‘ԼՂՀ նախագահ. Անհրաժեշտ է նոր որակ հաղորդել Արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը ‘

940

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր, հոկտեմբերի 4-ին, ուղերձ է հղել Երեւանում մեկնարկած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներին: Ինչպես ilur.am-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, ուղերձում ասված է.

«Ողջունում եմ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի բոլոր մասնակիցներին:

Լրագրողների համահայկական համաժողովները բարի ավանդույթ են դարձել մեր իրականության մեջ: Ուրախալի է, որ նախորդ՝ 5-րդ համաժողովը, տեղի է ունեցել Արցախում:

Լրատվությունը հանդիսանում է ռազմավարական կարեւորություն ունեցող այն ասպարեզներից, որն առնչվում է պետության կենսագործունեության բոլոր ոլորտներին: Մեզ համար այն նաեւ աշխարհասփյուռ հայության միասնականության ամրապնդման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի խորացման ու ընդլայնման, հայ ազգային ինքնության պահպանման առանցքային միջոցներից մեկն է, որի դերակատարությունը արդի համաշխարհայնացման պայմաններում դժվար է գերագնահատել:

Այս տեսանկյունից հատկապես կարեւոր է համայն հայության ջանքերի համախմբումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում: Աշխատանքներն այս ուղղությամբ պահանջում են սերտ համագործակցություն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի քաղաքական, լրատվական, գիտակրթական, վերլուծական եւ այլ շրջանակների միջեւ: Անհարժեշտ է նաեւ կայուն կապ հաստատել տարբեր պետությունների լրագրողների եւ ԶԼՄ-ների հետ:

Ակնհայտ է, որ ցեղասպանությունների կանխման համար անհրաժեշտ է ոչ միայն նման ոճիրների փաստի ճանաչումը, այլեւ ցեղասպանության քաղաքականության դատապարտումը եւ գործնական քայլերի մշակումը նրանց բացառման ուղղությամբ: Այս առումով անհրաժեշտ է նոր որակ հաղորդել Արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը եւ Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյաց քաղաքականության դատապարտման գործընթացին:

Վստահ եմ, որ համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները եւ կնպաստի տեղեկատվական ոլորտում գործնական կապերի զարգացմանը:

 Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, նրա մասնակիցներին` հաջողություններ եւ ամենայն բարիք»:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի իշխանությունները Խորհրդարանին խնդրել են թույլ տալ ռազմական գործողություններ ծավալել երկրի սահմաններից դուրս’
Հաջորդ հոդվածը‘Քարվաճառում խմելու ջրի մագիստրալի խողովակներն արդեն տեղադրվել են ‘