը ներկայացրել է բյուջետային՝ օրենսդիր-գործադիր քննարկումների երկրորդ փուլով գրանցված առաջարկություններն ու պատասխանները, խորհրդարանի հաստատմանը ներկայացնելով «ԼՂՀ 2015թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերջնական տարբերակը ( եկամուտներ՝ 83,246.3մլն դրամ, ծախսեր` 88,127.6մլն դրամ եւ դեֆիցիտը՝ 4,881.3 մլն դրամ):
Վարչապետ Արայիկ Հարությունյանը եզրափակիչ ելույթում ներկայացնելով պետական բյուջեով նախատեսվող հիմնական ծրագրային ուղղություններն ու գերակայությունները՝ ընդգծել է, որ 2015 թվականը կլինի  սոցիալական աջակցման տարի։
Այնուհետեւ լսվել են Ազգային ժողովի՝ պատգամավորական խմբակցությունների տեսակետները՝ գալիք տարվա պետական ֆինանսական գլխավոր փաստաթղթի վերաբերյալ:
Խորհրդարանը նախ ընդունեց ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի  նախագիծն ուղեկցող՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների  մասին» եւ դրա հետ կապված օրենքների փաթեթը,  «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները, ապա 29 կողմ եւ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը:

Նիստի ավարտին խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի աշխատանքները՝ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր հղելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ քաղաքացին փորձել է հատել Թուրքիայի սահմանը’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Ս.Սարգսյանն ու իրեն քծնողները նման քայլերով ավելի են մոտեցնում իշխանափոխությունը ‘