‘ԼՂՀ-ում թոշակները չեն ավելացնի, քանի որ Հայաստանում չեն ավելացնում ‘

985

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության նիստ` պետբյուջե-2013-ի ձևավորմանն առնչվող հարցերի օրակարգով: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունից:

ԼՂՀ-ի գալիք տարվա ֆինանսական հիմնական փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկավ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը: Ներկայացնելով «ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի  նախագիծը` նա հրապարակեց նախանշվող  գլխավոր թվերը. եկամուտներ`շուրջ 70 մլրդ 294 մլն դրամ, ծախսեր` 71 մլրդ 50 մլն դրամ, պակասուրդ` մոտ 756 մլն դրամ: Ֆինանսական այդ չափաբաժիններով պետք է գործի երկիրը հաջորդ տարի: «Դրանք դեռ վերջնական որոշակի ցուցանիշները չեն: Խորհրդարանը ևս պետք է իր խոսքն ասի, սակայն սպասվող ֆինանսական ընդհանուր տեղաշարժը 2013-ին լինելու է վերոնշյալ սահմաններում: Ս.Թևոսյանը ի մասնավորի շեշտել է, որ բյուջեի նախագիծը կազմվել է ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրում արտահայտված  հիմնական դրույթների և կառավարության գործունեության ծրագրի հիման վրա: Փաստաթղթի պատրաստման ժամանակ որպես գլխավոր նպատակակետեր են նկատի առնվել հանրապետության տնտեսական զարգացումը, բնակչության բարեկեցության բարձրացումը և երկրի պաշտպանության ամրապնդումը: Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի փոխանցմամբ` հաջորդ տարի նախատեսվում է 9% տնտեսական աճ, կաճեն սեփական եկամուտները: Բյուջեի 25,4%-ը կուղղվի  սոցիալական կարիքներին, որը բարձր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատությամբ: Ֆինանսական բավարար հնարավորություններ են ստեղծված` հաջողությամբ շարունակելու նախկինում սկսած պետական ծրագրերը և ձեռնամուխ լինելու նոր նախագծերի իրագործմանը: Առաջիկա հունվարի 1-ից հանրապետությունում որպես նվազագույն աշխատավարձ կսահմանվի ամսական 35 հազար դրամը` գործող 32,5 հազարի փոխարեն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նիստում պետբյուջե-2013-ի առնչությամբ հակիրճ իր նկատառումներն է հայտնել վարչապետ Ա.Հարությունյանը: Նա նկատել տվեց, որ նախագծում ծախսերի մասով շոշափելի բարձրացումներ չեն նախատեսված, հիմնական միջոցները կուղղվեն տնտեսության զարգացմանը և դեֆիցիտի կրճատմանը: Պարզաբանվեց, որ հանրապետությունում աշխատավարձերը և թոշակները հիմնականում կմնան անփոփոխ, ինչը պայմանավորված է ՀՀ-ի հետ միասնական քաղաքականություն վարելու թելադրանքով:

 

Նախորդ հոդվածը‘Երեւանում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը’
Հաջորդ հոդվածը‘Բնապահպանության նախարարությունը իրենց ներքին գործերին միջամտելու փորձ է որակել հիմնադրամների հայտարարությունը ‘