‘ԼՂՀ-ում կսուբսիդավորեն բնակչության կողմից սպառվող էլ.էներգիայի ծախսերի մի մասը’

869

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը: Հայտնում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը:

Նիստում հաստատվեց տնտեսական զարգացմանն ուղղված 2014 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը: Նախատեսված 30 մլն դրամով աջակցություն կցուցաբերվի տնտեսական համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպմանը, կվերազինվի սննդամթերքի փորձարկման լաբորատորիան  և այլն:

Էլեկտրական էներգիայի նախկին և գործող սակագների տարբերության փոխհատուցումից ելնելով` այսօր ընդունած որոշմամբ, պետությունը կսուբսիդավորի բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի մի մասը (ցերեկային սակագնի համար 13, իսկ գիշերայինի համար` 8 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը):

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքում և քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքում ներկայացված փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կանանց և տղամարդկանց համար սահմանել միևնույն ամուսնական տարիքը` 18 տարեկան: Միաժամանակ,  կնոջ և տղամարդու համար հավասարապես սահմանվում են ամուսնական տարիքի բացառություններ. մասնավորապես, անձը կարող է ամուսնանալ նաև 17 կամ 16 տարեկանում, եթե առկա է վերջիններիս ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը և եթե զույգերից մեկը 18 տարեկան է: Օրինագծերը կներկայացվեն Աժ-ի  քննարկմանը:

Նախորդ հոդվածը‘Audi-ի չբացված օղակով գովազդը ֆեյք» էր’
Հաջորդ հոդվածը‘Ֆիդել Կաստրոյի լուսանկարներից ջնջել են լսողական սարքը’