‘ԼՂՀ-ն դիմել է Կարմիր Խաչին եւ կանի ամեն ինչ զոհված օդաչուների դիերը հայրենիք վերադարձնելու համար’

1241

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին` միջնորդելու ուսումնավարժական թռիչք կատարելու ընթացքում ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմին հայկական կողմին հանձնելու հարցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն ասաց, որ իրենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին դիմել են առավոտյան, իսկ ընթացիկ այլ հարցերով զբաղվում է այլ գերատեսչություն: Հակոբյանը հավաստիացրեց, որ արվելու է ամեն ինչ, որպեսզի զոհված երեք օդաչուների դին վերադարձվի հայրենիք:

«Քանի որ ուղղաթիռը ընկած է ադրբեջանցիների դիրքի մոտ, մերոնք չեն կարողացել մոտենալ մեր անձնակազմին: Այդ կապակցությամբ ԼՂՀ ՊԲ-ն պաշտոնապես արդեն դիմել է Կարմիր խաչին, որպեսզի որպես միջնորդ հանդես գա և միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան կարողանանք հարցը կարգավորել»,- ասաց Մովսես Հակոբյանը` հավելելով, որ երեկվա դեպքի առթիվ ընթանում է քննություն: Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, Մովսես Հակոբյանն այն բնութագրեց «ամենօրյա»` հավելելով, որ սահմանին կանգնած զինվորը գիտակցում է իր դերակատարությունն ու պատվով կատարում է իր առաքելությունը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպը դատապարտել է ուղղաթիռի խոցման փաստը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Եթե Ղարաբաղը բանակցային կողմ լիներ, ամեն ինչ այլ կերպ կլիներ ‘